ՈՐ ՎԱՂԸ ՈՒՇ ՉԼԻՆԻ

 «Ամեն մարդ, անկախ բնակության վայրից, իրեն չպետք է շրջանցված զգա որևէ բանում, առավել ևս մշակույթի հարցում»,- համոզված է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության շրջանակներում արդեն երրորդ տարին է՝ Տիկնիկային թատրոնը տարբեր ներկայացումներով հանդես է գալիս սահմանամերձ գյուղերում՝ Մովսես, Պառավաքար, Խաչիկ և այլն:

«Ուղղակի պետք է այնտեղ լինել ու տեսնել՝ ինչպես է ընդունվում այդ ամենը: Երեկ էլ «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում ներկայացումներ ունեցանք Նոյեմբերյանում ու Բերդավանում: Վերջինիս դահլիճը մեծ էր, մոտ հինգ հարյուր հանդիսատես ունեինք: Մտավախություն կար, որ կարող է խոսքը չլսվել այդքան մեծ դահլիճում,  բայց իդեալական լռություն էր, ճիշտ է՝ արձագանքում էին, ծափահարում ու ծիծաղում, բայց չէին խոսում, չէին խանգարում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց Ռուբեն Բաբայանը:

Նոյեմբերյանում ու Բերդավանում Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդն» են ներկայացրել:

«Ի դեպ, այս ներկայացումը մոտ տասը միջազգային փառատոնի է մասնակցել՝ Հնդկաստանից մինչև Միացյալ Նահանգներ: Ամենահետաքրքիրն այն է, որ ներկայացումից հետո ամեն տեղ ասում էին՝ էս պատմությունը մեր մասին է: Ես հասկացա, որ մեր ասած «հայի հետին խելքը» բնորոշ է բոլորին․ բոլոր ազգերն էլ համարում են, որ իրենք հետո նոր են խելոքանում»,- նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Տիկնիկային թատրոնն առաջիկայում կլինի նաև Սյունիքում, Վայոց ձորում, Արցախում:

Իսկ մինչ այդ, Երևանում հին ներկայացումների կողքին կլինեն նաև նորերը՝ Ն. Գոգոլի «Քիթ»-ը, Ղ. Աղայանի «Անահիտ»-ը, Ռ. Մոսկովայի «Երբ ծաղկում է մարգարտածաղիկը» և այլն:

Տիկնիկային թատրոնի դռները բաց են շնորհալի երիտասարդների համար։ Ռուբեն Բաբայանն ասում է՝ պետք է գտնել տաղանդներին և ստեղծել բոլոր պայմանները, որ նրանք ինքնարտահայտվեն հենց այսօր, այլապես վաղը կարող է ուշ լինել։

«Ամենակարևորն այն է, որ նրանք զգան ժամանակը։ Եթե արվեստում չես ապրում այսօրվա ժամանակով, դատապարտված ես տեղում դոփելու: Արվեստագետի համար կարևոր է նաև մտածողության, երևակայության սահմանների բացակայությունը։ Եթե երիտասարդը բավարարում է այս չափանիշներին, թատրոնը տալիս է փորձելու հնարավորություն։ Կարծում եմ՝ հնարավորություն պետք է տրվի բոլորին։ Ճիշտ չէ ասել՝ դեռ քո ժամանակը չի եկել, սպասիր, և հնարավորություն չտալ»,- նկատեց նա։

Բաբայանի փոխանցմամբ՝ թատրոնը բավական շատ հրավերներ ունի միջազգային փառատոներից, բայց մասնակցել ոչ բոլորին է հաջողվում: Ապրիլի 10-ին կմասնակցեն Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ և բալթյան երկրների 19-րդ միջազգային թատերական փառատոնին՝ Նարինե Գրիգորյանի «Հովնան» ներկայացմամբ: Ապրիլի 30-ին Մոսկվայի “Твой шанс” երիտասարդ ստեղծագործողների փառատոնում հանդես կգան Զարուհի Անտոնյանի “The best of Shakespeare” ներկայացմամբ:

«Հրավերներ կան նաև Իսպանիայից, Կիպրոսից, Կանադայից, բայց ամեն ինչ կախված է ֆինանսավորումից: Ռուսաստանում կայանալիք փառատոներին մասնակցության բոլորը ծախսերն իրենք են հոգում: Դա է հնարավորություն տալիս, որ այնտեղ շատ լինենք»,- ընդգծեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Սիրանուշ Հայրապետյան
Լուսանկարը՝ «Առավոտի»
  • Created on .
  • Hits: 3677

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: