«ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ». ԿԻՆՈՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

    «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ տարբեր երկրներում կազմակերպում է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: Ծրագիրը կրում է «Այլևս երբեք» խորագիրը և ներառում հանդիպումներ, սեմինարներ ու ֆիլմերի ցուցադրություններ: Ներկայացված էին 20-ից ավելի հայ և արտասահմանցի ռեժիսորների ֆիլմեր: Ընտրվել են տարբեր ժամանակահատվածներում նկարահանված Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական և խաղարկային ֆիլմեր: Հաշվի առնելով քաղաքական, մշակութային և գեղարվեստական առանձնահատկությունները` յուրաքանչյուր երկրի համար կազմվում է  առանձին ծրագիր և ֆիլմացանկ:
  Շնորհիվ «Ոսկե ծիրան»-ի կապերի և գործընկեր փառատոների հետ սերտ համագործակցության՝ «Այլևս երբեք» ծրագիրը  հնարավոր դարձավ ներկայացնել տարբեր միջազգային հեղինակավոր կինոփառատոների պաշտոնական ծրագրերում: Հայաստանից մեկնած պատվիրակության ներկայացուցիչները, որոնց թվում էին պատմաբաններ, կինոքննադատներ, ռեժիսորներ, ֆիլմերի ցուցադրությունից առաջ ներկայացնում էին  ծրագրի նպատակն ու առաքելությունը, ապա ֆիլմի ավարտից հետո պատասխանում հանդիսատեսի հարցերին:
     «Այլևս երբեք…» կինոցուցադրությունների ծրագրի առաջին կիսամյակում   միջոցառումներ են կազմակերպվել արդեն  յոթ երկրում, այդ թվում՝ Բելառուսում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Լիտվայում և Թուրքիայում:
    Ծրագրի առաջին կիսամյակը կամփոփվի Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որը տեղի է ունենալու հունիսի 19-ից 26-ը և ներառելու է Մեծ եղեռնին նվիրված 7 ֆիլմի ցուցադրություն: Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի ավարտից հետո:
    Յուրաքանչյուր երկրում կազմակերպված կինոցուցադրությունների և  միջոցառումների մասին առանձին հակիրճ տեղեկատվությունը՝ ստորև:
 
Գերմանիա-Բեռլին,  Մ. Գորկու անվան թատրոն
մարտ  7 - ապրիլ  6, 2015թ
    MRZ3057«Այլևս երբեք» ծրագիրը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կազմակերպ-վեց Մաքսիմ Գորկու անվան թատրոնի հետ համատեղ: Ծրագրի համադրողն էր նշանավոր կինոօպերատոր, ռեժիսոր Ֆրեդ Քելեմենը: 
  Ծրագրի նախնական գաղափարը Գերմանիայում վերածվեց  հայկական մշակույթի մեկամսյակի՝ ստանալով «Պաղատանք» ընդհանուր խորագիրը: 
   Մաքսիմ Գորկու անվան թատրոնի հրավերով բացման արարողությանը մասնակցեց և ֆիլմեր ներակայացրեց «Այլևս երբեք» ծրագրի համակարգող, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը: Բեռլինում ցուցադրվեց  ֆիլմերի հարուստ ընտրանի, ինչպես նաև տեղի ունեցավ Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: «Գերմանիան և ցեղասպանությունը» թեմայով դասախոսությամբ  հանդես եկավ  «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ-ի պատվավոր նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Սարգսյանը:

Հանդիսատեսին ներկայացված ֆիլմերի ընտրանին՝
«Հոշոտված Հայաստան» - ռեժիսոր՝ Օսկար Ափֆել
«Տատիկիս  դաջվածքները» - ռեժիսոր՝ Սյուզան Խարտալյան
«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» - ռեժիսոր՝ Հարություն Խաչատրյան (հանդիպում ռեժիսորի հետ)
«Նահապետ» - ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան
«Խավարում» - ռեժիսոր՝ Արա Երնջակյան
«Հողը» - ռեժիսոր՝ Դևրիմ Աքքայա
«Մենք նույն ջուրն ենք խմել» - ռեժիսոր՝ Սերժ Ավեդիկյան
«Շների կղզին» - ռեժիսոր՝ Սերժ Ավեդիկյան
«Սարոյանի հողը» - ռեժիսոր՝ Լուսին Դինք
«Քար, ժամանակ, հպում» - ռեժիսոր՝ Կարինե Թորոսյան
«Կարոտ» - ռեժիսոր՝ Ֆրունզե Դովլաթյան
«Ճչացողները» - ռեժիսոր՝ Կառլա Կարապետյան
«Ապագան ձգվում է հավերժ» - ռեժիսոր՝ Օզջան Ալփեր
«Կոմիտաս» -  ռեժիսոր՝ Դոն Ասկարյան
«Ճանապարհորդություն դեպի Ամասիա» - ռեժիսոր՝ Ռենդի Բել
«1915» - ռեժիսորներ՝ Կարին Հովհաննիսյան, Ալեք Մուհիբյան
«Արարատ» - ռեժիսոր՝ Ատոմ Էգոյան
«Սպի» - ռեժիսոր՝ Ֆաթիհ Աքին

Շվեյցարիա - Նիոն, Նիոնի Վիժըն դյու Ռեել միջազգային կինոփառատոն
Ապրիլ 19, 2015թ
    IMG 9843Նիոնի Վիժըն դյու Ռեել միջազգային 46-րդ կինոփառատոնն այս տարի կայացավ ապրիլի 17-ից 25-ը: «Ոսկե ծիրան»-ի առաջարկով փառատոնի շրջանակներում անցկացվեց հուշ-երեկույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի 60-ամյա հոբելյանի առթիվ փառատոնի շրջանակներում անցկացվող նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները ևս ներառվեցին վերը նշված ծրագրի շրջանակներում:

Հանդիսատեսին ներկայացված ֆիլմերի ընտրանին՝
«Մեր Ատլանտիդան» - ռեժիսոր՝ Արթուր Սուքիասյան
«Աքսորում երգողները» - ռեժիսոր՝ Նատալի Ռոզետտի

Ֆրանսիա-Փարիզ, Եվրոպա ֆիլմ ակտ միջազգային կինոփառատոն
մարտ 19-23, ապրիլ 3-7, մայիս 27, 2015թ
   «Այլևս երբեք» ծրագիրը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կազմակերպվեց «Եվրոպա ֆիլմ ակտ» կինոփառատոնի շրջնականերում, որը եվրոպական ամենահայտնի փառատոներից մեկն է: Կարևոր ձեռքբերում է այն, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ հայկական ֆիլմերի բովանդակ ծրագիր ներկայացվեց Փարիզում՝ շուրջ 15 լիամետրաժ, վավերագրական և կարճամետրաժ հայկական ֆիլմեր: Ծրագիրն ու ֆիլմերը ներկայացնելու համար Հայաստանից մեկնած պատվիրակության թվում էին կինոգետներ Սուսաննա Հարությունյանը և Դավիթ Մուրադյանը, կինոռեժիսորներ Արա Երնջակյանը և Հարություն Խաչատրյանը:

Հանդիսատեսին ներկայացված ֆիլմերի ընտրանին՝
«Ապրիլ» - ռեժիսոր՝ Վիգեն Չալդրանյան
«Խավարում» - ռեժիսոր՝ Արա Երնջակյան
«Պոլիս» - ռեժիսոր՝ Էրիկ Նազարյան
«Շների կղզին» - ռեժիսոր՝ Սերժ Ավեդիկյան
«Հակոբ Հովնաթանյան» - ռեժիսոր՝ Սերգեյ Փարաջանով
«Նռան գույնը» - ռեժիսոր՝  Սերգեյ Փարաջանով
«Մենք ենք, մեր սարերը» - ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան
«Հնձան» - ռեժիսոր՝ Բագրատ Հովհաննիսյան
 
Բուլղարիա-Սոֆիա, Սոֆիայի միջազգային կինոփառատոն, Օդեոն կինոթատրոն
Մարտ 13-19, 2015թ
 MRZ3072 Սոֆիայի միջազգային կինո-փառատոնը այս տարի անց էր կացվում 19-րդ անգամ: Փառատոնի շրջանակներում ցեղասպանության ծրագրի ցուցադրությունները տեղի ունեցան Բուլղարիայի երեք քաղաքներում՝ Սոֆիայում, Պլովդիվում և Վառնայում: Փառատոնին հայկական կողմից ներկա էր կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
   Սոֆիայի կինոփառատոնի շրջանակներում ցուցադրումների համար պատրաստվել էր հատուկ ազդագիր, որի վրա ծրագրի աջակիցների տարբերանշաններն էին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հատուկ տարբերանշան անմոռուկը:

Հանդիսատեսին ներկայացված ֆիլմերի ընտրանին՝
«Արտույտների ագարակը» - ռեժիսորներ՝ Վիտորիո և Պաոլո Տավիանի
«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» - ռեժիսոր՝  Հարություն Խաչատրյան
«Սպի» - ռեժիսոր՝  Ֆաթիհ Աքին

Լիտվա-Վիլնյուս, Վիլնյուսի միջազգային կինոփառատոն
մարտ 29, 2015թ
    img54«Այլևս երբեք» ծրագրը Վիլնյուսում իրականացավ Վիլնյուսի «Կինոգարուն» (Kino Pavasaris) միջազգային 20-րդ հոբելյանական կինոփառատոնի շրջանակներում: «Ոսկե ծիրանի» գործընկեր կինոփառատոնը հուշ-երեկույթի կազմակերպման հիմնական գործառույթն իր վրա վերցրեց: Ելույթներով հանդես եկան Լիտվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը, Վիլնյուսի ՄԿՓ-ի տնօրեն Վիդա Ռամաշկիենեն: Ծրագրի պատմական ասպեկտը և ֆիլմերը ներկայացրեց կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը, որը նաև Վիլնյուսի միջազգային 20-րդ կինոփառատոնի պատվավոր ժյուրիի անդամ էր: Ֆիլմերի ցուցադրությանը ներկա էր  Լատվիայի սեյմի պատգամավոր Ալգիս Կաշետան:  Լիտվայում ծրագրի համակարգողն էր լիտվահայ ռեժիսոր Մարատ Սարգսյանը, որը մեծ նպաստ ունեցավ ծրագրի իրականացման հարցում:

Հանդիսատեսին ներկայացված ֆիլմերի ընտրանին՝
«Ապրիլ» - ռեժիսոր՝ Վիգեն Չալդրանյան
«Խավարում» - ռեժիսոր՝ Արա Երնջակյան
«Պոլիս» - ռեժիսոր՝ Էրիկ Նազարյան
«Շների կղզին» - ռեժիսոր՝ Սերժ Ավեդիկյան

Թուրքիա- Ստամբուլ, Ստամբուլի միջազգային կինոփառատոն
ապրիլ 12-19, 2015թ
   Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ծրագիրը, որը Թուրքիայում կրում էր  «Հարյուր տարվա ցավը» խորագիրը, անցկացվեց Ստամբուլի միջազգային կինոփառատոնի նախաձեռնությամբ: Ցուցադրվեցին Գյուլում Քլերի «Թուրքիա, լռության ժառանգություն» և Հաջի Օրմանի «Homo Politicus» ֆիլմերը (ի դեպ, այս ֆիլմը Թուրքիայում ստեղծված սակավաթիվ խաղարկային կինոնկարներից է Հայոց ցեղասպանության մասին և իրականացվել է Հայ-թուրքական կինոպլատֆորմի շրջանակներում):
  Ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ  Հայ-թուրքական կինոպլատֆորմի երկօրյա սեմինարը, որին մասնակցում էին տասը ֆիլմ-նախագիծ՝ հինգ  հայկական և հինգ թուրքական: Ներկայացված բոլոր ֆիլմերի նախագծերը  Հայոց ցեղասպանության թեմայով էին: Հաղթող ճանաչվեց Սեդար Օնալի «Մայրիկ Դերդոն և նրա ընկուզենին» վավերագրական կինոնախագիծը: Այն պատմում է Եղեռնից  փրկված Դերդո անունով կնոջ մասին, որը շարունակել է ապրել  Թուրքիայում, պահպանել իր ինքնությունն ու հավատքը և շուրջ 40 տարի է՝ ակտիվ պայքարում է իր իրավունքների պաշտպանության համար:

Ասուլիսի բանախոսներն էին.
Հարություն Խաչատրյան - «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ-ի հիմնադիր տնօրեն
Սուսաննա Հարությունյան - «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ-ի գեղարվեստական ղեկավար
Րաֆֆի Մովսիսյան - կինոքննադատ, «Այլևս երբեք» ծրագրի համակարգող
  • Created on .
  • Hits: 2694

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: