Տասնօրյա նավարկությունն սկսված է

Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում տրվեց «Գրական տապան 2014»-ի մեկնարկը: «Գրական տապան» միջազգային փառատոնը գրողների շփման, գրական քննարկումների և համագործակցության դաշտի ձևավորման լավ հարթակ է: Փառատոնն անցկացվում է արդեն 5-րդ անգամ անգամ: «Գրական տապանի» շրջանակներում այս տարի Հայաստան են ժամանել ժամանակակից պոետներ և արձակագիրներ, այդ թվում հանրահայտ բրիտանացի գրող Մեգ Ռոսոֆը: Առաջիկա երկու օրերի ընթացքում Հայաստան կգա նաև հանրաճանաչ լեհ գրող Յանուշ Վիշնևսկին:
Փառատոնի ստեղծման գաղափարն առաջացել է 14 տարի առաջ` 2000 թվականին: Հիմնադիրներն են գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը, ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը և ներկայիս ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Բացման պաշտոնական արարողության ժամանակ ՀՀ Մշակույթի
նախարարությունը «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով պարգևատրեց գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանին ` փառատոնում ունեցած ավանդի համար: Հիշելով փառատոնի հիմնադրման ժամանակները` Դավիթ Մուրադյանն ասաց. «Մենք հասկանում էինք, որ Հայաստանը, լինելով հին երկիր, նոր ժամանակներ է մտնում, հասկանում էինք, որ այդ ժամանակները որքան հրապուրիչ, նույնքան էլ վտանգավոր էին, և հիմա էլ չեն դադարել այդպիսին լինելուց: Մենք ցանկանում էինք, որ այստեղ` մեր հողի վրա, հանդիպեն գրականությունները, գրողները, մշակույթները, որովհետև ինչքան ժամանակները փոփոխական են, այնքան մեզ պետք են հենակետային արժեքներ»:


«Գրական տապանի» մեկնարկի պաշտոնական մասին հաջորդեց համերգային հատվածը: Փառատոնի հյուրերին իրենց կատարումներով ողջունեցին դաշնակահար Ժորա Սարգսյանն ու «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խումբը:
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3108