«Ոսկե ծիրանը» կհամագործակցի ՀՀ-ում մի շարք օտարերկրյա դեսպանությունների հետ
«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը այսօր` հունիսի 27-ին, մամլո ասուլիսով ներկայացրեց փառատոնի համագործակցությունը ՀՀ օտարերկրյա դեսպանությունների հետ: Որպես բանախոսներ հանդես եկան և համագործակցային ծրագրերը մամուլի ներկայացուցիչներին ներկայացրին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Անրի Ռենոն, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ռայներ Մորելը, ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի գործող ղեկավար Վիոլետա Տալանդիսը, Լեհաստանի հանրապետության դեսպանության Առաջին խորհրդական, Քաղաքական բաժնի ղեկավար Ռոբերտ Ռոկիցկին և «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի ևս պատիվ ունի համագործակցելու ՀՀ-ում մի շարք օտարերկրյա դեսպանությունների հետ: Մասնավորապես` փառատոնային մի շարք նախաձեռնություններ իրականացվում են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության և Իսրայելի Պետության Դեսպանության (Իսրայելի Պետության պատվավոր հյուպատոսի երևանյան գրասենյակի միջոցով) աջակցությամբ:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն ավանդական դարձած համագործակցության արդյունքում է, որ այս տարի ևս հնարավոր կդառնա մի քանի անվանի ֆրանսիացի կինոգործիչների երևանյան ներկայության և փառատոնային մասնակցության ապահովումը: Մասնավորապես, դեսպանության աջացությամբ է, որ Աննա Մուգլալիսը (դերասանուհի), Ժան-Քրիստոֆ Ֆերարին (կինոքննադատ) և Ռոն Դյենը (պրոդյուսեր) հրավիրված են ներկայանալու փառատոնի Միջազգային խաղարկային, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթների ժյուրիի կազմերում համապատասխանաբար: Ավելին, Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթի մասնակից Ջիովանի Դոնֆրանչեսկոն (ռեժիսոր), Ֆրանսիայի կինոկենտրոնի համատեղ արտադրությունների բաժնի ղեկավար Ժուլիեն Էցանոն, պրոդյուսեր և համատեղ արտադրությունների մասնագետ-դասախոս Դան Բուրլաքը և պրոդյուսեր Ալիս Օրմիերը, ով նաև հանդես կգա «Ռեժիսորներ առանց սահմանների» ֆորումի ժյուրիի կազմում, Երևանի կինոփառատոնին կմասնակցեն դեսպանության հետ փառատոնի ունեցած համագործակցության շնորհիվ: Բացի այդ՝ ֆրանսիական արտադրության և/կամ համատեղ արտադրության շուրջ 10 ֆիլմ կներկայացվի մրցութային տարբեր ծրագրերում:
Կարևոր է նշել, որ Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ են իրականացվում հռչակավոր ռեժիսորներ Ամոս Գիտայի և Օթար Իոսելիանիի Հետահայաց ցուցադրությունների ծրագրերը: Համագործակցությունը հնարավոր է դարձրել նաև Երվանդ Ջանիկյանի և Անջելա Ռիչչի Լուկիի հեղինակած «Բարբարոս երկիր» վավերագրականի, ինչպես նաև այս տարվա ամենակարևոր ֆիլմերից մեկի` հռչակավոր Ժան Լյուք Գոդարի` Կաննի կինոփառատոնի մրցանակակիր «Adieu au Langage» (հայերեն թարգմանությունը` շուտով) ֆիլմի երևանյան պրեմիերաների իրականացումը: Հիշեցնենք, որ Գոդարի ֆիլմը կներկայացվի որպես փառատոնի փակման ֆիլմ:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում իրականացվում է Հայաստան–Թուրքիա կինոպլատֆորմ համատեղ արտադրության դասընթաց-արվեստանոցը, որն այս տարի տեղի կունենա հուլիսի 14-16-ին: Ծրագրի օրակարգը բաղկացած կլինի անհատական և խմբակային դասերից, նախագծերի ներկայացումներից և պաշտպանություններից (pitches): Դասընթացին մասնակցելու համար ընտրվել է տասը նախագիծ` հինգը Հայաստանից և հինգը` Թուրքիայից, որոնք մասնակցելով կզարգացնեն իրենց սցենարական և արտադրական փաթեթները: Լավագույն նախագիծը կարժանանա 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևի: Ժյուրիի կազմում հանդես կգան սցենարի հեղինակ և ռեժիսոր Գիդեոն Կոպելը (Մեծ Բրիտանիա), Անադոլու Քյուլթուրի ներկայացուցիչ Չիգդեմ Մաթերը (Թուրքիա), սցենարի հեղինակ, ռեժիսոր և գրող Մելեք Ուլագայ Թայլանը (Թուրքիա), ռեժիսոր Էմինե Յիլդիրիմը (Թուրքիա), լրագրող Մանանա Ասլամազյանը (Հայաստան), ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության քաղաքական բաժնի ղեկավար Նաիրա Սուլթանյանը և Հայաստանում Եվրասիա հիմնադրամի նախագահ Գևորգ Տեր-Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ ծրագիրը հիմնադրվել է 2008թ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի և Թուրքիայում գործող Անադոլու Քյուլթուր հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով: Սա երկու երկրներում գործող կինոգործիչների միջև համագործակցությունը առաջ մղող ընդհանուր հարթակ է և միտված է խթանելու հայ և թուրք կինոգործիչների համատեղ կինոարտադրությունները: Իրականացման տարիների ընթացքում ՀԹԿՊ-ն աջակցել է 15 ֆիլմերի ստեղծման:
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ և Գյոթե ինստիտուտի աջակցությամբ «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը նախաձեռնել է Նոր գերմանական կինո ծրագիրը, որը Երևանում կներկայացնի գերմանական արտադրության վերջերս ստեղծված լավագույն ֆիլմերից երեքը: Մասնավորապես, փառատոնի շրջանակներում կկայանան Բեռլինի միջազգային կինոփառատոնի այս տարվա հիմնական մրցույթում ներկայացված «Ջեքը» (Jack) (ռեժ.` Էդվարդ Բերգեր), Ֆեո Ալադագի «Աշխարների միջև» (Inbetween Worlds) և Դիտրիխ Բրուգմանի «Խաչի ճանապարհ» (Stations of the Cross) ֆիլմերի երևանյան պրեմիերաները, ընդ որում «Խաչի ճանապարհ» ֆիլմը ներկայացված կլինի միջազգային մրցութային ծրագրում: Ծրագրի շրջանակներում կներկայացվի նաև Յակոբ Լասի «Սիրո բիֆշտեքսներ» (Love Steaks) ֆիլմը: Նոր գերմանական ծրագրի մեկնարկը տեղի կունենա հուլիսի 16-ին վերոնշյալ ֆիլմերից մեկի պրեմիերայով:
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հետ «Ոսկե ծիրան»-ի համագործակցությունն այս տարի կնշանավորվի մեր ժամանակների ամենահռչակավոր ռեժիսորներից մեկի` Քշիշտոֆ Զանուսիի ներկայությամբ և նրա` Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին արժանացած «Հաստատուն գործոն» (The Constant Factor) (1980) ֆիլմի երևանյան պրեմիերայով: Փառատոնի համար պատիվ է նշել, որ Զանուսին «Ոսկե ծիրան»-ի արդեն երկար տարիների բարեկամն է, և որ փառատոնն ուրախ է այս տարի տոնել մեծ կինոգործչի 75-ամյա հոբելյանը, ինչպես նաև փառատոնի շրջանակներում նրան հանձնել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի` հատուկ «Եղիցի լույս» մրցանակը:
«Ոսկե ծիրան» ՄԿՓ-ը ուրախ է տեղեկացնել նաև Իսրայելի Պետության դեսպանության հետ կայացող համագործակցության մասին, որն իրականացվում է Իսրայելի Պետության պատվավոր հյուպատոսի երևանյան գրասենյակի միջոցով: Համագործակցության շնորհիվ հնարավոր է դարձել Ավի Վայսբլայի և Էլիրան Քնոլերի հեղինակած «Արարողություն» (The Ceremony) իսրայելական արտադրության վավերագրական ֆիլմի մասնակցությունը այս տարվա միջազգային մրցույթին, ինչպես նաև հեղինակների ներկայության կազմակերպումը Երևանում: Իսրայելական արտադրության մեկ այլ ֆիլմի` «Դասալիքը» (Deserted) (ռեժ.` Յոավ Հորնունգ) կարճամետրաժի մասնակցությունը «Կորիզ» մրցութային ծրագրին ևս կկայանա նշված համագործակցության շնորհիվ:
- Created on .
- Hits: 2720