Կար-չկար մի Փարաջանով
Առաջին անգամ հայերենով հրատարակվել է Գարրի Կունցևի «Կար-չկար մի Փարաջանով» հուշապատում-վիպակը: Հանրահայտ հնչյունային ռեժիսոր, կոմպոզիտոր, դրամատուրգ Գարրի Կունցևը Փարաջանովի «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբ» և «Խոստովանություն» (անավարտ) ֆիլմերի հնչյունային ռեժիսորն է: Կունցևի հուշերը Փարաջանովի մասին առաջին անգամ լույս են ընծայվել մեծ կինոռեժիսորի մահվան տարում` 1990 թվականին «Искусство кино» ամսագրում: Հետագայում հեղինակը վերահրատարակել է վիպակի լրամշակված տարբերակը: «Կար-չկար մի Փարաջանով»-ը լույս է տեսել նաև Գերմանիայում, Վրաստանում և այլուր:
Վիպակի հայերեն թարգմանությունն իրականացվել է լրամշակված վերջին հրատարակությունից:
Թարգմանության մտահղացումը Webtv.am ինտերնետային հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանինն է: Վիպակը թարգմանել է Հովհաննես Այվազյանը, խմբագիրը Հովիկ Չարխչյանն է: «Կար-չկար մի Փարաջանով»-ը տպագրել է «Պրինթինֆո» հրատարակչությունը: Գրքի շապիկին Հենրիկ Սիրավյանի «Փարաջանով» կտավն է:
Գրքում բացի վիպակից տեղ են գտել նաև ուկրաինացի կինոօպերատոր Յուրի Հարմաշի բացառիկ լուսանկարները և Հարմաշի մեկ-երկու էջանոց հուշագրությունը Փարաջանովի մասին: Մեզ հետ զրույցում Հարմաշը պատմեց, որ Փարաջանովի հետ ծանոթացել է շատ պատահական. «Սցերնարիստ ընկերներիցս մեկը հասցեն տվեց և խնդրեց նրան իր գրած սցենարը փոխանցել: Այս հանդիպումից էլ սկսվել է մեր մտերմությունը»:
«Կար-չկար մի Փարաջանով» գրքի շնորհանդեսին ներկա էր Գարրի Կունցևի այրին՝ Մանանա Կունցեւա-Գաբաշվիլին, ուկրաինացի կինոօպերատոր Յուրի Հարմաշը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և ուրիշներ:
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3795