ՆՈՐ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՐԱԽԱՆՈՒԹ. ԳՐԱԲՈՒՍԸ ՇՐՋԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐՈՎ

    ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանի մշակութային հիմնադրամի հետ փետրվարի 19-ից (Գիրք  նվիրելու օրը)   սկսել  է նոր ծրագիր՝ Գրաբուս (գրքի  շարժական  ավտոբուս):  Հիմնադրամի նախագահ Մանուկ Նիգոյանի խոսքով դա Հայաստանի առաջին շարժական գրախանութն է: «Գրաբուսն արտաքին ու ներքին կահավորմամբ  ունի գրախանութի տեսք: Դրա նպատակը գրքերը մարդկանց հասանելի դարձնելն է»: 
    Մարդիկ կարող են ձեռք բերել գրեթե բոլոր  հրատարակչությունների գրքերը մինչև 50 տոկոս զեղչով, իսկ շարքերը  բազմազան են՝ հայ հեղինակներ, մասնագիտական,   մանկական  ու արգելված գրականություն: 
    «Oտար գիրք» շարքում էլ ներկայացված է թարգմանական գրականության ողջ ցանկը. դրանք  մի փոքր թանկ են, որովհետև  գնված է հեղինակային իրավունքն ու թարգմանված: Գրական դաշտը լեփ-լեցուն է, ընթերցողին մնում է միայն կարդալ ուկարդալ»,- նշեց նախաձեռնության անդամ Ազնիվ Մուրադյանը:
    Իսկ այն հարցին, թե արդյոք գոհ են վաճառքից ու ընթերցասերների արձագանքից, Հայաստանի մշակութային հիմնադրամի նախագահ Մանուկ Նիգոյանը պատասխանեց. «Հաշվի առնելով երևանյան շքերթը՝  հանրությունըկարդում է. 7 ժամվա ընթացքում Երևանում վաճառվել է մի քանի հարյուր կտոր  գրականություն: Մենք ունենք նաև մի ծրագիր՝«Խորհուրդ են տալիս հայտնիները», որը ևս կնպաստի գրքի տարածմանն ու նոր ընթերցողների ներգրավմանը»:
    Ընթերցողներից մեկն էլ նշեց, որ շատ դեպքերում գիրքը ոչ թե կարդում են, այլ  հրապարակում ու տարածում են սոցցանցերում  նորաձև ու խելացի երևալու համար. «Ճիշտ է, դա էլ գրքի տարածման ձևերից մեկն է, բայց, ցավոք, հրապարակվածներից ոչ բոլորն են կարդում այդ գրքերը»,- ասաց Շուշան Բոյախչյանը:
    Գրաբուսը  հետագայում հայտնվելու է  նաև  Հայաստանի մյուս քաղաքներում, և ընթերցողները հնարավորություն կունենան  ձեռք բերել գրքերն ավելի մատչելի, քան վաճառվում է երևանյան  գրախանութներում:  
    «Գրաբուսը կշրջի այնքան, քանի դեռ մարդիկ  կգան գրաբուսի հետևից, կհայտնվեն գրաբուսում»,- հավաստիացրեց Մանուկ Նիգոյանը:  

                                                                                                       Անահիտ Հարությունյան
  • Created on .
  • Hits: 2744

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: