«ԲՐԱՎՈ, ՎԻՐՏՈՒՈԶ»․ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԵՄՈՒՆՔՆԵՐՈՎ

 Երևանյան պրեմիերայից հետո շատ ֆիլմեր են հասնում Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոն, բայց  «Բրավո, վիրտուոզ» ֆիլմը գյումրեցի հանդիսատեսին ներկայացնելը ռեժիսոր Լևոն Մինասյանի համար հարազատ քաղաքի  գնահատականին  արժանանալու  առիթ էր:

Ֆիլմը հայ, ֆրանսիական, բելգիական համատեղ արտադրության է։ Համախմբվել են  օտար ափերում  հաջողության  հասած հայերը` ֆրանսիաբնակ ռեժիսոր Լևոն Մինասյանը,  ամերիկաբնակ բեմադրող օպերատոր Մկրտիչ Մալխասյանը, փարիզաբնակ երաժշտության հեղինակներ Միշել Պետրոսյանն ու   Տիգրան Համասյանը: Նրանց է միացել տեղի ստեղծագործական թիմն ու պատրաստել ֆիլմ, որտեղ միախառնվել են տարբեր երկրների  համն ու հոտը, իսկ արդյունքում ստացվել է  կինո ժանրային խառնուրդով ու հետաքրքիր լուծումներով:

«Մենք թղթի կամ ժապավենի վրա դնում ենք այն, ինչ զգում ենք, սիրում ենք կամ ինչ ցանկանում ենք։ Ես չեմ վազել նորի հետևից:  Կա ժանրերի խառնուրդ, բայց ես դա հատուկ չեմ արել, ստացվել է,  լուծումներն են դա հուշել ու փոխել ընթացքը»,- նշեց ռեժիսորը:

Վիրտուոզի դերակատար Արման Նավասարդյանի կարծիքով՝ ֆիլմը լի է հետաքրքիր եվրոպական նորամուծություններով․ «Շատ ուրախ եմ, որ նոր մտածողություն մտավ մեր հայկական կինո, հետաքրքիր, ներդաշնակ գույներով, փայլուն երաժշտությամբ»։

Ֆիլմի պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի գնահատմամբ՝ «Բրավո, վիրտուոզ»-ում կա գյումրեցու շունչը, ինչն էլ ստիպել է, որ նկարահանման հրապարակ  դառնա Գյումրին:   

«Նույնիսկ պարտադրեցի, որ նկարահանումների մեծ մասը Գյումրիում արվի: Այստեղ հին շենքեր կան, հետաքրքիր ճարտարապետություն, նաև քանդված շենքեր, ավերակներ .... ամեն ինչ կարելի է գտնել այստեղ: Փոքր տարածության վրա կան շատ դեկորներ, ոտքով կարելի է նկարահանման հրապարակ փոխել», - անկեղծանում է ռեժիսորը։

Մկրտիչ Մալխասյանը օպերատորական աչքով է  գնահատում քաղաքի գեղեցկությունը.   «Գյումրին ամենաչքնաղ տեղն է նկարահանումների համար, ոչ առաջին ֆիլմն է, ոչ  էլ միակն եմ, որ ասում եմ: Միշտ խորհուրդ եմ տալիս նկարահանումներ կատարել այստեղ: Մեր ֆրանսիացի պրոդյուսերները սիրահարվել են այն լույսին, որ ունի Գյումրին»:

Գյումրու տեսարանների պես հակասական ու բազմազան է նաև  «Բրավո, վիրտուոզ»  ֆիլմի  թեման` պայքար հնի ու նորի,  դասականի ու ռաբիզի,  կեղծ խրախճանքի ու ճշմարիտ նվիրումի, և վերջապես անկեղծ սիրո հաղթանակի մասին պատմող  պատում է:

«Լուրջ ասելիքն ավելի հեշտ է ներկայացնել հումորով, քան լաց ու կոծով: Ստեղծվեց մի պատմություն, որի մեջ կա հումոր, էմոցիա ու ակտիվ գործողություններ։ Ֆիլմ նկարելը նման է պատերազմական իրավիճակի, որում յուրաքանչյուրը պետք է իմանա իր գործն ու նպատակը։ Կարծում եմ՝ արտիստներն ու հատկապես ռեժիսորները պիտի իմանան իրենց «զենքի»՝ կինոյի հզորությունը. չենք կարող միայն զվարճացնել․արվեստը մարդկանց քնած վիճակից դուրս բերելու լավագույն տարբերակն է»,- ֆիլմի նպատակի մասին ասաց Լևոն Մինասյանը: 

Պատահական չէ, որ ֆիլմը մեծ  բյուջե ունի․ ծախսվել է մեկ միլիոն երկու հարյուր հազար եվրո:

«Եթե հանդիսատեսը ուշադիր լինի, թե ինչ խնամքով է ներկայացված ամեն  մի կադր, ինչպիսի ձայն, երաժշտություն է հնչում։ Աշխատել ենք ստեղծել այն երազանքի թիմը, որը կարող է ստեղծել լավագույն պրոդուկտ»,- ասում է Հրաչ Քեշիշյանը: 

Հավելենք, որ հայաստանյան ցուցադրություններից հետո ֆիլմը  շրջելու է աշխարհով մեկ, ներկայացվելու է տարբեր կինոփառատոների:

Անահիտ Հարությունյան
  • Created on .
  • Hits: 3185

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: