«Զրույց հողմաղացների հետ»

    Լույս է տեսել դերասան Արմեն Էլբակյանի գիրքը: «Ռեժիսուրա. Զրույց հողմաղացների հետ» գիրքը ներկայացնում է թատերական ռեժիսուրան, սկսած դերասանական արվեստից մինչև նկարչական և երաժշտական ձևավորում: Ապագա ռեժիսորների, թատերագետների և բեմադրական արվեստով հետաքրքրվողների համար նախատեսված գիրք-ձեռնարկը բացահայտում է ռեժիսորի կոչման տեսանելի և անտեսանելի մասնագիտական կողմերը, բեմադրության ստեղծագործական գործընթացը՝  պիեսի ընթերցումից մինչև բեմադրություն: Ներկայացված են նաև այն բոլոր բաղադրիչները, որոնք նպաստում են ներկայացման կայացմանը:
    Հեղինակի խոսքով՝ գրքում բարձրացված են խնդիրներ, որոնք ամբողջացնում են իր տարիների աշխատանքը. «Այն ամենն, ինչ ի մի եմ բերել այս վաթսուն տարիների ընթացքում, ի վերջո որոշեցի թողնել թղթի վրա, որովհետև զգացի, որ բանավոր խոսելով սպառվում եմ»:
    Էլբակյանի համոզմամբ՝ մարդը պիտի զբաղվի ստեղծագործությամբ, իր մասնագիտությամբ, պիտի գլուխը կախի ու աշխատի, և բոլորովին չպետք է ընկնի փառքի հետևից:
    «Միայն այն պարագայում, երբ նա ճանաչի իր մասնագիտությունը, թե ինչի համար է այն կոչված և ինչպես պիտի ծառայի մարդկանց ու հասարակությանը, փառքը կընկնի նրա ետևից: Թատրոնը աշխարհի փոքր մոդելն է, որն օգնում է մեզ ազատագրվել մեր շուրջը տիրող քաոսից: Այն հասարակության կյանքում խիստ կարևոր դեր է խաղում, երբեմն, այո, լինում են ժամանակներ, որոնք թատերային չեն, թատրոնի ժամանակներ չեն, գուցե մենք հենց հիմա այդ ժամանակներում ենք ապրում: Բայց կգա նաև թատրոնի ժամանակը, թատրոնի և մշակույթի զարգացման ժամանակը»,- ասաց նա:
    Գիրքը երաշխավորվել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտխորհրդի կողմից՝ որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ Ռեժիսուրայի բաժնի ուսանողների համար: Խմբագիրը Արտաշես Մարտիրոսյանն է, գրախոսը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանը:
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2619

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: