«ԱՆԵԼԻՔՆԵՐ ՇԱՏ ԿԱՆ»․ ՌԻՏԱ ԳՈՆԵԼԼԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 Իտալիայի արտաքին գործերի նախարարության և Միլանի պոլիտեխնիկական համալսարանի ֆինանսավորմամբ 2011-14 թվականներին իրականացվեց «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրը:

Հայ-իտալական մշակութային համագործակցության շրջանակներում իրականացված ծրագրի շարունակականությունը կապահովի Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոնի ստեղծման նախագիծը:

«Կենտրոնի ստեղծման կարևորագույն հիմքը հայկական հարուստ մշակութային ժառանգությունն է: Ես Հայաստան եմ այցելում 2008 թվականից: Վաղուց եմ ծանոթ ձեր մշակույթին: Ձեր երկրում վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել հուշարձանների վերականգնման ոլորտում, բայց անելիքներ դեռ շատ կան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Իտալիայի արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման գործակալության փորձագետ, ճարտարապետ Ռիտա Գոնելլին՝ Իտալիայից ժամանած պատվիրակության ղեկավարը:

Ռիտա Գոնելլիի ղեկավարած պատվիրակության այցի նպատակը համապատասխան գերատեսչությունների ղեկավարների և փորձագետների հետ Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոնի ստեղծման մանրամասները քննարկելն է:

Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի փոխանցմամբ՝ կենտրոնը հնարավորություն կընձեռի ոլորտի մասնագետներին, ինչպես նաև մի շարք կրթական հաստատությունների ուսանողների համապատասխան դասընթացների միջոցով բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը, վերապատրաստումներ անցնել իտալացի մասնագետների մոտ: Դասընթացներից բացի կենտրոնը կիրականացնի նաև այլ գործառույթներ, որոնց մի մասը դեռևս մշակման փուլում է:

«Իտալացի մասնագետները փաստում են, որ մշակութային ժառանգության վերականգնման քաղաքականության տեսանկյունից տարածաշրջանում իտալական քաղաքականությանն ամենամոտը հայկականն է, բայց խնդիրներ կան, մասնավորապես մասնագետների կարիք միշտ կա: Կենտրոնի ուղղվածություններից մեկն էլ կլինի նրանց պատրաստումը»,- նշեց Արև Սամուելյանը:

Կենտրոնը, ամենայն հավանականությամբ, կբացվի 2017 թվականի սկզբին:

Սիրանուշ Հայրապետյան
  • Created on .
  • Hits: 2813

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: