«Տարբեր մշակույթներ՝ մեկ մարդկություն» փոխանակման ծրագրին մասնակցում է յոթ երկիր
Օգոստոսի 5-ից 14-ը «Տարբեր մշակույթներ՝ մեկ մարդկություն» երիտասարդական փոխանակման ծրագիրը 7 երկրից 35 երիտասարդի կմիավորի Երևանում: Ծրագրի շրջանակում Հայաստանի, Վրաստանի, Լատվիայի, Ռումինիայի, Իտալիայի, Ուկրաինայի և Պորտուգալիայի երիտասարդ առաջնորդներն ու մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրել միմյանց մշակույթները, հաստատել միջմշակութային հաղորդակցություն և երկխոսություն:
Փոխանակման այս ծրագիրը ֆինանսավորված է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ «Երիտասարդությունը շարժման մեջ» (“Youth in Action”) ծրագրի շրջանակում և նպատակ ունի մասնակիցների միջև հաստատելու համերաշխ երկխոսություն և միջմշակութային փոխանակում:
Ծրագիրն իրականացնում է «Կրթական և մշակութային կամուրջներ» հասարակական կազմակերպությունն իր միջազգային գործընկերների, այդ թվում՝ «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ի աջակցությամբ:
Ծրագիրը միմյանց մշակույթների և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի և հանդուրժողականության մթնոլորտ կստեղծի, ինչպես նաև երիտասարդներին կիրազեկի միմյանց մշակույթների, համընդհանուր արժեքների մասին, կօգնի նրանց ձեռք բերել հմտություններ այս համատեքստում սեփական նախաձեռնություններով հանդես գալու համար: Ծրագիրն ավելի կկայունացնի և կընդլայնի երիտասարդ աշխատողների և առաջնորդների միջև արդեն իսկ գոյություն ունեցող համագործակցությունը, կխթանի մշակութային բազմազանության ընդունմանն ու հարգանքին, ինչպես նաև միջմշակութային համագործակցությանը:
Մասնակիցները կմասնակցեն այնպիսի միջոցառումների, որոնց ընթացքում հնարավորություն կունենան ոչ միայն ներկայացնել իրենց մշակույթը, այլ նաև սովորել և ընդլայնել իրենց գիտելիքները այլ մշակույթների վերաբերյալ: Ծրագրի հիմնարար սկզբունքներն են՝ հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, հանդուրժողականությունը, հավասարությունը: Այն նպատակ ունի ցույց տալ մասնակիցներին, որ թեև նրանք պատկանում են տարբեր մշակույթների, ունեն իրենց ավանդույթներն ու մտածելակերպը, միևնույն է, նրանք բոլորն էլ մարդիկ են, ունեն միևնույն իրավունքները և օրենքի առաջ հավասար են:
Կազմակերպիչները պատրաստել են նաև հետաքրքիր միջոցառումներ և մշակութային օր, ինչը մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալու հայ մշակույթին, ավանդույթներին ու Հայաստանի պատմությանը:
- Created on .
- Hits: 10333