«ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ» ԵԿԵԼ Է

     Առաջին անգամ անցկացվեց «Տերտերյանի ժամանակը» խորագրով փառատոն, որը կազմակերպվել էր Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում՝ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ստեղծագործական տանը։ Պատարագով և հոգևոր երաժշտությամբ մեկնարկած փառատոնը միավորել էր մշակույթի և արվեստի մի քանի ճյուղեր։ Մինչ համերգային մասը կսկսվեր, ստեղծագործական տան տարածքում ցուցահանդես-վաճառք էր իրականացվում, և ելույթ էին ունենում ֆոլկլորային տարբեր համույթներ։
    151Փառատոնին մասնակցելու համար Հայրավանք էին եկել ինչպես Հայաստանի տարբեր մարզերից, այնպես էլ արտերկրից։ Եկատերինբուրգից Հայաստան ժամանած նկարիչ Ալեքսեյ Ռիժկովը մեզ ներկայացրեց իր սաների աշխատանքները։ Հայ և այլազգի մի խումբ երեխաներ միասին պատկերել էին հայոց այբուբենը։
    «Ամեն տարի ունենում ենք կենդանի տառեր նկարելու հանձնարարություն։ Այս անգամ որոշեցինք հայոց այբուբենն անել։ Երեխաները մեծ ոգևորությամբ էին նկարում։ Խմբում մի հայ աղջիկ կար, ով մեզ բացատրում էր, թե ինչպես են այդ տառերը հնչում, քանի որ մենք միայն գրելաձևը գիտեինք։ Դժվար էր, քանի որ երեխաների մեծ մասը տարրական դպրոցի աշակերտներ էին, ովքեր նոր-նոր ռուսաց այբուբենն էին սովորել։ Երբեմն տառերը աջ ու ձախ էին անում, մի տառը նկարում էին, մեկ ուրիշ բան էր ստացվում, բայց ի վերջո այբուբենն ունեցանք»,-պատմում է Ռիժկովը։
    152Ալեքսեյ Ռիժկով բերել էր նաև իր նկարների համակարգչային կրկնօրինակները։ Մեծ մասում պատկերված էին խաչքարեր և Եկատերինբուրգի հայկական եկեղեցին։ Հետաքրքիր էր հատկապես խաչքարերից բաղկացած Արարատի պատկերը։
    Նկարչի հայրը՝ բժիշկ Մարկ Ռիժկովը, շատ է սիրել Հայաստանը։ Սովորելով հայերեն՝ ռուսերեն է թարգմանել Սևակի, Սահյանի և շատ այլ հայ պոետների բանաստեղծություններ․«Հայաստանը նրան հոգեհարազատ էր։ Լինում է, չէ, որ թվում է՝ այդ մարդը այդտեղ չպետք է ծնվեր։ Միգուցե հայրս պիտի Հայաստանում ծնվեր։ Նա էլ էր գրում բանաստեղծություններ, բայց իր թարգմանություններից ես նրան ավելի լավ եմ ճանաչում, իր անհատականությունն ավելի լավ է երևում»,-պատմում է Ալեքսեյ Ռիժկովը։
    Հայաստանում է արդեն երկրորդ անգամ։ Հասցրել է բացահայտել Մինաս Ավետիսյանին, Երվանդ Քոչարին, Մատենադարանի հին ձեռագրերը։
    «Հայաստանը զարմանալի, հրաշալի երկիր է։ Ինձ այստեղ շատ է դուր գալիս։ Երբ այստեղ եմ, թվում է՝ նորից հորս եմ հանդիպել»,-անկեղծանում է նա։
    153Նկարիչն իր հետ Հայաստան է բերել նաև «Հայաստանի պոեզիան Մարկ Ռիժկովի թարգմանություններում» ռուսալեզու գիրքը, որը Ռուբեն Տերտերյանի «Զրույց Ավետ Տերտերյանի հետ» գրքի անգլերեն հրատարակության հետ միասին ներկայացվեց փառատոնի ժամանակ։
    «Տերտերյանը կապված էր մեր քաղաքին։ Երկար ժամանակ ապրել է այնտեղ, համագործակցել ֆիլհարմոնիայի հետ։ Ես եղել եմ նրա համերգներին։ Հորս մահից հետո էլ մի անգամ բախտ եմ ունեցել նրան գիրք նվիրելու, հետը զրուցելու»,-ասում է Ռիժկովը։
    «Տերտերյանի ժամանակի» շրջանակներում ելույթով հանդես եկավ նաև Սվերդլովյան պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի լարային քառյակը։
    Փառատոնը ամփոփվեց Տերտերյանի «Սիմֆոնիա թիվ 6»-ով, որը կատարեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Ս․Սմբատյան)։
      «Երաժշտությունը, ընդհանրապես արվեստը գալիս է այն վայրկյանին, երբ դրա պահանջը կա։ Եթե չկա, ուզում ես նվագիր, ուզում ես՝ ոչ, արդյունք չի տալիս։ Երբ մարդն իր մեջ փնտրում է հոգևոր արժեքներ, ճիշտ այդ ժամանակ երաժշտությունը բացում է այն էսթետիկական ճանապարհը, որը վերջիվերջո բերում է նույն կետին, ինչ բերում է եկեղեցին, կրոնական ուսմունքը, բերում է դեպի Աստված։ Էսթետիկական ճանապարհը ամենադժվարներից է»,-նշում է կոմպոզիտորի որդին՝ Ռուբեն Տերտերյանը։
   
    «Տերտերյանի ժամանակը» խորագրով փառատոնն իրականացվեց «Մշակույթ և ապագա» մշակույթի զարգացման և հանրահռչակման հիմնադրամի, ՌԴ Սվերդլովյան շրջանի մշակույթի նախարարության, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ։ Փառատոնի կազմակերպմանն աջակցել էին ՀՀ մշակույթի նախարարությունը և Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը։ Փառատոնը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2769

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: