ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ 7-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

Հունվարի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը։ Այս տարի փառատոնը նվիրվում է անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին:
Չորս փառատոնային համերգների ընթացքում կհնչեն հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը փառատոնի շրջանակներում կներկայացնի հոբելյանական երեկոներ: Կնշվեն կոմպոզիտորներ Խաչատուր Մարտիրոսյանի 70-ամյա և Վարդան Աճեմյանի 60-ամյա հոբելյանները:
«Փառատոնը նեղ մասնագիտական է, ունի հստակ ձևավորված տեսլական, արդեն տվել է ստրատեգիկ նշանակության հաղթանակներ։ Կարծում եմ, որ այն ծրագրերը, այն կոլեկտիվները, այն արտիստները և այն ֆորմատը, որ մենք ներկայացնում ենք շատ մեծ ապագա ունի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի բացման գալա համերգին ելույթ կունենա նաև ճանաչված և սիրված ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Խաչատրյանը կներկայացնի կոմպոզիտոր Խաչատուր Մարտիրոսյանի կոնցերտը ջութակի և նվագախմբի համար։
«Տարիներ առաջ հանդիպեցի կոմպոզիտորին։ Ասաց, որ ինձ նվիրված կոնցերտ է գրել՝ «Կոնցերտ-ֆանտազիա»։ Խոսք տվեցի, որ կկատարեմ։ Վերջապես փառատոնի շրջանակներում այդ առիթը ստեղծվեց»,- պատմում է Խաչատրյանը։
Ջութակահարն անկեղծացավ՝ ասելով, որ ժամանակակից երաժշտությունն իրենը չէ․ «Իմը դասականն է։ Դասականն է ինձ հոգեհարազատ, բայց եղել են նաև ժամանակակից կոմպոզիտորներ, որոնց ներկայացրել եմ, օրինակ՝ Արթուր Ահարոնյանի կոնցերտը կատարել եմ Ամստերդամում»։
Թե ինչ է սպասվում «Կոնցերտ-ֆանտազիային»՝ Խաչատրյանը դժվարացավ պատասխանել։
«Գործի հետագա կյանքը կախված է նրանից, թե ես ինչպես այդ գործը կհասկանամ, ես և գործը իրար հետ ինչպես լեզու կգտնենք ժամանակի ընթացքում»,- նշեց նա։
Փառատոնի համերգային ծրագրում կհնչեն նաև Միրզոյանի «Տոնական կոչնակներ»-ը, մի շարք կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություններ, մասնավորապես երկար տարիներ չհնչած ռոմանսները, ինչպես նաև լարայինների և գոսերի համար գրված սիմֆոնիան, որը դարձել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի այցեքարտը: Փառատոնի շրջանակներում առանձին համերգային ծրագրում Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ կհնչեն հայ երգչախմբային արվեստի գլուխգործոցներից՝ Էդգար Հովհաննիսյանի խմբերգերն ու ժողովրդական երգերի մշակումները, որոնք երկար ժամանակ չեն հնչել Հայաստանում: Փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ առաջին անգամ կներկայացնի Վարդան Աճեմյանի Չորրորդ սիմֆոնիան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, և Արամ Սաթյանի «Երգ բնության» սիմֆոնիան: Փառատոնն անց է կացվում ՀՀ Նախագահի հովանու ներքո։
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 2890