ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԴԵՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԵՐԿԻՐ

    Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Տաշիր գրուպ» ընկե­րու­թյան հովանավորությամբ հունիսի 5-8-ը Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով, «Երաժշտության հայկական տարրերը» խորագիրը կրող հայեցակարգով մասնակցել է Միդեմ մի­ջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնին: Ծրագիրն իրականացրել է «ՊրոԱրտ» ընկերությունը: 
    Միդեմ-2015 փառատոնին ներկա է գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում էին հայ երաժշտարվեստի անվանի գործիչներ՝ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, ֆրնասահայ երգչուհի Ռոզի Արմենը, ֆրանսահայ անվանի ռեժիսորներ Ալեն Թերզյանն ու Ռոբեր Գեդիկյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը, երաժշտագետ Աննա Արևշատյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը: 
    3 2Միդեմ երաժշտական ինդուստրիայի միջազգային փառատոնը հիմնադրվել է 1966 թ. Կաննում և համարվում է ոլորտում առա­­ջատար փառատոներից մեկը: Փառատոնին մասնակցում են աշխարհի  ձայնագրման հեղի­նակավոր ընկերությունները, հայտնի երգիչներ, խմբեր, պրոդյու­սերական կենտրոններ, երաժշտական հրատարակչություններ, մենակատարներ և երաժշտական խմբեր: 
    Որպես Միդեմ-2015 փառատոնի Հայաստանի խոր­հրդանիշ ընտրվել էր նուռը, որը պատկերված է չորս գույնով` խորհրդանշող չորս տարերքները` հողը, օդը, ջուրը և կրակը:
Հատուկ Միդեմ-2015 փառատոնի համար պատրաստվել էր «Մենք հայ ենք» խորագրով տեսահոլովակը, որը մշտապես ցուցադրվում էր տաղավարում և բացօթյա տարածքներում:
    Չորս օրերի ընթացքում Կաննում թևածում էր հայկական շունչը. ինչպես բացօթյա բեմահարթակներում, այնպես էլ համերգային դահլիճներում հնչում էր հայ դասական, հոգևոր, ջազ, ռոք, էթնո-ջազ երաժշտությունը:
    2 2Հունիսի 5-ին «Պալե դե ֆեստիվալի» «Ռիվերա» սրահում տեղի ունեցավ Հայաստանի տաղավարի պաշտոնական բացմանը նախորդող մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ս. Սմբատյանը, «Հայ հեղինակ» կազմա­կեր­պության ղեկավար Ս. Ներսիսյանը, «Կատուներ» ջազ համույթի ղեկավար Վ. Հայ­րապետյանը, «Պրո Արտ» ընկե­րու­թյան տնօրեն Ռ. Տոնիկյանը, «Տաշիր գրուպ» ընկե­րու­թյան ներկայացուցիչը: Մասնակիցները ներկայացրեցին հայաստանյան տաղավարի հայեցակարգն ու բաղադրիչները: Նախարարի գնահատմամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարե­լիցի միջոցառումների համատեքստում Հայաստանը Միդեմ երաժշտական փառա­տոնին ներկայանում է հզոր երաժշտական ներուժով: «Հիշողություն, երախ­տա­գիտություն, միջազգային ճանաչում, վերածնունդ» կարգախոսի համապատկերում Միդեմ-ը հրաշալի հարթակ է ոչ միայն ներկայանալու վերածնված Հայաստանի ողջ ստեղծագործական ներուժով, այլև իր արժանի տեղը զբաղեցնելու միջազգային երաժշտական տա­րածքում:
   6 1 Հունիսի 6-ին «Պալե դե ֆեստիվալի» հիմնական ցուցադրության հատվածում տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությունը: Հայաստանյան տաղավարը բաղկացած էր երաժշտարվեստի ոլորտում ստեղծված տեսա, ձայնա և մուլտմեդիա սկավառակների, երաժշտական գրականության, Հայաստանը ներկայացնող ալբոմային գրակա­նության, հայկական երաժշտական դաշտում գործող բոլոր կազմա­կերպությունների վերաբերյալ տեղեկատվական թերթիկների, երաժշտագիտական գրականության և այլ բաժիններից: Տաղավարում ներկայացված էր նաև Ռ. Ան­գալադյանի «Երևան-Փարիզ 1915-1940 թթ.» գիրք-ալբոմը, Ա. Սիրանոսյանի «Հայը աշխարհի կոմպոզիտորների օպերաներում» գիրքը:
    Բացմանը Հայաստանի տաղավար է այցելել Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարար Ֆլյոր Պելլերենը: Երեկոյան Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարը Ֆրանսիայի արվեստի ու գրականության շքանշանով պարգևատրել է Հայաստանի երիտասարդական պետական նվագախմբի գեղարվես­տական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատ­յանին: Ապա, Ֆրանսիայի մշակույթի նախարարին ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Քննարկվել են հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր:
    Փառատոնային օրերի ընթացքում ելույթ են ունեցել «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ ու «Կատուներ» համույթները, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, «Ամբասադոր», «Դորիանս» և «Ակուստիկ հոլլ» խմբերը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը: Վերջինիս համերգին ներկա էր լեհ անվանի կոմ­պո­զիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, որի՝ Հայոց ցեղասպա­նության 100-րդ տարելիցին նվիրված «Սաղմոս 3» ստեղծագործությունը կատարվեց երգչախմբի կողմից:
13    «Դեբյուսի» համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի պետա­կան երիտասարդական նվագախմբի համերգը թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ: Համերգը հեռարձակվել է Հայաստանի Հան­րային հեռուստաընկերության ուղիղ եթերով, զուգահեռաբար ցուցադրվել է Կասկադ համալիրում տեղադրված մեծ էկրան­ներին:  
Այս օրերին «Պալե դե ֆեստիվալի» սրահներից մեկում անցկացվել են դասախոսություններ՝ նվիրված հայկական երա­ժշտարվեստին: Դասախոսություններով հանդես են եկել Ծ. Չալոյանը` «Հայ-ֆրանսիական մշակութային կապերը», Ա. Սիրանոսյանը` «Հայը աշխարհի կոմպոզիտորների օպերաներում», Մ. Նավոյանը` «Հայ մոնոդիկ երաժշտությունը», Ն. Կոստանդյանը` «Կոմիտասի ժառան­գությունը և Կոմիտասի թանգարանը», Կ. Բրուտյանը` «Հայ ժողովրդական նվագարանները», Գ. Դաբաղյանը` «Դուդուկը և նրա երաժշտությունը» թեմաներով: 
    Հունիսի 5-7-ը յուրօրինակ ցուցադրությամբ ներկայացվել են նկարիչ Տիգրան Ձիթողցյանի երկու նոր մեծամասշտաբ գեղանկարները և կատալոգը, ինչպես նաև դիզայներ Վահան Խաչատրյանի հեղինակած հնագույն հայկական մո­տիվ­ներով հա­գուստ­ները: 
    Միդեմ-2015 փառատոնի շրջանակում հայ-ֆրանսիական մշա­կութային կապերի զարգացման և հայա­պահպա­նության համար Ռոզի Արմենը և Ռոբեր Գեդիկյանը՝ ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել են «Պատվո շքանշանով»: 
    Կաննում Հայաստանը լիարժեք ներկայացված էր նաև վիզուալ առումով. այդ օրերին քաղաքը զարդարված էր հայկական գույներով, հրապարակները` «Հայաստան-Պատվավոր երկիր» խորհրդանշող դրոշներով, քաղաքային վահա­նակներն ազդարարում էին հայկական միջոցառումների ու ծրագրերի մասին, իսկ Կաննի հայտնի փառատոնի դահլիճի ճակատային վահանակը նվիրված էր Հայաստանին:
  • Created on .
  • Hits: 2813

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: