ԲԱՑՕԹՅԱ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԵՎ ՓԱՌԱՏՈՆԱՅԻՆ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    Լավաշ, չիր, խաղող, 26 կգ կշռող ձմերուկ․այն ամենն, ինչ առաջին հայացքից նկատելի էր «Մշակութային վերածնունդ» փառատոնի մասնակից Արարատի մարզի տաղավարում, որտեղ ներկայացված էին նաև Վեդի քաղաքի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները։
    Վեդու գեղարվեստի դպրոցն ունի 250 սան։ Դպրոց են հաճախում ինչպես Վեդի քաղաքի, այնպես էլ հարակից գյուղերի երեխաներ։ Այստեղ նրանք սովորում ենկիրառական արվեստ, նկարչություն, պար, ասեղնագործություն, գոբելեն, գորգագործություն, մաքրամե, փայտագործություն և այլն։
    Գեղարվեստի դպրոցի ասեղնագործության ուսուցիչ Նունե Համբարձումյանի խոսքով ներկայացվածը աշխատանքների միայն 5 %-ն է․երեխաների բոլոր աշխատանքները ցուցադրվել են դպրոցի՝ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի ժամանակ։
    Ներկայացված էին նաև նմուշներ մարզի Շահումյան գյուղի թանգարանից, որը 1991թ․-ին ստեղծել է գյուղի բնակիչ Գրիգոր Ասլանյանը։ Ներկայացված են ինչպես նրա աշխատանքները, այնպես էլ «փրկված» մշակութային նմուշներ։
    9950«Դասական իմաստով թանգարան չէ. բացօթյա է։ Իրենց տան մոտ մեծ ջրամբար է եղել, որը հետագայում ցամաքել է ու դարձել  աղբանոց։ Նա վերցրել է այդ աղբանոցը և կառուցել թանգարանատիպ մի բան, այսինքն՝ հին կարպետներ, կարասներ, կճուճներ, տեսարաններ են պատկերված, շատ էկզոտիկ կամուրջներ։ Բավականին գեղեցիկ է, զբոսաշրջիկներ էլ են գալիս։ Մենք ներկայացրել ենք այն որպես գործող թանգարան»,-պատմում է Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Սեյրան Նազարյանը։
    Բացօթյա թանգարանը ստացել է «Թանգարան բաց երկնքի տակ» անվանումը։ Թանգարանի մասին գիտեն ինչպես հայաստանցիները, այնպես էլ օտարերկրյա հյուրերը, ովքեր գալիս են տեսնելու գետնափոր խրճիթները, խաչքարերը, թոնրատունն ու մատուռը։
    Ասլանյանը այժմ զբաղված է խաչքարեր պատրաստելով։ Մտադիր է 1001 խաչքարով եկեղեցի կառուցել․«Սովորական քար եկեղեցում չի դրվելու։ 607 խաչքար քանդակել եմ, 107-ը նվիրել եմ տարբեր քաղաքների։ Հիմա նորերն եմ պատրաստում, որ դնեմ եկեղեցում»։
    Բացի իր թանգարանից, Ասլանյանի խաչքարերը տեղ են գտել Պարույր Սևակի տուն-թանգարանում, Խոր Վիրապում, ինչպես նաև ՀՀ մի շարք քաղաքներում (Դիլիջան, Վանաձոր և այլն):
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3040

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: