«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

    Դիլիջանի կոմպոզիտորների տանն այսօր անցկացվեց «Մշակութային վերածնունդ» երրորդ փառատոնը։
    «Նախորդ տարիներին շեշտը դրել էինք գորգարվեստի վրա, կոչվում էր «Գորգարվեստի, դեկորատիվ կիրառական արվեստների փառատոն»,-լրագրողներին տեղեկացրեց փառատոնի կազմակերպիչներից Մարիա Մինասյանը։
    Մինասյանի խոսքով՝ Տավուշի մարզի և հատկապես Դիլիջան քաղաքի ընտրությունը պատահական չէ․«Տավուշը ձեռագործ արվեստների և կարպետագործության բնօրրան է։ Մենք ուզում ենք տուրիստական քաղաքներում զարգացնել զբոսաշրջությունը, իսկ Դիլիջանը՝ որպես զբոսաշրջային կենտրոն, խնդիր ունի ավելի բազմաբովանդակ ներկայանալու հյուրերին»։
   Հենց այս պատճառով էլ «Մշակութային վերածնունդ» փառատոնը կրում էր «Զբոսաշրջությունը միավորում է մշակույթներ» խորագիրը։
   Կոմպոզիտորների տանը ներկայացված էին Հայաստանի մարզերը և Արցախը։ Տաղավարներում տեղ էին գտել ինչպես մշակույթի տարրեր՝ քանդակներ, նկարներ, երաժշտական գործիքներ, գորգեր, այնպես էլ տեղանքին բնորոշ բանջարեղեններ, մրգեր ու քաղցրավենիք։ Այցելուները կարող էին ծանոթանալ նաև ներկայացված ցուցապաստառներին և տպագիր նյութերին։
    Ցուցահանդես-վաճառքին հաջորդեց համերգային ծրագիր։ Ելույթ էին ունենում Արցախից, ՀՀ մարզերից և մայրաքաղաք Երևանից Դիլիջան ժամանած երգի և պարի համույթները։
   
    «Մշակութային վերածնունդ» փառատոնն անցկացվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք փառատոնի լուսանկարները։

Նյութը և լուսանկարները՝ Աննա Կարապետյանի
  • Created on .
  • Hits: 3549

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: