«ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԻՄ ՈՒ ՀՈՐՍ ԲԱՆԱՎԵՃԵՐԸ ՄԻԱՅՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՇՈՒՐՋ ԵՆ»․ՎԱՀԵ ԱՐՍԵՆ

Ստեղծվել է՝ Ուրբաթ, 21 Ապրիլ 2017 Հեղինակ՝ cultural
 Թարգմանիչ, արձակագիր Արամ Արսենյանն այս տարի արդեն հասցրել է երեք գիրք ներկայացնել ընթերցողին: Նրա թարգմանությամբ լույս են տեսել Ջոն Ստայնբեքի «Ցասման ողկույզները» և Փիթեր Սուրյանի «Լավագույնը և վատթարը ժամանակներից» վեպերը, երրորդն արդեն իր պատմվածքների ու պիեսի «Աղե լեռ» ժողովածուն է:                                                                                                                                                   

Վերջին երկուսն ապրիլի 21-ին ներկայացվեցին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում՝ Արամ Արսենյանի ծննդյան 65-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ:

30-ից ավելի գեղարվեստական գրքերի թարգմանիչ Արամ Արսենյանը Cultural.am-ի հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր գործ թարգմանելիս հետաքրքիր զգացողություններ է ունենում:

«Թարգմանելիս մտնում եմ գրքի էության մեջ: Ինձ համար շատ դժվար, տառապալից էր Լևոն Զավեն Սյուրմելյանի «98.6°» վեպը թարգմանելը, որովհետև այնտեղ թոքախտով հիվանդի ապրումներն են, պայքարը կյանքի համար: Դժվար էր նաև Ստայնբեքի «Ցասման ողկույզները» թարգմանելը, որովհետև մտա նրանց կյանքի մեջ, որն ինձ շատ մոտ թվաց այսօրվա մեր կյանքին:

Շատ հաճելի էր Դեյվիդ Հերբերթ Լորենսի «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» վեպը թարգմանելը. այդտեղ առնչվեցի գրականության մեջ նոր ուղղություն բերած հեղինակի հետ: Շատ բարդ էր Լևոն Զավեն Սյուրմելյանի «Արձակի տեխնիկա. չափ և խենթություն» գիրքը թարգմանելը․ բարձր մակարդակի գրականագիտական աշխատանք է»,- ասաց մեր զրուցակիցը:

Արսենյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին բավականին բարձր որակի թարգմանություններ են արվում: Իհարկե լինում են նաև անհաջող թարգմանություններ, բայց դա, ըստ նրա, բնական է. «Ցանկացած գործընթաց ունի իր բարդությունները, վերելքներն ու վայրէջքները»:

Քանակական առումով թարգմանական գրականության պակաս շատ կա: Թարգմանիչը կարծում է, որ այդպես էլ պիտի լիներ։

 «Օտարալեզու գրքերն այնքան շատ են, որ մեր փոքրիկ պետությունն իր հնարավորություններով չի կարող դրա թեկուզ փոքր մասը հայացնել, դարձնել հայ ընթերցողի համար հասանելի: Բարդ խնդիր է նույնիսկ մեծ պետությունների համար: Դրա համար աշխատում եմ թարգմանել հիմնականում այն գրքերը, որոնք կամ խիստ բարձր գեղարվեստական արժեք ունեն, կամ ինչ-որ կերպ սերտորեն առնչվում են մեր մշակույթին, պատմությանը»,- ընդգծեց Արամ Արսենյանը:

Առաջիկայում (հավանաբար եկող տարի) նրա թարգմանությամբ կտպագրվի Սալման Ռուշդիի «Կեսգիշերի զավակները» մեծածավալ վեպը:

Մեր զրուցակցի խոսքով՝ թարգմանական գործն այնքան ժամանակատար է, որ ամեն օր այն թողնելու ցանկություն է ունենում:

«Շատ քիչ ժամանակ է մնում ստեղծագործելու համար, բայց էլի շարունակում եմ թարգմանել: Երբեմն-երբեմն ժամանակ եմ գողանում, որ կարողանամ գոնե փոքր մի բան գրել»,- նշեց արձակագիրը:

«Ես շատ եմ կարևորում, որ թարգմանիչը թարգմանի հեղինակին, այլ ոչ թե իրենից հորինի ինչ-որ բաներ, որովհետեւ այդպես լավ է հնչում: Այդպես չի լինում թարգմանություն: Թարգմանում են կոնկրետ հեղինակին, որի լեզվամտածողությունը, լեզվաոճական առանձնահատկությունները անպայման պետք է երևան: Եթե չեն երևում, ուրեմն թարգմանություն չէ:

Հայրս ժամերով, օրերով կարող է մեկ բառի վրա մտածել, որովհետև որևէ կերպ չի ուզում կտրվել բնագրից. Ստայնբեքը, Հարփըր Լին և մյուսները բնագրում են երևում»,- հոբելյանական միջոցառման ժամանակ ասաց Արամ Արսենյանի որդին՝ բանաստեղծ, թարգմանիչ Վահե Արսենը:

Նրա խոսքով՝ իրենց մոտեցումներն այս կամ այն հարցին երբեմն շատ տարբեր են, միշտ չէ, որ համակարծիք են լինում, հաճախ նաև բանավիճում են բառի, նախադասության ընտրության և այլնի հետ կապված։

 «Բայց ես երջանիկ եմ, որովհետև վաղուց նկատել եմ, որ մեր բանավեճերը միայն հայոց լեզվի շուրջ են: Հայրս մոտեցումներ ունի, որոնք իրոք բացառիկ են»,- նկատեց Վահե Արսենը:

Սիրանուշ Հայրապետյան
Դիտումներ: 1697