«Կուզեի փառատոնի մասնակիցը լինել».Դավիթ Մուրադյան
Տասը օր շարունակ` մայիսի12-22 –ը, արվեստասեր մարդիկ հնարավորություն կունենան ծանոթանալու արվեստի վեց ճյուղերի` թատերական արվեստ, կինոարվեստ, կերպավեստ, լուսանկարչություն, քանդակագործություն և գրաֆիկա: Մեկնարկեց «Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական փառատոնը, որն այս տարի նվիրված է ԵԹԿՊԻ նախկին ռեկտոր, ռեժիսոր Արմեն Մազմանյանի հիշատակին:
Փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ, բայց արդեն հասցրել է սիրվել և առաջացնել մեծ ոգևորություն: Այս տարվա «Արտ Ֆեստ»-ին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 200 մասնակից:
«Այն ինքնադրսևորվելու լավ հնարավորություն է երիտասարդների համար, մայրաքաղաքային տոն, որ մեկտեղում է երիտասարդ ստեղծագործողներին»,-ասում է փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը:
Տոնին մասնակցում են երևանյան մշակութային բուհերը` ԵԹԿՊԻ, Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, ինչպես նաև մարզերի երիտասարդները: Հատկապես ակտիվ են Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերը: Անցած տարի փառատոնի կինոարվեստի ոսկե մեդալակիրը Գյումրիից էր:
Փառատոնի տնօրենը վստահեցնում է, որ ոչ մի սահմանափակում չկա. հարթակը բոլորինն է,կարող են մասնակցել 16-35 տարեկան բոլոր երիտասարդները անկախ մասնագիտությունից և բուհից. նախորդ տարի «Արտ Ֆեստի» լուսանկարչության ոսկե մեդալակիրը բժշկական համալսարանի ուսանող է եղել:
Գրականություն, երգարվեստ և պարարվեստ. ահա այն բաժինները, որոնք ապագայում կհամալրեն փառատոնի արվեստի ճյուղերի շարքերը:
«Նախևառաջ մտադիր ենք «Արտ Ֆեստը» դարձնել համահայկական, իսկ հետո արդեն կմտածենք միջազգային դարձնելու մասին»,-նշում է փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը:
«Սովորաբար ասում են, որ գրողը սկսվում է երկրորդ գրքից, կինոռեժիսորը` երկրորդ ֆիլմից. սա երկրորդ փառատոնն է, և ես հույս ունեմ, որ երրորդն էլ կլինի, տասներորդն էլ, և սա կդառնա մի հասցե, որտեղ երիտասարդ սերունդը ցույց կտա իրեն»,-ասաց ԵԹԿՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը: Նա անկեղծացավ` ասելով, որ բոլորովին չէր ցանկանա ողջույնի խոսքով հանդես գալ, այլ կուզեր փառատոնի մասնակիցը լինել. «Քսաներկու-քսաներեք տարեկան լինեի, և իմ առաջին ֆիլմը կամ ներկայացումը, իմ առաջին դերը լիներ»:
Դավիթ Մուրադյանի խոսքերով երիտասարդ արվեստագետը, ի տարբերություն արդեն ավագացած վարպետների, ունի մի մեծ առավելություն, ունի սխալվելու իրավունք, բայց գերադասելի է, որ նա հետաքրքիր սխալվի, Կոլումբոսի նման սխալվի. «Այնպիսի սխալներ, որոնց արդյունքում հայտնաբերվում է բոլորովին նոր գեղարվեստական հասցե և ծնվում է նոր արվեստագետ, կամ մենք տեսնում ենք այն հեռանկարը, որը կա այս կամ այն երիտասարդի մեջ. սա այսպիսի փառատոների լավագույն արդյունքը կարող է լինել» :
«Արտ Ֆեստի» թատերական ներկայացումները կկայանան ԵԹԿՊԻ Ուսումնական Թատրոնում, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, ՀԹԳՄ-ում, Պետական երաժշտական կամերային թատրոնում, «Թատրոն 32»-ում: Ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան «Նարեկացի» արվեստի միությունում , կերպարվեստի ցուցադրությունները ` Մարտիրոս Սարյանի անվան պուրակում: Փառատոնը բաց է բոլոր արվեստասերների համար:
Աննա Կարապետյան




- Created on .
- Hits: 3146