Արվեստը փոստով

    «Խաղաղությունն իմ մեջ է» - պատկերված է «Արվեստը հանուն խաղաղության» խորագիրը կրող ցուցահանդեսի նկարներից մեկում: Այս նկարը, ինչպես նաև ցուցահանդեսում ներկայացված շուրջ 100 նկարներ Հայաստան էին ուղարկվել տարբեր երկրներից փոստային ծառայությունների միջոցով:
    «Առաջին անգամ է փոստային արվեստի (mail-art) միջազգային ցուցահանդես կազմակերպվել Հայաստանում, որը միավորել է շուրջ 28 երկրների նկարիչ-արվեստագետների»,- ոգևորությամբ իր բացման խոսքում փաստին անդրադարձավ ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Իսկ արվեստաբան Մարտին Միքայելյանը նշեց, որ կա այսպիսի պարզ ու անմիջական ցուցահանդեսների պակաս, և եկել է պակասը լրացնելու և առաջ շարժվելու ժամանակը:
arvesty postov    Ցուցահանդեսում ներկայացված նկարները բազմազան ու բազմաժանր են՝ յուղանկար, գունանկար, գրաֆիկա, կոլաժ, գեղանկար, լուսանկարչական արվեստ, բայց նպատակը մեկն է. դեմ գնալ պատերազմին, բռնությանը, սպանությանը:
   Փոստային արվեստի առավելություններից մեկն այն է, որ կարելի է քիչ գումարով աշխարհի տարբեր երկրներում ներկայացնել աշխատանք:
    «Փոստային արվեստի ցուցահանդեսի առաջին անգամ ներկա գտնվեցի անցյալ տարի Ֆրանսիայում, որից էլ ոգեշնչվեցի: Իսկ այսօր թե՛ աշխարհում տիրող իրավիճակը, թե՛ Հայաստանի դրությունը ինձ դրդեցին խաղաղության թեմայով ցուցահանդես կազմակերպել: Որոշեցի երկուսը միավորել և կազմակերպել այս ցուցահանդեսը»,- նշեց ցուցահանդեսի կազմակերպիչ, համադրող Լիլիթ Ստեփանյանը:
    Ցուցահանդեսի մասին Լիլիթ Ստեփանյանի շնորհիվ մասնակիցները տեղեկացել էին համացանցում տրված և հետևողականորեն տարածված հայտարարության շնորհիվ: Դրսի արվեստագետների համար սահմանափակումներ չեն եղել: Միակ պայմանը եղել է, որ նկարները ցուցահանդեսի ավարտից հետո չեն վերադարձվելու իրենց տերերին, քանի որ ցուցահանդեսը շարունակական բնույթ է ուենալու: Երկրորդ ցուցադրությունը լինելու է Լեռնային Ղարաբաղում, իսկ ապա ցուցադրություններ կկլինեն նաև մարզերում: Կազմակերպիչները նպատակ ունեն այն ներկայացնել նաև տարբեր երկրներում:
arvesty postov 2 Ցուցահանդեսի ընթացքում բացառություն չեն կազմել խնդիրները: «Պակիստանի և Իրաքի մասնակիցները չեն կարողացել իրենց աշխատանքներն ուղարկել, քանի որ այդ երկրներից դեպի Հայաստան փոստային ծառայություններ չեն գործել: Մեր հարևան երկրի՝ Թուրքիայի նկարչի աշխատանքները դեռ չեն հասել (ներկայացված էր դրանց պատճենները)»,- նշեց Լ.Ստեփանյանը: Նա նաև հայտնեց, որ Ադրբեջանից որևէ նկար չի ուղարկվել:
     60 նկարիչ 100 աշխատանք է ուղարկել Հայաստան, որոնց մի մասը առաջին անգամ հենց ցուցահանդեսի շնորհիվ է իմացել Հայաստան աշխարհի մասին: Մի քանիսը նույնիսկ որոշել են ներկա գտնվել ցուցահանդեսին: 
  ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Ալեքսանդրա Զևինը ներկայացնում էր ինտերակտիվ արվեստը, ինչի շնորհիվ այցելուները նույնպես կարողացան մասնակցել նկարների պատրաստմանը: Նրա նախագիծը կոչվում է «Իմ ստվերը», որտեղ յուրաքանչյուր պատկեր մարդու՝ խաղաղության նկատմամբ վերաբերմունքի արտացոլումը պետք է լիներ:
mail art 2    «Խաղաղության պահպանումը յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր ազգի համար կարևոր խնդիրներից մեկը պիտի լինի: Ուրախ եմ, որ այսքան շատ մասնակիցներ հավաքվել են խաղաղության կոչերի շուրջ: Մասնակցությանս պատճառներից մեկը սա էր, իսկ 2-րդը՝  Հայաստանը տեսնելը: Չնայած առաջին այցելությունս է, բայց Հայաստանի մասին շատ եմ լսել հայ ընկերներիցս: Հայաստանը հնագույն մշակույթ, քարե հուշարձաններ ունեցող երկրներից է, ուստի կարևորում եմ այսպիսի ցուցահանդեսների դերը հատկապես այս երկրում»,- ասաց Ալեքսանդրա Զևինը:
    Փոստային արվեստը զարգացել է 1950-60-ական թվականներին ԱՄՆ-ում Ֆլուքսուս շարժման մասնակիցների կողմից, առաջին նկարիչը, ով զարգացրեց այս նախագիծը, Ռեյ Ջոնսոնն է:
    Հայաստանյան ցուցահանդեսը կազմակերպվել է «Այսօր Արթ Նախաձեռնություն» ՀԿ-ի և Նկարիչների միության աջակցությամբ: Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ ապրիլի 3-ին Նկարիչների միությունում: Ցուցահանդեսը բաց է մինչև ապրիլի 8-ը:
Ամալյա Մարգարյան
 
  • Created on .
  • Hits: 3267

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: