«ՈՐ ՇԱՏ ԳՈՎԵՄ, ԱՆՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԼԻՆԻ». ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ` «ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ» ՄԱՍԻՆ

 «Բալետը սեր է առաջացնում գեղեցիկի նկատմամբ, և նրա երաժշտությունը պետք է բարձրագույն որակ ունենա ու տեսանելիորեն պատմի բեմում կատարվող իրադարձությունների մասին»:
Արամ Խաչատրյան

Մարտի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի առաջնախաղը՝ թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանի բեմադրությամբ:

«Որ շատ գովեմ, անհետաքրքիր կլինի: Կարծում եմ՝ հանդիսատեսը պետք է նայի ու որոշի՝ ինչն է լավ, ինչն է վատ, անթերի չի լինում: Պատրաստ եմ առաջնախաղից հետո լսել թերությունների մասին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վիլեն Գալստյանը:

Բեմադրության և զգեստների նկարիչը ՀՀ վաստակավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանն է, դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը:

Գլխավոր դերերում հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանը (Արբենին), Մերի Հովհաննիսյանը (Նինա), ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանը (Շտրալ), Միլիտոն Կիրակոսյանը (Զվեզդիչ), Գրիգոր Գրիգորյանը (Անհայտը), սոպրանո Դիանա Հարությունյանը (Նինայի ձայն):

«Եթե ասեմ, որ այս բալետը մեծամասամբ տեխնիկայի վրա է հիմնված, սուտ կլինի,- ասում է Արբենինի դերակատար Ռուբեն Մուրադյանը.- սա հոգեբանական դրամա է: Երկրորդ գործողության մեջ՝ ողբերգական ու ճակատագրական մեր դուետի ժամանակ, մարմինս փշաքաղվում է, հազիվ եմ ինձ զսպում, որ չհուզվեմ: Արբենինը շատ խորը կերպար է, իսկ այդպիսի կերպարը հանդիսատեսին հասցնելը յուրաքանչյուր արտիստի համար մեծ և միևնույն ժամանակ հաճելի խնդիր է»։

Վիլեն Գալստյանը կցանկանար նաև Սանկտ Պետերբուրգում ներկայացնել լերմոնտովյան «Դիմակահանդեսը»:

«Վերջերս Պետերբուրգում էի: Հայտնի բալետմայստերներ Բորիս էյֆմանն ու Վլադիմիր Վասիլևը զարմացած հարցրին՝ Վիլե՛ն, «Դիմակահանդե՞ս»-ն եք բեմադրում, բայց ի՞նչ երաժշտությամբ. այդպիսի բալետ կարծես թե չկա: Ասացի՝ հայերն ունեն»,- պատմեց Օպերային թատրոնի գլխավոր բալետմայստերը:

1941 թվականին Արամ Խաչատրյանը ռուսական դասական երաժշտության ավանդույթներով գրեց երաժշտություն Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի, իսկ 1954թ. Բ. Լավրենյովի «Լերմոնտով» դրամայի բեմադրությունների համար: 1982թ. կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը այս դրամաների համար գրված երաժշտության, նաև այլ ստեղծագործությունների հիման վրա գրեց «Դիմակահանդես» բալետը, որը բեմադրվեց Երևանի օպերայի և բալետի թատրոնում և մեծ հաջողություն ունեցավ:

«Ես ապրում էի այդ դրամայով, երաժշտությունը սրտի թրթիռով էի գրում: Իսկ թե ինչպես այն ծնունդ առավ, բառերով դժվար է արտահայտել»,- «Դիմակահանդես»-ի վրա տարվող աշխատանքներից ստացած իր տպավորությունները հետագայում այսպես է ներկայացնում Արամ Խաչատրյանը:

Սիրանուշ Հայրապետյան
  • Created on .
  • Hits: 2911

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: