Ճամբար բոլորի համար
Արդեն 5-րդ տարին է, ինչ «Լիարժեք կյանք» ՀԿ-ն նախաձեռնում է ներառական ճամբար: Վեցօրյա ճամբարը նախատեսված է 8-16 տարեկան երեխաների համար, մասնակցում են նաև հաշմանդամություն ունեցող երեխաներ: Այս տարի ճամբարում մի քանի փոփոխություններ են եղել: ՎՏԲ բանկը ճամբարի անցկացման համար կազմակերպությանը տրամադրել է տարածք, ինչպես նաև ցուցաբերել է ֆինանսական աջակցություն տարածքը վերանորոգելու համար: Վերանորոգման ավարտից երկու օր անց` օգոստոսի 1-ին, տրվեց ճամբարի մեկնարկը:
Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ ճամբարն անցկացվեց 4 հերթափոխով: Ամեն հերթափոխին մասնակցում էր մոտ 50 երեխա: Առանձնացավ հատկապես 3-րդ հերթափոխը: Հերթափոխն ուղղված էր քաղաքացիական կրթությանը և ընդգրկում էր դասընթացներ քաղաքացիական ակտիվության, իրավունքի և առաջնորդության վերաբերյալ: Մասնակցում էր 16-ից բարձր տարիքային խմբի 45 երիտասարդ, ընդգրկված էին ինչպես հենաշարժական, այնպես էլ լսողության խնդիր ունեցող երիտասարդներ: «Լիարժեք կյանք» ՀԿ-ի տնօրեն Սուրեն Մաղաքյանի գնահատմամբ` ճամբարի հնգամյա պատմության ընթացքում լսողության խնդիր ունեցողների հետ աշխատանքի առաջին փորձը հաջողվել է:
Սուրեն Մաղաքյանը Cultural.am–ի հետ զրույցում անդրադարձավ նաև ներառական հասարակության կարևորությանը. «Մենք նպատակ ունենք նպաստել այնպիսի հասարակության ստեղծմանը, որտեղ յուրաքանչյուր անհատ արժևորված է, և բոլոր անհատները մասնակցություն ունեն հասարակական կյանքին: Ներառական ճամբարը ներառական հասարակության, բաց հասարակության ձևավորմանը հասնելու միջոցներից մեկն է: Ճամբարի համար էլ ներառական մոտեցումը հաջողության գրավական է եղել, բացի այդ՝ դա է ճիշտ զարգացման ուղին, այլընտրանք չկա»:
3-րդ հերթափոխի մասնակից լսողության խնդիր ունեցող յոթ աղջիկները ճամբար են եկել ընկեր Սիրանուշի հետ: Աղջիկները Հայաստանի խուլերի միավորման մշակույթի պալատի պարի խմբի անդամներ են: Պարում են արդեն 5 տարի: Պարի խմբով համերգներ են ունեցել Գյումրիում, Վանաձորում, ինչպես նաև ԼՂՀ-ում: Հոկտեմբերին հյուրախաղերի են մեկնելու Մոլդովա:
Սիրանուշ Մալխասյանը կամ ընկեր Սիրանուշը, ինչպես ճամբարականներն են սիրում նրան անվանել, սուրդոթարգմանչուհի է, ծնվել և մեծացել է լսողության խնդիր ունեցողների ընտանիքում: Ժեստերի լեզուն սովորել է ծնողներից: Պարի խմբի աղջիկների հետ աշխատում է շուրջ 5 տարի:
Cultural.am–ի հետ իրենց տպավորությունները կիսեցին ճամբարի ջոկատավարներից Մարիամ Մանուկյանն ու ճամբարի մասնակիցներից Արտակ Շաբոյանը:
Մարիամ Մանուկյանը 18 տարեկան է: Առաջին անգամ է ճամբարում, այն էլ որպես ջոկատավար. «Սկզբում դժվար էր, բոլորը տարբեր տեղերից են գալիս, ոչ մեկը չգիտի` ինչ է լինելու, ինչպես է լինելու, պետք է կարողանաս ամեն բան նրանց բացատրել, խումբը կազմակերպել և ստեղծել մտերմիկ միջավայր: Երբ պետք էր երեխաներին համախմբել, ինչ-որ բան կազմակերպել, ես ինձ ջոկատավարի կարգավիճակում էի զգում, բայց նաև պահեր էին լինում, որ իրենց հետ հավասար մասնակցի դերում էի»:
Արտակ Շաբոյանը Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղից է: Սովորում է տեղի միջնակարգ դպրոցում: Ճամբարների, սեմինար-դասընթացների մասնակցության մեծ փորձ ունի: Ասում է` ամենակարևորը լավ ընկերներ ձեռք բերելն է, լավ հարաբերություններ ձևավորելը: Արտակի խոսքերով՝ ճամբարը ևս մեկ քայլ է տարբեր մտածելակերպի տեր մարդկանց մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբելու: Հատկապես հավանել է կավագործության, փայտագործության և արտ-թերապիայի դասընթացները: Հասցրել է նաև փայտի վրա Արարատը քանդակել, ճամբարից հուշ է պահելու:
Ներառական ճամբարի տարբեր հերթափոխերի ֆինանսապես աջակցում են տարբեր կազմակերպություններ: Այս տարի «Լիարժեք կյանքի» գործընկերներն են եղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, Լիտվայի դեսպանատունը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը և այլն:
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 11324