ԼՃԱՇԵՆԻ ԿԻԿԼՈՊՅԱՆ ԱՄՐՈՑԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

    Արդեն վեց տարի է, ինչ Լճաշենի կիկլոպյան ամրոցում վերականգնման աշխատանքները դադարեցվել են։ Մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ, վերականգնող-ճարտարապետ Հովհաննես Սանամյանի խոսքով պատճառը հուշարձանների վերականգնման ոչ բավարար ֆինանսավորումն է։
361    «2008 թ․-ին այստեղ տարվել են չափագրման և նախագծման աշխատանքներ, 2009 թ․-ին ամրակայվել է ամրոցի միջնաբերդի հյուսիսարևելյան հատվածը, որը կենտրոնական միջնաբերդի մեկ հինգերորդ մասն է միայն։ Վերականգնմանը տրամադրվել էր 16 մլն դրամ»,-ասում է Սանամյանը։
    Ճարտարապետ-վերականգնողը վստահեցնում է՝ նմանատիպ ամրոցներ աշխարհում քիչ կան․«Կիկլոպյան ամրոցները հետաքրքիր երևույթներ են։ Կիկլոպյան են կոչվում, քանի որ նման ամրոցների քարերը բավականին մեծածավալ են։ Մարդիկ մտածում էին, որ միայն կիկլոպները (հին հունական դիցաբանության մեջ ճակատի մեջտեղում գտնվող միաչքանի, հսկա հրեշ, ցիկլոպ,-հեղ․) կարող էին այդ քարերը իրար վրա դնել։ Նմանատիպ ամրոցներ կարելի է հանդիպել Հայաստանում և Հունաստանում։ Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում պահպանված լավագույն ամրոցներից մեկը Լճաշենի կիկլոպյան ամրոցն է»։
363    Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Լճաշենի կիկլոպյան ամրոց այցելեց նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
    «Հնագիտության ազգային ծրագիր է ներկայացվել կառավարություն։ Ծրագրում ընդգրկված է նաև Լճաշենի կիկլոպյան ամրոցը։ Եթե ծրագիրը հաստատվի, ամեն տարի կլինի որոշակի ֆինանսավորում»,-նշեց նախարարը։

    Լճաշենի բերդշենը՝ ամրոց բնակատեղին Լճաշեն գյուղից մոտ չորս հարյուր մետր հարավ-արևելք է, կառուցված Գեղամա լեռնաշղթայի հյուսիսային վերջավորությունը կազմող, ձորակներով և ուղղագիծ ժայռերով կտրտված բլուրների վրա, քարակառկառներով հարուստ բարդ տեղանքում, որն իր անմիջական ազդեցությունն է թողել ամրոց-բնակավայրի հատակագծային և ծավալատարածական լուծումների վրա։ Գյուղի արևելյան եզրին, քարաժայռի վրա փորագրված է Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը Կիեխունի քաղաքի (Լճաշենի ամրոց) երկիրը նվաճելու և Իշտիկունի քաղաքի երկիրը հասնելու մասին։ Բերդշենի կազմում ընդգրկված է 6 միջնաբերդ։ Արտաքին պարսպապատերն իրար շարունակություն կազմելով՝ շրջափակում են բնակավայրի ողջ տարածքը՝ կազմելով մի ամբողջական պաշտպանական համակարգ խիստ անկանոն հատակագծով` ընդգրկելով 17․45 հա տարածք։
    Լճաշենի ամրոցը կառուցվել է վաղ բրոնզի դարում, զգալիորեն ընդլայնվել ուշ բրոնզում և պահպանվել մինչև ուշ միջնադար։ Հուշարձանի տարածքում հայտնաբերված հնագիտական նյութերը թվագրվում են խալկոլիթից մինչև ուշ միջնադար։ Ուրարտական ժամանակաշրջանում վերակառուցվում է միայն կենտրոնական միջնաբերդի հյուսիսարևմտյան հատվածը, որտեղ առկա է Վան-Տոսպյան շինարվեստի ազդեցությունը։ Հուշարձանն իր գոյության ընթացքում զբաղեցրել է տարբեր տարածքներ․ բնակատեղիից վերածվելով ամրոցի, ամրոց-բնակատեղիի՝ բերդշենի, քաղաքատեղիի, ապա միջնադարյան գյուղատեղիի։

    ՀՀ պետական բյուջեի հատկացումներով 2008 թ․-ին կատարվել է Լճաշենի բերդշենի կենտրոնական միջնաբերդի ամրակայման և մասնակի վերականգնման նախագիծը։ 2009 թ․-ին իրականացվել են միջնաբերդի մուտքին հարող հատվածի պեղման և վերականգնման աշխատանքները։
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 4481

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: