«ՔԱՂԱՔԱՅԻՆ ՔԱՆԴԱԿ» ԿԱՄ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԵՐԵՎԱՆ

    Հայ ժամանակակից քանդակագործներն ունեն իրենց երազանքների Երևանը, որտեղ տեղ են գտնում նաև իրենց աշխատանքները։
    Նկարիչների միությունում այսօր բացվեց «Քաղաքային քանդակ» էքսպերիմենտալ ցուցահանդեսը, որն ինչպես քանդակների, այնպես էլ լուսանկարների ցուցահանդես է: Լուսանկարներ, որտեղ ներկայացված են Երևանի տարբեր հատվածներում տեղադրված քանդակներն ավելի մեծ չափերով։ Երազանքների Երևանը փորձել են իրականություն դարձնել ֆոտոմոնտաժի միջոցով։ Ցուցահանդեսի մտահղացումը քանդակագործ Նունե Թումանյանինն է, ով նաև հանդիսանում է ցուցահանդեսի համադրողը։
    DSC08908«Երբ շարունակ երազում ես, որ քաղաքում քո գործերից մեկը լինի և տեսնում ես, որ երազանքդ չի իրականանում, և պարզ էլ չէ՝ կիրականանա, թե ոչ… որոշեցի ֆոտոմոտաժի միջոցով աշխատանքներս քաղաքային միջավայր տեղափոխել, տեսնել, թե ինչքանով են նայվում։ Մի քանի փորձ արեցի, տեսա՝ ստացվում է, հետաքրքիր է, և քանդակագործ ընկերներիս համախմբեցի այդ գաղափարի շուրջ»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց Նունե Թումանյանը։
       Նա հավանել է հատկապես Համլետ Մատինյանի «Մեր մանկության հուշերից» շարքը։ Շարքի աշխատանքներից մեկում ծիրանի կորիզներ են, որոնցից նախկինում սուլիչներ են պատրաստել։
         «Սա կապ է անցյալի հետ, բայց հետաքրքիր է նաև այսօր»,- նշեց Նունե Թումանյանը։
    Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։ Նրա խոսքով այս ժանրի և թեմատիկայի ստեղծագործությունները մի տեղում հավաքելը աննախադեպ է և արդիական․ ««Քաղաքային քանդակը» արձագանքում է մեր պահանջներին։ Ոչ միայն Երևանի, այլև հանրապետության մյուս քաղաքների համար սպասված միջոցառում է մեր ունեցածը  գնահատելու, իմի բերելու համար, ինչպես նաև  քանդակները իրենց համապատասխան և արժանի տեղերում տեսնելու ակնկալիքով»։
  DSC08890Քանդակագործ Հովհաննես Գասպարյանը ցուցահանդեսին ներկայացել է «Հայի ոգին» քանդակով, որը պատրաստել է թափոններից, պապյե-մաշե տեխնիկայով։ Աշխատել է մոտ մեկ ամիս։ Վերջին շրջանում ստեղծագործում է հենց այդ տեխնիկայով, քանի որ գործերը թեթև են ստացվում, տեղափոխելն էլ հեշտ է։
    «Աշխատում եմ նաև բրոնզով, քարով։ Եթե ստեղծագործում ես, և նյութը ճկվում է, ենթարկվում է քեզ, կարող ես իրականացնել ցանկացած գաղափար»,- վստահեցնում է Հովհաննես Գասպարյանը։
    Նա մանկուց նկարել է։ Սովորել է Իգիթյան արվեստի կենտրոնում, գրեթե բոլոր բաժիններում՝ գրաֆիկայից մինչև գոբելեն։
    «Յոթերորդ դասարան էի, երբ մտա քանդակի արվեստանոց։ Զգացի, որ իմն է, սիրեցի քանդակը։ Հետո արդեն ընդունվեցի Գեղարվեստի ակադեմիա, աշխատեցի Գեղագիտության ազգային կենտրոնում։ Հիմա էլ իմ կենտրոնն ունեմ, որտեղ երեխաներին նկարչություն և քանդակագործություն եմ սովորեցնում»,-պատմում է քանդակագործը։
  DSC08873«Հայի ոգին» քանդակագործի «Ասպետներ» շարքից է։ Ասում է՝ ասպետները մարդ տեսակի ներքին բախումների խորհրդանիշներ են ոչ թե պատմությունից հայտնի ասպետներ․ «Մարդը ամենադժվարը կռվում է ոչ թե թշնամու կամ հակառակորդի դեմ, այլ ինքն իր։ Եթե մարդն այդ կռիվը հաղթահարում է, մտավոր և հոգևոր էվոլյուցիա է ապրում»։
       Իր քանդակը Հովհ․ Գասպարյանը շատ է ցանկանում տեսնել Սիրահարների այգում։
  «Քաղաքային քանդակ» էքսպերիմենտալ ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում կցուցադրվի մինչև օգոստոսի 3-ը։
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3513

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: