Երիտասարդ առաջնորդները գոհ հեռացան Հայաստանից
Երիտասարդների համար կազմակերպված «Միասին հանուն կայուն ապագայի» դասընթացը իր տրամաբանական ավարտն ունեցավ: Այն ֆինանսավորվել էր Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ «Երիտասարդությունը շարժման մեջ» (Youth in Action) ծրագրի շրջանակներում: Իրականացվում էր «Կրթական և մշակութային կամուրջներ» հասարակական կազմակերպության և իր միջազգային գործընկերների համատեղ ուժերով, ինչպես նաև «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ի աջակցությամբ: Ընդհանուր առմամբ դասընթացին մասնակցեցին 8 երկրների 30 ներկայացուցիչներ՝ երիտասարդ առաջնորդներ ու աշխատողներ Հայաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Լատվիայից, Ռումինիայից, Իտալիայից և Պորտուգալիայից:
Ծրագիրը նվիրված էր առողջ ապրելակերպին, սպորտային միջոցառումներին և սոցիալական ինտեգրմանը:
«Ամենակարևորը դասընթացավարների և մասնակիցների բարձր տրամադրությունն ու դրական տրամադրվածությունն էր այլ մշակույթների նկատմամբ», - իր տպավորություններով կիսվում է Ուկրաինայի ներկայացուցիչ Նատալիա Դատչենկոն:
Ծրագրի մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց նաև այցելել պատմամշակութային մեծ
կարևորություն ունեցող վայրեր՝ Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի վանք, հայկական թիմից տեղեկություն ստանալ հայերի մշակույթի և պատմության մասին, այցելել Օպերայի և բալետի ազգային թատրոն և բացահայտել Երևանն իր ողջ գեղեցկությամբ:
Ամենաակտիվ մասնակիցներից մեկը՝ Պորտուգալիան ներկայացնող Բրունո Գոմեսը, նշում է. «Ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված, ինչը սովորելը դարձնում էր ուղղակի զվարճանք: Օրակարգն այնքան լավ էր կազմված, որ ուղեղս անգամ մեկ րոպե չէր հոգնում»:
Ծրագրի վերջում մասնակիցները Հայաստանից հեռացան բարձր տրամադրությամբ՝ հետագա համագործակցության և միջմշակութային հաղորդակցության զարգացման համար նոր կապեր և ընկերներ ձեռք բերած:
- Created on .
- Hits: 2738