«ՉԿԱՐԴԱՑԱԾ ԳՐՔԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ»․ ՀԱՅՏ ԴԵՊԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ես քեզ ընտրել եմ
չկարդացած բոլոր գրքերի
և չնայած բոլոր ֆիլմերի
փոխարեն ․․․
Արմեն Սարգսյան


Լույս է տեսել Արմեն Սարգսյանի «Չկարդացած գրքերի փոխարեն» բանաստեղծությունների ժողովածուն։ Հոկտեմբերի 8-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը։
«Չկարդացած գրքերի փոխարենը» հեղինակի առաջին գիրքն է։ Cultural.am-ի հետ զրույցում Արմեն Սարգսյանը պատմել է առաջին գրական քայլերից մինչև առաջին գիրք անցած ճանապարհից մի քանի դրվագ, որ ներկայացնում ենք ստորև։

Առաջին գրական քայլեր
Ինը տարեկան էի, երբ սկսեցի գրել։ Բոլոր ձեռագիր տետրերս պահել եմ։ Այս  տարիների ընթացքում գրելաոճս անընդհատ փոփոխությունների է ենթարկվել։

Բանաստեղծությունը՝ հանդիպման կամ բաժանման վայր
Բանաստեղծությունը այն փողոցն է, որով մարդիկ գալիս են, գնում են, իրեր են մոռանում կամ գտնում, մարդկանց են հանդիպում, մարդկանցից բաժանվում, մրցում ու պարտվում են։ Հեղինակայիններիցս մեկում ասում եմ՝ կյանքը փողոց է, որտեղ փոքրերը մրցում են, մեծերը՝ պարտվում։

Չգիտեմ՝ ներկայացրածս հայտը կվերցնեն, թե ոչ
Իմ սիրուն, պուճուր, կարճ բանաստեղծություններով ասում եմ, որ եկել եմ։ Հայտ եմ ներկայացնում։ Չգիտեմ՝ հայտը կվերցնեն, թե ոչ, բայց շնորհանդեսը լավատեսական տրամադրություններ է փոխանցում։

Գրականությունը հուզվելու համար չէ
․․․կարդալու ու զգալու համար է։ Կարող է զգալ քո ուղեղը կամ սիրտը։ Եթե զգացիր, դարձավ քոնը, ուրեմն գրողն իր առաքելությունը կատարել է։

Կյա՜նք, սե՜ր, Երևա՜ն
Իմ գրականության թեման կյանքն է, սերն ու Երևանը։ Փողոցով քայլում եմ, տեսնում եմ` ագռավներ են նստած հեռագրասյուների վրա, մի երեխա տանիքից թղթե ինքնաթիռ է նետում, և այդ պահի համար բանաստեղծություն եմ գրում։ Շատ եմ սիրում Երևանը։ Հույս ունեմ, որ երբեք չեմ հեռանալու։

Ընթերցողն է որոշում՝ ինչ կարդալ
Իմ այն գործերը, որոնք ես սիրում եմ, այնքան էլ հանրային չեն։ Չես կարող ընթերցողներին ստիպել․ իրենք են որոշում՝ ինչ կարդալ։ Ի վերջո մնում է ընթերցողի գնահատականը։ Ինչքան էլ գրականագետները ասում են ճառեր, գրում են գրքեր, միևնույն է։  Գրականագիտությունը երբեմն արվեստ արվեստի համար սկզբունքին է հետևում, այսինքն՝ գրականագետը գրում է գրականագետի համար, և այդ ինֆորմացիան ընթերցողին չի հասնում։

«Չկարդացած գրքերի փոխարեն» ժողովածուն
․․․պետք է կարդալ ու պահել սրտում։

Զրույցը՝ Աննա Կարապետյանի
Լուսանկարը՝ Ռազմիկ Գրիգորյանի
  • Created on .
  • Hits: 5723

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: