ՇՏԵՖԱՆ ԴՈՐԳԵՐԼՈՀԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

  Հայաստանում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհի գլխավորած պատվիրակությունը: Այսօր Դորգերլոհը այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դրել և խոնարհվել Հայոց ցեղասպանության զոհերի առաջ։ Մշակույթի և կրթության նախարարը այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել նոր ցուցադրությանը։
    «Տպավորված եմ պատմությամբ և թանգարանով, որը ցուցադրում է պատմական իրադարձությունները, մանավանդ այն տարում, երբ ոգեկոչում են Հայոց ցեղասպանության հարյուրամյակը։ Ներկա պահին մենք աշխատում ենք մի դասագրքի մշակման վրա, որտեղ ներկայացված են լինելու աշխարհում իրականացված բոլոր ցեղասպանությունները, այդ թվում Հայոց ցեղասպանությունը»,-լրագրողների հետ զրուցում ասաց Դորգերլոհը։
    631Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մշակույթի և կրթության նախարարի կարծիքով ճշմարտությունն ասելը ցավոտ է, բայց դա այն ճիշտ ճանապարհն է, որով պետք է ընթանալ ավելի լավ ապագա ունենալու համար․ «Խորապես համոզված եմ, որ միայն հաշտեցման գործընթացի շնորհիվ հնարավոր կլինի ավելի լավ աշխարհ ունենալ»։
    Անդրադառնալով այս տարի Գերմանիայում անցկացված միջոցառումներին՝ Շտեֆան Դորգերլոհն առանձնացրեց Բեռլինի Մայր տաճարում անցկացված պատարագը և Հալլե քաղաքի կենտրոնում տեղադրված հայկական խաչքարը։
    Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհի գլխավորած պատվիրակությունը  մեր երկիր է ժամանել ՀՀ մշակույթի նախարարության հրավերով։ Շտեֆան Դորգերլոհի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարության դպրոցական կրթության վարչության պետ Թորսթեն Քլիմեն, նախարարության միջազգային և ԵՄ հետ կրթական կապերի պատասխանատու Դր. Ուվե Բիրկհոլցը և նախարարի օգնական Միխայել Շուլցը:         Պատվիրակությունը Հայաստանում կլինի մինչև սեպտեմբերի 27-ը։

Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2533

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: