ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ 8-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ

 Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն այս տարի կմեկնարկի փետրվարի 15-ին և կշարունակվի մինչև փետրվարի 28-ը։

Արդեն 8-րդ անգամ անցկացվող փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների հանրայնացումն է:

Փառատոնն ամեն տարի նվիրվում է հայ անվանի կոմպոզիտորներից մեկին: Այս տարի այն նվիրվում է Հարո Ստեփանյանի 120-ամյակին։

«Տարբեր ժանրերում ստեղծագործած Հարո Ստեփանյանը իսկապես մեծ կոմպոզիտոր է, բայց մեզանում կարծես թե մոռացված են նրա գործերը: Ուրախալի է, որ փառատոնի շրջանակներում կհնչեն նրա հիանալի ստեղծագործությունները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը:

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գեղարվեստական հարցերի պատասխանատու Սարգիս Բալբաբյանի խոսքով՝ Ստեփանյանի ստեղծագործությունների՝ տասնամյակներ շարունակ չկատարվելու հիմնական պատճառը նոտաների անմխիթար վիճակն է:

«Կոմպոզիտորի ստեղծագործությունների նոտաները պահպանվում են նրա արխիվում՝ ձեռագիր վիճակում: Ստեփանյանը գրել է արժեքավոր ստեղծագործություններ ոչ միայն սիմֆոնիկ նվագախմբի, այլև կամերային անսամբլների համար: Վերջիններս մեծ գեղարվեստական արժեք են ներկայացնում և երբևէ չեն կատարվել»,- նշեց նա:

Փառատոնի շրջանակներում Հարո Ստեփանյանի շատ ստեղծագործություններ թվայնացվել են։ Դրանց մեծ մասը երաժշտասեր հանրությանը կներկայացվի  առաջին անգամ:

Կոմպոզիտոր Հարո Ստեփանյանը հեղինակել է հինգ օպերա, երեք սիմֆոնիա, կոնցերտ դաշնամուրի համար, կամերային երաժշտության ստեղծագործություններ, ռոմանսներ և այլն։

Փետրվարի 15-ին՝ փառատոնի բացման համերգին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը պրեմիերայով կներկայացնի Ստեփանյանի Սիմֆոնիկ պարերը։

Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը կընդգրկի սիմֆոնիկ և կամերային 5 համերգ: Կհնչեն կոմպոզիտորներ Վաչե Շարաֆյանի, Էդուարդ Հայրապետյանի, Վարդան Աճեմյանի, Աշոտ Զոհրաբյանի, Հարություն Դելլալյանի և այլոց ստեղծագործություններից։

Փառատոնը կազմակերպում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Սիրանուշ Հայրապետյան
  • Created on .
  • Hits: 2609

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: