«ԲԱՌԵՐ, ՆԿԱՐՆԵՐ, ՀԱՐՑԵՐ»

 Այսօր Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացվեց նկարիչ Լևոն Ֆլջյանի «Բառեր, նկարներ, հարցեր» խորագրով ցուցահանդեսը։

Կենտրոնի առաջին հարկում հանդիպում ենք բառերի, որոնք միացնելով կարող ենք կարդալ “Art is not war, war is not art” և այլ մտքեր։ Երկրորդ հարկում մեզ են սպասում նկարները։

Իր աշխատանքների մասին երկար խոսել, մեկնաբանել դրանք Ֆլջյանը չի սիրում։ Ասում է՝ ընկալման հարց է, կարելի է տեսնել և՛ անձնական, և՛ սոցիալական, և՛ քաղաքական շերտեր։

Զենքերով խաղացող երեխաներից մինչև «Ո՛չ թալանին»․ Ֆլջյանի տեսադաշտից աշխարհի ու հայաստանյան իրադարձությունները չեն վրիպել։ Նա կարողացել է որսալ դրանք և վերածել գեղարվեստականի։

«Եթե նախկինում նկարիչների, արվեստագետների համար ոգեշնչման աղբյուր էր ծառայում միջավայրը, բնությունը, ապա այսօր ավելանում են նաև ինֆորմացիոն հոսքերը, որոնք հնարավորություն են տալիս ընդլայնելու մտահորիզոնդ։

Լինում են դեպքեր, երբ զգում ես, որ ինֆորմացիոն հոսքերը սկսում են խանգարել։ Մենք կարիք ունենք ժամանակ տրամադրելու վերլուծությանը, այսինքն՝ մի պահ հետ գալ ու փորձել հասկանալ՝ ինչ է տեղի ունենում»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց նկարիչը։

ՆՓԱԿ-ի ցուցասրահներից մեկի դռան վրա հարցական նշան է դրված։ Այստեղ տեղ են գտել Ֆլջյանի հարցերը։ Ասում է՝ պետք է փորձել վերլուծել դրանք ու ձևավորել սեփական կարծիքը ճիշտ այնպես, ինչպես անում ենք նորությունների պարագայում։

«Բառեր, նկարներ, հարցեր» խորագրով ցուցահանդեսը ՆՓԱԿ-ում կգործի մինչ մարտի 4-ը։ Թե որը կլինի աշխատանքների հաջորդ կանգառը, դեռևս պարզ չէ։

«Ինձ համար էլ է հետաքրքիր այս միջավայրում տեսնել դրանք։ Երբ տանից, արվեստանոցից տեղափոխվում են ցուցասրահ, լրիվ այլ են դառնում։

Պետք է այս ամբողջը «մարսել», հասկանալ ու տեսնել, թե ինչ շարունակություն կունենա»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2687

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: