9-ՐԴ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՓԱՌԱՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

 Ապրիլին կմեկնարկի երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Այս տարի այն  նվիրված է լինելու  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  Գյումրու մասնաճյուղի  հիմնադրման 20-ամյակին:

Փառատոնում նոր անվանակարգ է ավելացել ի հիշատակ Ա.Վ. Ալեքսանդրովի  անվան  զինվորական անսաբլի  զոհված երգիչների:

Ինչպես նշում է  մրցույթ-փառատոնի  գլխավոր համակարգող Ռիտա Աղայանը, ապրիլին կայանալիք թվով 9-րդ  փառատոնի շրջանակներում Գյումրին հյուրընկալելու է  մոտ 2500  հայտնի երաժիշտների ու մասնակիցների աշխարհի տարբեր անկյուններից:

«Հայտեր ենք ստացել 37 երկրից:  Ինչպես միշտ ամենաշատ հայտերը Ռուսաստանի Դաշնությունից են:  Այս տարի առաջին անգամ մասնակիցներ ունենք Արաբական Միացյալ Էմիրություններից, Էկվադորից, իսկ մեր վաղեմի ընկերները միշտ հիշում են մեզ և «ահազանգում»՝ ե՞րբ է սկսվելու «Վերածնունդը»,  ե՞րբ ենք գալու»,- ասաց մեր զրուցակիցը:

«Վերածնունդ» միջազգային փառատոնի 17 անվանակարգերին ավելացել է ևս մեկը:

 «Մենք ականատես եղանք, թե ինչպես  Սոչիում ավիավթարի հետևանքով զոհվեցին Ա. Վ. Ալեքսանդրովայի  զինվորական անսամբլի երաժիշտներ: Ի հիշատակ  նրանց որոշեցինք մտցնել զինվորական-խմբերգային երաժշտություն անվանակարգը, որն իր գոյությամբ կհավերժացնի անսամբլի անունը»,- նշեց «Երաժշտական թատրոն» անվանակարգի համակարգող Նինա Հայրապետյանը:

Այս անվանակարգի մասնակից երգչախմբերը հնարավորություն կունենան  ստանալու  մրցանակ  Ա. Վ. Ալեքսանդրովայի  անսամբլի  այն երկու երաժիշտներից, ովքեր ներկա են լինելու փառատոնին որպես ժյուրիի անդամ, ինչպես նաև անցկացնելու են  վարպետության դասեր մասնակիցների համար:

Միջազգային փառատոնը կհյուրընկալի շատ այլ հանրահայտ երաժիշտների։ Ժյուրիի անդամները նույնպես կունենան համերգային ելույթներ։

«Իտալիայից  գալու է շեփորահար Մաուրո Մաուրը։ Մաուրն ու կինը  համերգով հանդես կգան Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Կոմպոզիտոր Էնիո Մարիկոնեի երաժշտությունն է հնչելու:  Բենջամին Իզմայլովն է գալու և ներկայացնելու «Սլավոնական հոգի»  ծրագիրը»,-  հավելում է Ռիտա Աղայանն ու  նշում, որ «Վերածնունդ» փառատոնի հաղթողների համար  կազմակերպվում են նաև համերգային շրջագայություններ։

 «Այս պահին մի խումբ գտնվում է Իտալիայում:  2018 թվականին Յուրի Բաշմետը կազմակերպելու է ամառային արվեստի դպրոց, և մենք ներգրավել ենք երիտասարդ դափնեկիրներից մեկին, որը գնալու և մասնակցելու է: Մենք  խրախուսում ենք երաժիշտ-կատարողներին, տարբեր երկրների կոնսերվատորիաների հետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերում  և  ապահովում փորձի փոխանակումը»,- ամփոփեց Ռիտա Աղայանը։

Անահիտ Հարությունյան
  • Created on .
  • Hits: 2887

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: