Компоненты, модули, шаблоны и другие Расширения Joomla

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Ստեղծվել է՝ Երեքշաբթի, 23 Մայիս 2017 Հեղինակ՝ cultural
    «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» այս խորագրով թանգարանները նախապատրաստել էին տարբեր ցուցադրություններ ու միջոցառումներ:
    Գյումրիում այս ընթացքում ամենամարդաշատը «Վարպետաց» փողոցն էր, որտեղ գտնվում են Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի, Մհեր Մկրտչյանի թանգարանները:
    «Թանգարանային գիշեր» կազմակերպվում է արդեն մի քանի տարի: Օրինակ՝ անցյալ տարի աննախադեպ այցելությունների թիվ ունեցանք՝ մոտ 2900 այցելու. մեզ թվում էր, թե արտագաղթը կարող է ազդել կամ նախորդ տարիներին արդեն տեսել են ցուցանմուշները ու գուցե քիչ լինեն այցելուները, բայց ամեն տարի զարմանալիորեն ավելանում են. սա կարծես դարձել է ավանդույթ,- նշում է Ավ. Իսահակյան թանգարանի գիտաշխատող Սուսաննա Մնացականյանը:
    Թանգարանների այցելուները ոչ միայն ծանոթանում էին ցուցադրություններին, մասնակցում միջոցառումներին, այլև երգում կամ պարում էին՝ ամբողջացնելով մշակութային միջոցառումները: Իսկ Հովհանես Շիրազի հուշատուն-թանգարանում Շիրազի դիմանկարի ցանցապատկերն էին պատրաստել, որի վրա ամեն այցելու մի կոճգամ էր ավելացնում ու հիշում շիրազյան տողերը: Կեսգիշերին արդեն մայրապաշտ բանաստեղծի պատկերը պատրաստ էր:
    «Աշխատում ենք նոր բաներ պատմել Շիրազի մասին, ներկայացնել բանաստեղծի կյանքն ու դեռ շատերին անհայտ փաստերը: Փորձում ենք հետաքրքրական դարձնել թանգարանային այցելությունները,- նշեց թանգարանի էքսկուրսավար Նարինե Խաչատրյանը, ով Շիրազի մեծ քրոջ՝ Գոհարի թոռնուհին է:
    Գյումրու «Ստիլ» ցուցասրահում ներկայացվեցին հայ արվեստագետների 80-90-ական թվականների ստեղծագործությունները, որոնք կարևոր համարեցին գեղանկարիչները: Գյումրիում չկա պատկերասրահ, բայց որոշ ցուցանմուշների գոնե կարելի է ծանոթանալ նման փոքր ցուցադրությունների ժամանակ:
    Հարկ է նշել, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ «Թանգարանային գիշեր» ծրագրի միջոցառումների ցանկը մի փոքր աղքատիկ էր, քիչ էին նոր ցուցադրություններն ու լուծումները, ինչը նկատվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից: Վերջինս հանձնարարեց թանգարանների տնօրեններին թարմություն ու նորարական մոտեցում ցուցաբերել այս հարցում: Իսկ արվեստաբան Արաքս Մարգարյանը, գնահատելով «Թանգարանային գիշեր» միջոցառումները, շեշտեց. «Հիմնական խնդիրն այն է, որ մշակույթի զարգացման կոնցեպցիան հնի վրա նորը կառուցելն է: Մենք իբրև գյումրեցիներ սիրում ենք ավանդականը, բայց աշխարհը առաջ է շարժվում: Գյումրեցին ընկալում է նորը, թարմը, բայց պետք է կարողանանք չշեղվել դասական արվեստից և նորը կառուցենք դասականի վրա. միտում կա  շեղվելու ավանդականից, քանի որ կոնցեպտուալ արվեստը ավելի լավ է վաճառվում, և արվեստագետը դրանով է հաջողությունների հասնում: Պետք է գտնել հնի ու նորի կապը. դա անհրաժեշտ է»:


                                                                                                             Անահիտ Հարությունյան
Դիտումներ: 1049