«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱԶԱՏ ՎԱՅՐԿՅԱՆՆ ԱՅՍՏԵՂ ԵՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ»․ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆ

 Հոկտեմբերի 8-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա գալա համերգ։ Գեղարվեստական ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուց հետո առաջին անգամ համերգը կղեկավարի Կոնստանտին Օրբելյանը։

Դիրիժորը վստահեցնում է՝ գեղեցիկ, տոնական համերգ է լինելու։ Թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբն ու առաջատար մեներգիչները հնչեցնելու են արիաներ Ջ․ Վերդիի «Աիդա», «Տրուբադուր», Ժ․ Բիզեի «Կարմեն», Վ․ Բելլինիի «Նորմա», Ջ․Պուչինիի «Տոսկա», Պ․Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերաներից։ Վերջինս հայ ունկնդրին է ներկայացվելու երկարատև դադարից հետո։

Համերգի ընթացքում Հայաստանի գլխավոր թատրոնում որպես հրավիրյալ խմբավար հանդես է գալու Ստեֆան Հարիսը Մեծ Բրիտանիայից։

Օրբելյանի փոխանցմամբ մինչև տարեվերջ թատրոնում կլինի երկու պրեմիերա՝ Ջ․Պուչինիի «Տոսկա» օպերան և Ա․Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատրոնի գեղարվեստական ղեկավարն անդրադարձավ նաև իր հաճախակի բացակայություններին՝ ընդգծելով, որ դա հեռահար ղեկավարում չէ, թատրոնի տնօրենի հետ մշտական կապի մեջ են։

«Աշխարհի ցանկացած վայրում, երբ մարդուն հրավիրում են, երևի թե հրավիրում են մեկին, ով ինչ-որ չափով պահանջված է աշխարհում, այլ ոչ թե նստել է տանն ու սպասում է նման մեծ, հրաշալի թատրոն գլխավորելու հրավերի։
Իհարկե որոշ պլաններ կան։ Ես շրջագայող երաժիշտ եմ, զբաղված երաժիշտ եմ։ Յուրաքանչյուր ազատ վայրկյանն այստեղ եմ անցկացնելու»,- ասաց Օրբելյանը։

Հիշեցնենք, որ դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ, Պետերբուրգի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր Կոնստանտին Օրբելյանը Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել այս տարվա հունիսին։

«Ծանոթանում եմ բոլորի հետ։ Արդեն գիտեմ երգիչների  անունները։ Մեծ կազմ է՝ շուրջ վաթսուն հոգի, այնքան էլ հեշտ չէ հիշելը։ Ինձ հետաքրքիր է ծանոթանալ երգիչների, նրանց արվեստի հետ։ Կորոշենք տարբեր հարցեր, օրինակ՝ ինչ բեմադրություններ անել երիտասարդ երգիչների համար, որպեսզի և զարգացում լինի, և նրանց հետաքրքիր լինի այստեղ աշխատելը»,- նշեց նա։

Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2741

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: