«ՖՐԵՍԿՈ» ՓԱՌԱՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

    Հունիսի 27-ին մեկնարկած «Ֆրեսկոն» այս տարի ավանդական վրանային կինոճամբարն անցկացրեց Հառիճավանքի տարածքում: Երեք օր՝ հուլիսի 2-ից 4-ը, Երևանից ժամանած խմբերն ու տեղացիները (շուրջ 160 հոգի) բացօթյա կինոդիտումների, համերգների ու քննարկումների մասնակիցը դարձան:
  Փառատոնում ներկայացված արտասահմանյան կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերի ցուցադրությունից բացի՝ կինոճամբարի մասնակիցները հնարավորություն ունեցան դարձյալ դիտելու Սանկտ Պետերբուրգից հրավիրված ավազանկարչուհի Դարյա Կոտյուխի ավազե անիմացիոն շոուն, Արևմտյան Հայաստանում արված լուսանկարների ցուցահանդեսը, մասնակցելու ազգագրական երգ ու պարի համերգին, ինչպես նաև ասեղնագործության վարպետության դասին:
  FrescocampՎրաններ, եկեղեցու պատին տեղադրված մեծ էկրան, գետնին նստած դիտումների համար հարմարեցված «Ֆրեսկո» բարձեր և ոչ միայն… այս ամենը հինավուրց Հառիճվանքի հարակից տարածքը ժամանակավորապես վերածել էին բացօթյա կինոթատրոնի: Այն, սակայն, մյուս կինոթատրոններից տարբերվում էր նրանով, որ ֆիլմերի դիտմանը հաջորդում էր քննարկումը հանդիսատեսի և ֆիլմերի ստեղծողների միջև, ովքեր հատուկ փառատոնին մասնակցելու համար ժամանել են Հայաստան:
    Հառիճավանքի «ժամանակավոր կինոթատրոնում» երկու կինոերեկոների ընթացքում ցուցադրվեցին շուրջ երկու տասնյակ ֆիլմեր, որոնց մի մասի ռեժիսորներն ու պրոդյուսերները մասնակցում էին կինոճամբարին: Իրենց ֆիլմերի մասին պատմեցին, հարցերին պատասխանեցին իտալական «Մոհամեդն ու ձկնորսը» ֆիլմի ռեժիսոր Մարկո Լեոպարդին, «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմի ռեժիսոր Արեն Մալաքյանը, բելառուսական «Մայիս 1945» ֆիլմի պրոդյուսեր Նոնա Սիսակյանը, ռուսական «Մեդեմ» ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Նաումովը և ուրիշներ: Իսկ իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի «Աղոթք» ֆիլմը և ավազանկարչուհի Դարյա Կոտյուխի ավազե անիմացիան ցուցադրվեցին հենց վանական համալիրի ներսում:
    fresco shirak «Ես Հայաստանից դեռ չեմ գնացել, բայց արդեն հետ վերադառնալու հնարավորություն եմ փնտրում: Այստեղ զարմանալի մարդիկ են ապրում` զարմանալի աչքերով: Այս օրերին շատ եմ շրջել ու շփվել մարդկանց հետ: Այնպիսի աչքեր, ինչպիսին հայերինն են, երբեք որևէ տեղ չեմ հանդիպել: Կարծում եմ` պատահական չէր, որ ես հայտնվեցի Հայաստանում ու մասնակցում եմ այսպիսի գաղափարախոսությամբ փառատոնի»,- ասում է Դմիտրի Բրիկմանը:
   Երևանյան բացօթյա կինոդիտումներով, վարպետության դասերով, համերգներով, հանդիպումներով, մարզային վրանային կինոճամբարով և իհարկե գիշերային խարույկով «Ֆրեսկոն» մոտեցավ իր ավարտին: Փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը տեղի  է ունեցել  այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում:
  • Created on .
  • Hits: 2658

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: