Հայաստանում անցկացվում են Թուրքմենստանի մշակույթի օրեր

 Հայ-թուրքմենական մշակութային համագործակցության շրջանակներում և երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ս. թ. մարտի 24-31-ը Հայաստանում կանցկացվի Թուրք­մենստանի մշակույթի օրեր: Ծրագրի շրջանակում Հայաստան կժամանի Թուրք­մենստանի մշակույթի և արվեստի գործիչների պատվիրակությունը, որը կգլ­խավորի Թուրքմենստանի մշակույթի նախարարի տեղակալ Բախարգուլ Աբդիևան:
 Ստեղծագործական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են Թուրքմեն­ստանի  ժողովրդական և վաստակավոր արտիստներ, «Լյալե» վոկալ համույթը, «Շիրին Օվազլար» երաժշտական խումբը, «Սերպայ» ազգագրական անսամբլը, համերգներով հանդես կգա Երևանում, Գյումրիում և Վանաձորում:
 Մշակույթի օրերի շրջանակում Հովհաննես Շարամբեյանի ան­վան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի նաև դեկորատիվ-կիրառական արվեստի և թանգարանային առարկաների ցուցահանդես:
 Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի ան­վան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մարտի 26-ին Թուրքմենստանի ստեղծագործական պատվիրակությունը ելույթով հանդես կգա Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, իսկ մարտի 28-ին` Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
 Թուրքմենստանի մշակույթի օրերի շրջանակում կներկայացվի նաև Արգավանդ գյուղում գտնվող թուրքմենական դամբարանի վերականգնման աշխատանքների նախագիծը: Նշենք նաև, որ այդ օրերին կկայանա Թուրքմենստանին նվիրված մանկական նկարների ցուցահանդես-մրցույթը:
 Ծրագիրն իրականացրել է ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանությունը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգա­յին կենտրոնի հետ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մարտի 29-ին՝ ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Թուրքմենստանի մշակույթի օրերի փակման ժամանակ:  


 

  • Created on .
  • Hits: 2704

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: