«Թատերական Լոռի»

   Այս տարի «Թատերական Լոռի» 21-րդ, միջազգային կարգավիճակով՝ 3-րդ փառատոնը, նվիրվում է անվանի դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի հիշատակին:

   «Թատերական Լոռին» հիմնադրվել է 1979 թ.-ին նպատակ ունենալով տարեկան մեկ անգամ իրականացնել ոչ պրոֆեսիոնալ թատրոնների ստուգատես: 1980-ականներից այն դարձել էր ժողովրդական թատրոնների փառատոն՝ համախմբելով Հայաստանի և ԽՍՀՄ հանրապետությունների մարզերի ու շրջանների պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ թատերական գործիչներին:

   2006 թ-ից փառատոնին մասնակցում են նաև Հայաստանի և արտերկրի պրոֆեսիոնալ թատրոններ: «Թատերական Լոռի» փառատոնը նպատակ ունի Լոռու մարզի բնակչությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, թատրոնի միջոցով մշակութային կապեր հաստատել Հայաստանի տարբեր շրջանների և աշխարհի երկրների միջև:

  «Թատերական Լոռի» փառատոնին մասնակցելու են Հայաստանը, Վրաստանը, Արցախն ու Բելառուսի ներկայացնող 22 թատերախումբ, և 14 մրցութային անվանակարգերում կխաղացվի 28 ներկայացում: Փառատոնի մրցութային հիմնական ծրագիրը կանցկացվի Ալավերդի քաղաքում, սակայն մասնակից թատերախմբերը ներկայացումներով հանդես կգան նաև Վանաձորում և Սպիտակում: Հաղթողների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 7-ին՝ Ալավերդու մշակույթի կենտրոնում կայանալիք մրցանակաբաշխության և փառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ։

   Կնշվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 80-ամյակը, Ալավերդու կենտրոնական գրադարանում կգործի հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես:

  • Created on .
  • Hits: 2825

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: