ԼՈՆԴՈՆԻ «ԿՈՄԻՏԱՍ» ԵՐԳՉԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԸ ԼՈՆԴՈՆԻ ՍԲ. ՔԱԹԲԵՐԹ ԵԿԵՂԵՑՈՒՄ

    Լոնդոնի Սբ. Քաթբերթ հոյակերտ եկեղեցում Միացյալ Թագավորության «Մարդասիրական օգնությանը նպաստող հիմնադրամը» (HART)` գլխավորությամբ բարոնուհի Քերոլայն Քոքսի, դեկտեմբերի 9-ին հերթական անգամ կազմակերպել էր Սուրբ Ծննդյան տոնին նվիրված ամենամյա համերգ: Այս տարի ևս Բարոնուհի Քոքսի հրավերով համերգին իր մասնակցությունն ունեցավ Լոնդոնի «Կոմիտաս» երգչախումբը (խմբավար` Սիփան Հակոբյան): Ելույթներով հանդես եկան նաև Լոնդոնի ուգանդական «Աքոլի» և «Սբ. Մարտինի երգիչները» երգչախմբերը:
    «Կոմիտաս» երգչախմբի մասնակցությունը դեկտեմբերի 9-ի համերգին պատահականություն չէր. այդ օրը Միացյալ ազգերի կազմակերպության կողմից ճանաչված է որպես «Ցեղասպանությունների զոհերի հիշատակման միջազգային օր»:
    Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը կրկին անգամ հիշատակելու և բրիտանական հասարակության ուշադրությունը տեղի ունեցած ոճիրի վրա սևեռելու նպատակով բարոնուհի Քերոլայն Քոքսը հանդես եկավ ազդեցիկ ելույթով` իր խոսքում նաև անդրադառնալով պատմության դասը չքաղած մյուս պետություններին, որտեղ ևս տեղի է ունեցել այս ոճրագործությունը:
02 londoni komitas ergchakhumb    Համերգին «Կոմիտաս» երգչախմբի կատարմամբ քառաձայն հնչեցին Կոմիտասի «Այսօր տոն է Սուրբ Ծննդյան», Էդգար Հովհաննիսյանի «Արփա-Սևան» և Ստեփան Լուսիկյանի «Նոր Հայաստան» երգերը՝ Սիփան Հակոբյանի խմբավարությամբ և Էլլա Բաբայանի դաշնամուրային նվագակցությամբ:
    Սիփան Հակոբյանը նաև հանդես եկավ մեներգեցողությամբ, կատարելով Հ. Երզնկացու «Ով զարմանալի» և Գ. Պահլավունու «Այսօր ձայնն Հայրական» շարականները:
    Լոնդոնի Թեքեյան մշակութային միության կողմից Զ. Բոյաջյանի «Հայերի վիշտը» պոեմը կարդաց Կարեն Արևյանը:
    Համերգին ներկա էին բազմաթիվ հյուրեր` մի շարք կազմակերպությունների անդամներ, քաղաքական գործիչներ և հոգևորականներ:
    «Կոմիտաս» երգչախումբը ստեղծվել է 2013 թ. Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի (Tekeyan Trust) կողմից, որը 1979 թ.-ից գործում է որպես բարեգործական կազմակերպություն և դարձել է Լոնդոնի Թեքեյան մշակութային միության և Հայաստանի «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հիմնասյունը: Այն իր ազգանվեր գործունեությամբ և մեծ նվիրումով ծառայում է ազգային ինքնության պահպանմանն ու տարածմանը արտերկրում, ինչպես նաև մշակութային ձեռնարկների միջոցով նպաստում է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:
  • Created on .
  • Hits: 2837

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: