Երիտասարդական նվագախմբի ելույթը Al Bustan միջազգային փառատոնում

Մարտի 22-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի լարային կազմը հանդես եկավ Al Bustan միջազգային փառատոնի շրջանակներում: Այս անգամ հանդիսատեսի դատին ներկայացվեցին լիբանանցի կոմպոզիտոր Խալեդ Մուզանարի՝ բազում մրցանակների արժանացած աշխատանքները՝ կինոերաժշտություն այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Կարամել»-ը, «Ու՞ր ենք գնում հիմա»-ն, «Բեյրութը սափրվելուց հետո»-ն և այլն:
Էմիլ Բուստանի համերգասրահում կայացած երեկոն ղեկավարում էր մենակատար-ջութակահար Կլոդ Չալհոուբը, իսկ Երիտասարդականի հետ միևնույն բեմում հանդես էին գալիս վոկալիստներ Լենա Ֆարահն և Մաան Զաքարիան, Անտոնին համալսարանի երգչախումբն ու մի շարք այլ մենակատարներ: Նրանց թվում էր նաև Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին (բանդոնեոն)՝ Հայաստանում և ընդհանրապես ամբողջ աշխարհում սիրված երաժիշտ: Վերջինս իր ուրախությունը հայտնեց Երիտասարդականի հետ աշխատելու՝ իրեն ընձեռված ևս մեկ հնարավորության համար, այն էլ՝ նման նշանավոր փառատոնի շրջանակներում: Ամբողջ երեկոյի ընթացքում երաժշտական կատարումները ուղեկցվում էին համապատասխան կինոնկարների առավել հիշարժան կադրերի ցուցադրությամբ:
Al Bustan միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա ևս մեկ համերգով այսօր՝ մարտի 23-ին:
- Created on .
- Hits: 2900