ԿՐԿԵՍԱՅԻՆ ՏՈՆ ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ

   Օգոստոսի 29-ից հոկտեմբերի 4–ը Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո-կրկեսը հյուրախաղերով հանդես կգա Երևանում։ Խումբը ելույթ է ունենալու հագեցած կրկեսային ծրագրով։ Քսանից ավելի կենդանիներ՝ առյուծներ, ուղտեր, ձիեր, պոնիներ, ինչպես նաև կրկեսային ժանրի արտիստներ մեր քաղաքում կստեղծեն իսկական կրկեսային տոն։
    Տոնը նվիրված է կրկեսի, էստրադայի և կինոյի հայ դերասան, ծաղրածու, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 80–ամյակին։ Ծրագրի շրջանակներում «Իմպերիալի» կրկեսային արտիստները կանցկացնեն նաև վարպետության դասեր Ենգիբարյանի անվան կրկեսային դպրոց-ստուդիայի սաների համար։ Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի խոսքով ինքը երկար է փնտրել այն շապիտո-կրկեսը, որը պետք է ելույթ ունենա նման կարևոր առիթով։
    654«Երկար ժամանակ մտածում էի՝ ինչ կրկես բերենք, որ համապատասխանի մեծն Ենգիբարյանի 80-ամյակին։ Տեսա գրեթե բոլոր շապիտո-կրկեսները և կանգ առա «Իմպերիալի» վրա, որն, ի տարբերություն մյուսների, շատ բազմաժանր է։ 1992թ․-ից հետո այսպիսի ծրագիր չենք ունեցել»,-ասաց նա։
    «Իմպերիալ» շապիտո-կրկեսը գործում է 2005թ․-ից։ Սկզբում խումբը ելույթ է ունեցել միայն ռուսական լսարանի համար, իսկ հիմնադրումից յոթ տարի անց առաջին անգամ մեկնել են հյուրախաղերի՝ Ղազախստան։
    «Մեր կրկեսային ծրագիրը հասկանում է նաև այլ լսարան անկախ մշակույթից և կրկեսային արվեստի տեղի առանձնահատկություններից։ Կրկեսում հաջողությունը կախված է գործի հանդեպ սիրուց և հանդիսատեսի հետ անկեղծ շփումից»,-պատմում է «Իմպերիալ» շապիտո-կրկեսի փոխտնօրեն Անդրեյ Միտաչկինը։ Նա և խմբի արտիստներն առաջին անգամ են Երևանում։
    «Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակին ելույթ ունենալու պատասխանատվությունը մեծ է: Դրանից հետո հյուրախաղերը կշարունակվեն նաև ամբողջ Հայաստանով»,-նշեց նա։
    Կրկեսային տոնը կանցկացվի Կոմիտասի այգում (նախկին «Դելֆինարիումի» տարածք)։ Տոմսերը կարժենան 2000-5000 դրամ։
    Կրկեսային ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Երևանում գործող «Գիտություն և մշակույթ» ռուսական կենտրոնի աջակցությամբ։
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2698

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: