«ՄԵԶ ԻՐԱՐ ԿԱՊՈՂԸ ՍԵՐՆ ԷՐ ԴԵՊԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ՀԻՄԱ ՆԱԵՎ ԻՐԱՐ ՀԱՆԴԵՊ ՍԵՐՆ Է». ՎԱՀԱԳՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 «Քիթ Բալա՝ հարվածային գործիքներ։ Նա չի հարվածում թմբուկներին, նա նվագում է։ Արի Ռոլանդ՝ կոնտրաբաս։ Ինձ համար լավագույն կոնտրաբասահարը աշխարհում։ Մեր թագուհին՝ վոկալիստ Յալա Բալլին: Նա հանդիսատեսին անակնկալ կմատուցի հայկական երգերի իր հետաքրքիր կատարմամբ։ Զեյդ Նասսեր՝ սաքսոֆոն: Նա առաջին անգամ 2000 թվականին եկավ Հայաստան և այնքան հավանեց մեր երկիրը, հայերին ու հայկական ջազը, որ ժամանակ առ ժամանակ գալիս այստեղ է ապրում, անգամ հայերեն է խոսում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նյու Յորք-Երևան» ջազային կվինտետի նյույորքցի երաժիշտներին այսպես ներկայացրեց դաշնակահար Վահագն Հայրապետյանը։

Մարտի 22-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Վահագն Հայրապետյանի «Նյու Յորք-Երևան» ջազային կվինտետը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ կատարելով ավանդական ջազային և հայկական մեղեդիների սեփական մշակումները:

Սա կվինտետի ու նվագախմբի առաջին համագործակցությունն է:

«Միշտ հիացած եմ եղել Վահագն Հայրապետյանի արվեստով: Երբ առաջարկվեց իրականացնել այս նախագիծը, միանգամից համաձայնեցի: Իսկ առաջարկվեց այն ժամանակ, երբ Վահագնին հարցրի՝ երբ ենք միասին որևէ նախագիծ իրականացնելու»,- նշեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է օտարերկրացի երաժիշտների հետ համագործակցությանը, Վահագն Հայրապետյանն ասաց, որ արդեն երկու տասնամյակից ավելի միասին են աշխատում:

«Մեզ իրար կապողը սերն էր դեպի երաժշտությունը, հիմա նաև իրար հանդեպ սերն է»,- նկատեց նա:

«Ամեն անգամ միասին նվագելիս ոգեշնչվում ենք միմյանցով: Ջազային երաժշտությունը պետք է ստիպի շարժվել, պարել. ջազը «շարժվող» երաժշտություն է՝ անկախ նրանից արագ է, թե դանդաղ: Կարևոր է, որ յուրաքանչյուր ստեղծագործություն լինի զգացմունքային և ունենա պատմություն: Ունկնդիրը կյանքի պատմություն պետք է լսի»,- ասաց Արի Ռոլանդը:

«Նյու Յորք-Երևան ջազ միացում» նոր համերգային նախագիծն իրականացվում է Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Սիրանուշ Հայրապետյան
  • Created on .
  • Hits: 3076

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: