ՓՈՂԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ ՊԱՏՐԱՍՏՈՂ ԹՈՐՈՍՅԱՆՆԵՐԸ

    Թորոսյաններն ապրում են Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում։ Ընտանիքի պապը՝ Կոլյա Թորոսյանը փողային նվագարաններ է պատրաստում արդեն երեսուն տարի։
    Կոլյա պապը մասնագիտություն չունի, դպրոց է գնացել մինչև հինգերորդ դասարան։ Զբաղվել է դռների, լուսամուտների պատրաստմամբ։ Առողջական պատճառներով այդ աշխատանքը թողնելուց հետո էլ որոշել է զբաղվել երաժշտական գործիքների պատրաստմամբ։
    «Մեր գյուղացիներից մեկը երեք գործիք էր պատրաստում՝ զուռնա, դուդուկ, սրինգ։ Տարիքով մարդ էր, մահացավ։Նրանից հետո ես սկսեցի գործիքներ պատրաստել. արածս գործի համեմատ սա ավելի թեթև աշխատանք է»,-պատմում է 88-ամյա Կոլյա պապը։
    Առաջինը դուդուկ ու զուռնա է պատրաստել, բայց դժվարը հետո էր գալու. «Ամենադժվարը թառ պատրաստելն է, շատ չարչարանք է պահանջում»:
  9757Հիմա պապի աշխատանքը շարունակում է որդին՝ Վաչիկ Թորոսյանը։ Մասնագիտությամբ ինժեներ է։ Փոքր տարիքից օգնել է հորը, հետո էլ սկսել է ինքնուրույն պատրաստել․«Տասնհինգ տարեկան էի, երբ առաջին գործիքս պատրաստեցի՝ դուդուկ»։
 Բյուրականում փողային նվագարաններ պատրաստողներն այնքան էլ շատ չեն։
    «Մեծերը մահացել են, շարունակողներ չեն եղել։ Հիմա մենք ենք մնացել»,-նշում է Վաչիկ Թորոսյանը։
    Աշակերտներ չունեն։ Ասում են՝ ժամանակ չկա։ Հույս ունեն, որ իրենց գործը կշարունակեն ընտանիքի կրտսերները՝ Վաչիկ Թորոսյանի երկու որդիները։
    Նրանք դեռ դպրոցական են։ Արամը սովորում է ավարտական դասարանում, պատրաստվում է ընդունելության քննություններին։ Մի քանի ամիս շվիի է գնացել, նվագել է, բայց նրա խոսքով ամենահայկական գործիքը դուդուկն է։ Պապին ու հայրիկին երբեմն օգնում է, բայց հեշտ գործերում, դժվար բաներ անել դեռ չի կարողանում։
    Թորոսյաններն աշխատում են իրենց սեփական տանը, որն արհեստանոցի  է վերածվել։ Հենց այստեղ պատրաստված աշխատանքներն էլ հետագայում հասել են Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան (Սարդարապատի հուշահամալիր), Փայտարվեստի, Ժողովրդական արվեստի թանգարաններ (Երևան), ինչպես նաև Բոստոնում գործող հայագիտական թանգարան (ԱՄՆ)։
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3991

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: