HAY-AT JAZZ. ՋԱԶԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԲԱԿԵՐՈՒՄ

 «Գյումրիում չենք ասում բակ, այլ ասում ենք հայաթ: Հայաթ բառի ծագումը թուրքական է, և որպեսզի քննադատության չարժանանանք, դիմեցինք անգլերենի օգնությանը: Եթե HAY-AT JAZZ-ը թարգմանենք կստացվի հայը  ջազում կամ ջազը բակում»,- մեկնաբանեց HAY-AT JAZZ նախագծի ներկայացուցիչ Լիլիթ Թովմասյանը:

Նախագիծը «Մանուկյան ընկերության» և «Ջազի հայկական ասոցիացիայի» համագործակցության արդյունքում է ծնվել` նպատակ ունենալով երաժշտական այս ոճը ավելի հասանելի դարձնել: Մեկնարկը տրվելու է ջազ երաժշտության միջազգային օրը` ապրիլի 30-ին: Կազմակերպիչները որոշել են միայն մեկ օրով չբավարարվել ու շարունակել «հայաթային» ջազը ևս մի քանի օր:

4 օր շարունակ գյումրեցիները հնարավորություն կունենան վայելելու «Մալխաս»  ջազ բենդի, «Չիկոյի նոր տրիոյի» և Աննա Կոստանյանի, «Արմեն Հյուսնունց» քառյակի, «Լուսինե Սարգսյան և Ռաֆայել Պետրոսյան» բենդի կատարումները:

Ջազային բակերի ընտրությունը պատահական չէ: Ջազը կհնչի Հ. Շիրազի և Ավ. Իսահակյանի թանգարանների, Ասլամազյանների պատկերասրահի, Ժողովրդական ճարտարապետության ու կենցաղի թանգարանի բակերում:

«Համերգ գալով` հնարավորություն կունենան նաև մտնել թանգարան, հայ մեծերի հետ ծանոթանալ կամ նորից հանդիպել»,- նշեց ծրագրի նախաձեռնող Մկրտիչ Մանուկյանը: Նա նաև հավելեց, որ Գյումրիում կան ջազի սիրահարներ, բայց նրանց թիվը մեծ չէ: Այս նախաձեռնությամբ ջազը փորձելու են հասանելի դարձնել շատերին:

1980-ականներին Գյումրին ունեցել է իր ջազ բենդը, որը կոչվել է «Ծիծեռնակ»: Նոր բենդ ստեղծելու և ջազային մթնոլորտ ձևավորելու համար մի քանի տարի առաջ Մկրտիչ Մանուկյանի նախաձեռնությամբ ստեղծվել էր մեկ այլ ծրագիր:

«Վահագն Հայրապետյանի հետ փորձեցինք «Ջազը և Գյումրին» նախագիծը կյանքի կոչել: Մի քանի մեծ ջազային համերգներ կազմակերպեցինք: Վերջինը Տաթևիկ Հովհաննիսյանի ելույթն էր Գյումրիում: Հրատարակվեց «Ջազ ինֆո» թերթը: Նախաձեռնեցինք նաև ջազային ակումբ բացել, բայց քչերը հետաքրքրվեցին, ու ակումբը չկարողացավ գոյատևել: Գյումրին դեռ ջազ չի լսում, մենք ուզում ենք, որ Գյումրին ջազ լսի»,- ոգևորությունը դեռ չկորցրած նշեց ջազի նվիրյալ երկրպագու Մկրտիչ Մանուկյանը:

Հենց այդ պատճառով էլ «Ջազը բակում» կարող են լսել բոլորը, մուտքն անվճար է:

Անահիտ Հարությունյան
  • Created on .
  • Hits: 3099

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: