ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԸ Պ. ՉԱՅԿՈՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

    Ավարտվեց Պ. Ի. Չայկովսկու անվան միջազգային մրցույթը, որն այս տարի հոբելյանական էր՝ թվով 15-րդը, նվիրված էր ռուս մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 175-ամյակին:
    Պ. Ի. Չայկովսկու անվան միջազգային մրցույթը երաժշտական աշխարհի սպասված իրադարձություններից է: Առաջին անգամ այն կայացել է Մոսկվայում 1958 թվականին և անցկացվում է յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ: Առաջին մրցույթն անցել է երկու անվանակարգով՝ «Դաշնամուր» և «Ջութակ»: 1962 թվականից ավելացել են «Թավջութակ», իսկ 1966-ից՝ «Մեներգեցողություն» անվանակարգերը: 2011 թվականից մրցույթն անցկացվում է Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում:
    Մրցույթի դափնիները համաշխարհային ճանաչում են բերել բազում երիտասարդ տաղանդավոր երաժիշտների, որոնք այսօր հեղինակավոր անուններ են երաժշտական երկնակամարում: Նրանց թվում են դաշնակահարներ Վան Կլիբերնը, Վլադիմիր Աշկենազին, Գրիգորի Սոկոլովը, Միխայիլ Պլետնևը, Բորիս Բերեզովսկին, Նիկոլայ Լուգանսկին, Դենիս Մացուևը, ջութակահարներ՝ Վիկտոր Տրետյակովը, Գիդոն Կրեմերը, Վիկտորիա Մուլլովան, Վլադիմիր Սպիվակովը, թավջութակահարներ՝ Նատալյա Գուտմանը, Միշա Մայսկին, Դավիդ Գերինգասը, Բորիս Պերգամենշչիկովը, Անտոնիո Մենեզեսը, Իվան Մոնիգետին, երգիչներ՝ Վլադիմիր Ատլանտովը, Ելենա Օբրազցովան, Եվգենի Նեստերենկոն, Պաատա Բուրչուլաձեն, Դեբորա Վոյթը և այլոք: Հայազգի երաժիշտներից այս մրցույթի տարբեր տարիների դափնեկիր են հռչակվել երգիչներ Սարգիս Գույումջյանը, Գեղամ Գրիգորյանը, Մարիա Գուլեգինան, Բարսեղ Թումանյանը, ջութակահարներ Ժան Տեր-Մերկերյանը, Ռուբեն Ահարոնյանը, Մովսես Պողոսյանը, թավջութակահարներ Լևոն Մուրադյանը, Սուրեն Բագրատունին, Նարեկ Հախնազարյանը և այլք:
    Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթին այս տարի մասնակցության հայտ էին ներկայացրել 623 երաժիշտ-կատարող 45 երկրներից՝ Ռուսաստան, Ավստրալիա, Ավստրիա, Բելառուս, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Վիետնամ, Գերմանիա, Վրաստան, Հունաստան, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան, Կանադա, Չինաստան, Կոլումբիա, Լատվիա, Լիտվա, Մակեդոնիա, Մոլդովա, Մոնղոլիա, Հոլանդիա, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հյուսիսային Կորեա, ԱՄՆ-ի, Թուրքիան, Ուզբեկստան, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Չեխիա, Խորվաթիա, Շվեդիա, Շվեյցարիա, Էստոնիա, Հարավային Կորեա, Ճապոնիա…
    Չայկովսկու անվան 15-րդ մրցույթի Գրան պրի մրցանակին արժանացավ Մոնղոլիան ներկայացնող վոկալիստ Արիունբատար Գանբատարը:
     Հայաստանը հոբելյանական մրցույթին ներկայացված էր 3 մասնակցով, որոնք հանդես էին գալիս «Մեներգեցողություն» անվանակարգում. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, միջազգային մրցույթների դափնեկիր Մանե Գալոյան (սոպրանո) (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի դասարան), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի 2015 թ. շրջանավարտ Հովհաննես Ներսեսյան (բաս) (ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Գևորգ Հակոբյանի դասարան), Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Հովհաննես Այվազյան (տենոր):
     Երիտասարդ տաղանդավոր երգչուհի Մանե Գալոյանը հիանալի է հանդես եկել մրցութային պայքարի բոլոր փուլերում և արժանացել Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթի 3-րդ մրցանակին՝ Բրոնզե մեդալ և 10.000 ԱՄՆ դոլար:
    Մրցույթի դափնկիրների շարքում էր նաև ռուսաստանաբնակ հայազգի ջութակահար, միջազգային տարբեր մրցույթների բազմակի դափնեկիր Հայկ Ղազազյանը, ում նույնպես բաժին հասավ Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթի 3-րդ մրցանակը:
  • Created on .
  • Hits: 3120

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: