Ծննդյան օրն ընթերցողների հետ

Հայաստանում է իտալացի բանաստեղծ Կլաուդիո Պոցցանին: Այս անգամ էլ, ինչպես նախորդ տարիներին, պոետին Հայաստան է բերել «Գրական տապան» փառատոնը: Փառատոնի շրջանակներում կայացավ հանդիպում Պոցցանիի և հայ ընթերցասերների միջև: «Բյուրոկրատ» գրախանութում հավաքվել էին և Պոցցանիի ընթերցողները, և մարդիկ, ովքեր առաջին անգամ էին հանդիպում բանաստեղծին:
Կլաուդիո Պոցցանին շատ չխոսեց, փոխարենը թույլ տվեց, որ իր բանաստեղծությունները խոսեն: Նա ընթերցեց բանաստեղծությունների բնօրինակները իտալերենով, իսկ հետո հնչեցին նաև դրանց հայերեն թարգմանությունները: Բանաստեղծը ծննդյան օրը ընթերցողների հետ անցկացնելը բնորոշեց որպես մեծագույն նվեր, իսկ գրախանութը որպես նվեր Պոցցանիին հանձնեց «Հայաստանի հրաշալիքները» գրքի անգլերեն տարբերակը:
Cultural.am-ի հետ զրույցում իտալացի բանաստեղծն ասաց, որ արդեն 4-րդ անգամ է մասնակցում «Գրական տապանին», բայց ամեն անգամ նոր բան է հայտնաբերում, կամ նորից հիանում այն գեղեցիկ բաներով, որոնք արդեն տեսել է Հայաստանում. «Հիշում եմ` առաջին տպավորությունս Հայաստանից հանգստությունն էր և բաց տարածությունը, այստեղ մի վիճակ է, որտեղ քեզ կարող են լսել. հայերը բացի խոսելուց կարողանում են նաև լսել»:
Պոցցանին ծանոթ է հայ գրականությանը: Կարդացել է Չարենցի ստեղծագործությունները, իսկ մեր ժամանակակից գրողներից ամենաշատը հավանում է Էդուարդ Հարենցին:
Այս աշնանը սպասվում է իտալացի բանաստեղծի նոր գրքի շնորհանդեսը Ռուսաստանում: Հիշեցնենք, որ 2013 թվականին Երևանում լույս տեսավ Կլաուդիո Պոցցանիի «Ստվերների քայլերթը» եռալեզու (հայերեն, իտալերեն և ռուսերեն) գիրքը:
Կլաուդիո Պոցցանին ծնվել է Ջենովայում 1961 թվականին: Բանաստեղծ է, արձակագիր ու արտիստ: Գնահատված է Իտալիայում և արտերկրում` իր բանաստեղծական ներկայացումների համար, որոնք ցուցադրել է գրական ամենակարևոր փառատոնների շրջանակում` միջազգային մակարդակով:
1983 թվականին հիմնել է «Ժամանակի մեջ ճամփորդների խումբ» մշակութային կազմակերպությունը, որի օգնությամբ նախաձեռնել և կազմակերպել է բազմաթիվ նախագծեր ու փառատոններ Իտալիայում, Ճապոնիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում ու Բելգիայում:
Պոցցանին 1995-ին սկիզբ առած և Իտալիայում պոեզիայի ամենամեծ իրադարձությունը համարվող «Ջենովայի պոեզիայի միջազգային փառատոնի» հիմնադիր տնօրենն է:
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 2956