«Ֆրեսկոյի» հիմնը` լսողության խնդիրներ ունեցող երեխաների կատարմամբ
«Ֆրեսկո» միջազգային փառատոնի կինոդիտումները կթարգմանվեն նաև ժեստերի լեզվով: Փառատոնի կամավորների թվում քիչ չեն լսողության խնդիրներ ունեցող երիտասարդները, ովքեր փառատոնի կազմակերպիչ «Ֆորմիկա արտ պրոդաքշն» ստուդիայի հետ աշխատում են արդեն մի քանի տարի: Փառատոնը նրանց հասանելի դարձնելու համար կազմակերպիչները նախատեսել են կինոդիտումներն անցկացնել ժեստերի լեզվի համաժամանակյա թարգմանությամբ: Թարգմանությունը կիրականացնի ժեստերի լեզվի մասնագետ Զուբեյդա Մելիքյանը:
«Ժեստերի լեզուն իմացող խուլերի համայնքը իրեն հաշմանդամ է զգում միայն այն դեպքում, երբ չեն լսում ու արտահայտվում, այսինքն` զրկված են ժեստերի լեզվով հաղորդակցվելու հնարավորությունից»,- բացատրում է ողջ կյանքը լսողության խանգարումներ ունեցող մարդկանց հետ աշխատող Զուբեյդա Մելիքյանը: Նա նշում է, որ խուլերի համայնքի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ են ընդունել ֆիլմերի թարգմանության նախաձեռնությունը.
«Նրանք էլ են ուզում ֆիլմ նայելիս ոչ թե գուշակություններ անել, այլ հասկանալ ֆիլմն ամբողջությամբ: Հասկանալ ու նաև իրենց կարծիքը հայտնել տեսածի ու զգացածի վերաբերյալ: «Ֆրեսկոն», կարծում եմ, նրանց կտա այն զգացողությունները, որոնց պակասը նրանք հաճախ են առօրյա կլյանքում զգում»:
«Երբ իմացա, որ Տեր Եսային և Շահենը մեծ միջոցառում են անելու, որը նաև մեզ համար է նախատեսված լինելու, որոշեցի անպայման ներգրավվել նախապատրաստական աշխատանքներում և իմ լուման ունենալ այս մեծ տոնի կազմակերպման գործում»,- ժեստերի լեզվով ասում է Գրետա Ավագյանը: Խուլերի համայնքի ներկայացուցիչներն այս օրերին կարևոր ստեղծագործական գործընթացում են. նրանք սովորում են հատուկ փառատոնի համար գրված հիմներգի բառերը: Հատուկ «Ֆրեսկո» միջազգային փառատոնի համար գրվել է հիմն, որի հեղինակը կոմպոզիտոր Վահե Հայրապետյանն է: Կոմպոզիտորն այն անվանում է ոչ թե հիմն, այլ փառատոնի խորհրդանիշ երգ, որովհետև այն ունի էմոցիոնալ շատ լիցքեր ու փառատոնի գաղափարներն ընդգրկող բովանդակություն:
«Մեծ հեքիաթ» երգի գործիքավորումը ևս կատարել է Վահե Հայրապետյանը, ինչից հետո փառատոնին միանալու ցանկություն հայտնեց նաև Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ:
«Ո՞նց կարող է լավ երաժշտությունը վատ գաղափարի համար լինել: Սա իմ՝ որպես քաղաքացու, որպես քրիստոնյայի վերաբերմունքն է փառատոնին»,- ասում է Երվանդ Երզնկյանն ու խոստովանում, որ համաձայնել է միանալ փառատոնին հենց երգը լսելու պահին: Այս օրերին ընթանում են երգի ձայնագրման աշխատանքները: Առաջին անգամ այն հնչելու է հունիսի 21-ին՝ «Ֆրեսկո» փառատոնի բացման արարողության ժամանակ, որը տեղի կունենա Կարապի լճի տարածքում: Երգի կատարման ընթացքում բեմում կլինեն նաև լսողության խնդիրներ ունեցող երեխաները, ովքեր երգի բովանդակությունը հանդիսատեսին կփոխանցեն ժեստերի լեզվով:
- Created on .
- Hits: 3396