«ԱՆԾԱՆՈԹ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ»․ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    «Պետք էր սիրել այդ անծանոթ ու անհայտ տեղը, որ կոչվում է հայրենիք»
    «Անծանոթ իմ հայրենիք» ֆիլմից

  Փետրվար ամսի յուրաքանչյուր երկուշաբթի կինոսերները հնարավորություն կունենան դիտելու վավերագրական ֆիլմեր։ «Վավերագրական երկուշաբթի» (DOCUMonday) նախագծի շրջանակներում փետրվարի 8-ին «Աչաջուր» սրճարանում ցուցադրվեց «Անծանոթ իմ հայրենիք» (My Unfamiliar Fatherland) ֆիլմը (2012թ․)։
    Ֆիլմը պատմում է 1946-49 թվականների հայրենադարձության մասին։ Կինոյի լեզվով թեմային անդրադարձ է արվում առաջին անգամ։ Ժամանակին Համո Բեկնազարյանն  է փորձել ֆիլմ նկարել հայրենադարձության մասին։ Խաղարկային ֆիլմի նկարահանումները, սակայն, դադարեցվել են։ Ֆիլմը մնացել է անավարտ։
1 paskevichyan    «Երկրորդ աշխարհամարտից հետո 90-95 հազար հայեր տարբեր երկրներից վերադարձան հայրենիք: Հայրենադարձությունը մի թեմա է, որի մասին ոչ սովետական տարիներին, ոչ էլ անկախությունից հետո առանձնապես չի խոսվել ոչ պաշտոնական պատմագրության մեջ, ոչ էլ կինոյում»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց ֆիլմի սցենարի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը։
    Ֆիլմը ցուցադրվել է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, ԱՄՆ-ում։ Նկարահանումներն արվել են Բեյրութում, Անճարում և Լոս Անջելեսում։ Տիգրան Պասկևիչյանի խոսքով՝ ընտրվել են այս տարածքները, քանի որ միայն այդտեղ էր հնարավոր գտնել հայրենադարձների շառավիղներ։
    Հայրենադարձների զավակներն ու հարազատները պատմում են, թե ինչպես նավ նստեցին ու, անցնելով հազարավոր կիլոմետրեր, եկան մի երկիր, որի մասին երազում էին, բայց նաև մի երկիր, որի մասին միայն մեկ հստակ բան գիտեին՝ Հայաստանը ԽՍՀՄ մաս էր, իսկ ԽՍՀՄ-ը երկրորդ աշխարհամարտում հաղթել էր Գերմանիային։
2 vaveragrakan film    «Անծանոթ իմ հայրենիքը» «Դարձ ի շրջանս յուր» նախագծի երեք ֆիլմերից մեկն է։ Այժմ նկարահանվում է ֆիլմաշարի երկրորդ մասը՝ հայրենադարձների աքսորի և բռնաճնշումների մասին։ Աշխատանքները կավարտվեն այս տարվա վերջում։ Երրորդ ֆիլմը նվիրված է լինելու արտագաղթին, ինչը ֆիլմի սցենարի հեղինակի վստահեցմամբ սկսվել է դեռ խրուշչովյան ժամանակներում՝ 1955-1956թթ․-ին։
    Ֆիլմի ստեղծագործական կազմը պատրաստվում է «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի» աջակցությամբ ստեղծել ինտերնետային հարթակ, որտեղ տեղադրված կլինեն թեմային և ֆիլմաշարին առնչվող արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, տեսանյութեր և մամուլի հրապարակումներ։
    «Անծանոթ իմ հայրենիք» ֆիլմի ռեժիսորը Արա Շիրինյանն է, պրոդյուսերը՝ Սաթենիկ Ֆարամազյանը։
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3254

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: