ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Ուկրաինայի, Մոլդովայի, Ֆինլանդիայի, Նիդերլանդների և Պորտուգալիայի կրթության ոլորտի և Եվրոպական համալսարանների ընկերակցության ներկայացուցիչները Հայաստանում են: Մասնագետ-փորձագետները մեր երկիր են ժամանել կրթական ֆորումին մասնակցելու համար:
Մասնակիցները քննարկել են հարցեր` կապված Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի բուհական համակարգի ինքնավարության և կայունությանն առնչվող մարտահրավերների հետ: Խնդիրները և դրանց ընկալման համակարգային և ինստիտուցիոնալ մակարդակները ներկայացվել են զեկուցումների ձևով: Համեմատական վերլուծության միջոցով մասնակիցները կարողացել են գտնել լուծումներ վերհանված խնդիրների համար:
Ֆորումի արդյունքների ամփոփումը տեղի ունեցավ մայիսի 13-ին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ): Արդյունքների հրապարակմանը ներկա էին նաև Բոլոնյան համակարգի կրթության նախարարներ և փորձագետներ (Երևանում շուտով տեղի է ունենալու նաև Բոլոնյան համակարգի նախարարական համաժողով):
«Կարևոր էր հասկանալ՝ մենք ինչ մակարդակի վրա ենք, ինչպես է մեր այդ մակարդակը հարաբերվում համաեվրոպական մակարդակի հետ և ինչ ունենք անելու: Վերջին տարիներին շատ բաներ շտկել ենք: Մի քանի համալսարանների հետ ԵՊՀ-ն անցել է հիմնադրամի կարգավիճակի, ինչը նախորդից մեկ քայլ առաջ է, բայց շատ համալսարաններ դեռ իրենց իրավական-կազմակերպական կարգավիճակը չեն փոխել: Այս գործընթացին զուգընթաց հնարավոր կլինի նաև մտածել հիմնադրամի մեկ այլ տարատեսակի մասին, որը շատ ավելի հարմար կլինի կրթական հիմնարկների, մասնավորապես՝ բուհերի համար»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Սիմոնյանի խոսքով՝ կրթության ոլորտին վերաբերող մի շարք օրենքներ փոփոխությունների կարիք ունեն, պետք է նաև հավասարակշռություն մտցնել համալսարանի ինքնավարության և արտաքին կառավարման համակարգերի միջև:
Ռեկտորն ասում է, որ թեև առաջիկա հինգ տարիներին համալսարանը շատ բան ունի անելու, բայց մի շարք հարցերում արդեն այսօր առաջ է այլ երկրներից. «Ֆինանսական, կազմակերպչական ինքնավարության, կադրերի ընտրության, ԿԳՆ-ի հետ համագործակցության և մի շարք այլ հարցերում մենք ավելի առաջ ենք, քան Ուկրաինան և Մոլդովան: Զարմացա, երբ իմացա, որ Ուկրաինայում համակարգը կարծր է, ինքնավարության խնդիրը՝ ավելի սահմանափակ, քան Մոլդովայում»:
Արամ Սիմոնյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է հետևի եվրոպական երկրների, ասենք՝ Ֆինլանդիայի օրինակին. «Փոքր երկիր է, կրթական համակարգն էլ՝ փոքր, համապարփակ, համապատասխան մեր մասշտաբներին: Այն փորձը, որ կուտակել է Ֆինլանդիան բարձրագույն կրթության ոլորտում վերջին տարիներին, արժե ընդօրինակել»:
Եվրոպական համալսարանների ասոցիացիայի նախագահ Լեսլի Վիլսոնը նշեց, որ ընտրվել են այս երեք երկրները, քանի որ կրթական համակարգում կան ընդհանրություններ. «Ինքնավարությունը մի ոլորտ է, որ չափազանց կարևոր է բոլոր եվրոպական համալսարանների համար: Յուրաքանչյուր երկրի կրթական համակարգ մյուսից սովորելու բան ունի: Այս առումով երեք կողմերի համար էլ սա օգտակար ֆորում էր»:
Ինքնավարության չափանիշների մասին զրուցեցինք ԵՊՀ գիտական քարտուղար, «ATHENA»նախագծի հայաստանյան համակարգող, ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանի հետ:
«Ինքնավարությունը չափման չորս չափանիշ ունի՝ կազմակերպական (համալսարանների կազմակերպական իրավիճակների և դրանից բխող բազմաթիվ սահմանափակումների մասին), ֆինանսական (որքանով են ինքնուրույն համալսարանները իրենց ռեսուրսները տնօրինելու հարցում), աշխատակազմի (աշխատանքի ընդունման, ազատման հարցեր) և ակադեմիական ինքնավարություն (բուհերի ընդունելություն, առարկայական ծրագրեր): Իրավիճակի գնահատման, բուհերի տարբեր շահառուների կարծիքների հիման վրա ձևավորվել է ճանապարհային քարտեզ համակարգային մակարդակում այնպիսի քաղաքականություն զարգացնելու համար, որը կնպաստի բուհերի ինքնավարության զարգացմանը»,- տեղեկացրեց ԵՊՀ գիտական քարտուղարը:
Ֆորումն իրականացվում էր Եվրամիության «Տեմպուս»ծրագրի «ATHENA» (Աջակցություն Եվրոպական հարևանության տարածքի բուհերի ինքնավարության ու կայունության ամրապնդմանը) նախագծի շրջանակներում: Ծրագրի համակարգողն է Եվրոպական համալսարանների ասոցիացիան: Նախագծի մեջ ներգրավված են Հայաստանը, Ուկրաինան և Մոլդովան: Որպես գործընկերներ Հայաստանից ներգրավված են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը, Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և Գավառի պետական համալսարանը: Նախագծի հայաստանյան համակարգողն է ԵՊՀ-ն:
Լուսանկարները տե՛ս այստեղ:
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 2719