Եկեք ստեղծենք մեծ արվեստ

    Արդեն երեք օր է, ինչ  Ժամանակակից արվեստի թանգարանը մարդաշատ է: Թանգարանի հյուրերը տարբեր տարիքային խմբի երեխաներ են, որոնք այստեղ են եկել հանրակրթական կամ արվեստի դպրոցներից ու կրթահամալիրներից: Կայացած վեց պարապմունքների ընթացքում նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալ թանգարանի ցուցանմուշներին, ինչպես նաև ստեղծել իրենց աշխատանքները: Այս հարցում նրանց օգնեց արվեստաբան Սոնա Հովհաննիսյանը, ինչպես նաև նկարազարդող Մարիոն Դյուշարի «Եկեք ստեղծենք մեծ արվեստ» գիրք-ինքնուսույցը, որը հայերեն թարգմանությամբ հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը:
   «Դյուշարի «Եկեք ստեղծենք մեծ արվեստ» գիրքը հնարավորություն է տալիս ծանոթանալ ժամանակակից արվեստագետների հետ, որոնց մասին հայերենով շատ քիչ գրականություն կա, ինչպես նաև գործնականում կիրառել այդ արվեստագետների պրակտիկան: Միջոցառումը յուրօրինակ շնորհանդես է գրքի համար: Գիրքն էլ իր հերթին օգնեց զարգացնել երեխաների ստեղծագործական ունակությունները, որպեսզի ստեղծագործեն ավելի ազատ` առանց սահմանափակումների ու կանոնների»,- մեզ հետ զրույցում ասաց արվեստաբան Սոնա Հովհաննիսյանը:
zangak-arvest    Մինաս Ավետիսյան, Աշոտ Հովհաննիսյան, Ռուդոլֆ Խաչատրյան, Վարուժան Վարդանյան, Հակոբ Հակոբյան. ահա այն հայ հեղինակները, որոնց աշխատանքներին երեխաները ծանոթացել են արվեստի պարապմունքների ընթացքում: Իսկ եվրոպացի արվեստագետներից պատկերացում են կազմել ֆովիզմի ներկայացուցիչ Անրի Մատիսի, ինչպես նաև Պաբլո Պիկասոյի աշխատանքների մասին: Հենց Պիկասոյի կուբիստական աշխատանքների ոճով էլ փորձել են ստեղծագործել:
   «Հաճախ էի երեխաներից լսում` ինչ տարօրինակ գույներ են, ինչո՞ւ է նկարիչը գծից անցել և այլն: Դպրոցի նկարչության դասերին միշտ սովորեցնում են, որ պետք է գծի մեջ ներկել, որ գեղեցիկ լինի, կոկիկ լինի, իսկ այստեղ երեխաները տեսնում են ոչ ստանդարտ աշխատանքներ ու զարմանում: Մենք էլ կարող ենք, չէ, այդպես նկարել, այդքան դժվար բան չէ, ասում էին  աբստրակտ նկարներ տեսնելիս: Զարմանում էին, երբ ասամբլյաժներ կամ կոլաժային աշխատանքներ էին տեսնում`ասելով` սա ի՞նչ է, քանդակ է, թե նկար է»,- պատմում է արվեստաբանը:
zangak-arv-parapmunqner    Թանգարանի հավաքածուին ծանոթանալուց հետո միջոցառման բոլոր մասնակիցները ժամանակակից արվեստին ծանոթացան նաև մեկ այլ մեթոդով` արվեստ «ստեղծելով» հենց թանգարանում` հայտնի նկարիչների և քանդակագործների գործերի կողքին: Բոլորը ոգևորված իրար էին փոխանցում թղթեր, մատիտներ, սոսինձ ու մկրատ: Ավարտելուց հետո էլ մակագրում իրենց աշխատանքներն ու վերցնում իրենց հետ` որպես հուշ:
    «Փոքր չեմ, բայց մեծ սիրով եմ մասնակցում: Հետաքրքիր է արվեստի հետ շփումը: Շատ լավ է, որ այս տարիքի  երեխաների  մեջ արվեստի հանդեպ սեր կա, գալիս են թանգարան ու փորձում են իրենց երևակայությունը զարգացնել տարբեր պատկերներ ստեղծելով»,- իր տպավորություններն է կիսում Գոհար Գեղամյանը:
   Գոհարը 17 տարեկան է: Սովորում է Երևանի պետական հումանիտար քոլեջի տուրիզմի բաժնում: Արվեստի միջոցառմանը եկել է երկու ընկերուհիների հետ: Հատկապես տպավորված է Հակոբ Հակոբյանի «Մենք» շարքով, ինչպես նաև Գառզուի «Ալ սենյակ» կտավով: Սա Գոհարի առաջին այցելությունն է Ժամանակակից արվեստի թանգարան. «Ընկերներով ունենք թանգարանների ցուցակ, որտեղ պատրաստվում ենք գնալ: Ցուցակի մեջ Ժամանակակից արվեստի թանգարանն էլ կար: Ուրախ եմ, որ եկանք»:
zangak-parapmunqner
    Հիշեցնենք, որ արվեստի միջոցառում-պարապմունքները նախաձեռնել էր «Զանգակ» հրատարակչությունը` համագործակցելով Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի հետ:
Աննա Կարապետյան 
  • Created on .
  • Hits: 3493

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: