Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ-փառատոն

    Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 6-րդ փառատոնն այս տարի տեղի կունենա ապրիլի 10-19-ը Գյումրի քաղաքում: Փառատոնը կազմակերպել են մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ:
    «Վերածնունդ» փառատոնի շրջանակներում երաժշտական մրցույթները կանցկացվեն 2014թ. ապրիլի 11-17ը Գյումրի քաղաքում: Ժյուրիի կազմում են հանրահայտ կատարողներ, նշանավոր արվեստագետներ՝ 12 միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր, Արկանզասի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Մարգուլիսը, 8 միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Միխայիլ Մորդվինովը, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, թավջութակահար Լև Եվգրաֆովը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Զուրապ Սոտկիլավան, հանրաճանաչ կոմպոզիտոր և երաժշտագետ Եվգենի Կոստիցինը (ԱՄՆ), ճանաչված դիրիժոր Բարդիա Կիարասը (Իրան) և այլոք: Մրցույթ-փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու մշակույթների երկխոսություն. «Համաշխարհային մշակույթը և Հայաստանը» ութերորդ գիտաժողովը, ինչպես նաև տարբեր երկրների կոնսերվատորիաների ռեկտորների հանդիպում:
    Ըստ կազմկոմիտեին ներկայացված հայտերի՝ երաժշտական մրցույթներին մասնակցելու են 2700 երաժիշտ կատարող՝ 33 երկրներից: Մրցույթներն անցկացվում են 11 անվանակարգերում՝ 5 տարիքային խմբերով:
    Իրենց անվանակարգերում բացարձակ 14 հաղթողները կարժանանան Մեծ մրցանակի և 1000 ԱՄՆ դոլար պարգևավճարի, իսկ 48 ենթաանվանակարգերում հաղթողները՝ առաջին, երկրորդ, երրորդ կարգի մեդալների, դիպլոմների և «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնի դափնեկրի կոչման:
    «Վերածնունդ» երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 10-ին Գյումրու դրամատիկական թատրոնում, իսկ հաղթողների մրցանակաբաշխությունը և գալա համերգը տեղի կունենա ապրիլի 18-ին:
     Գյումրու երաժշտական կյանքի վերածնունդը խորհրդանշող իրադարձություններից մեկը՝ երաժիշտ կատարողների «Վերածնունդ» փառատոնը, սկիզբ է առել 2007թ.:
  Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է նպաստել դասական երաժշտության պրոպագանդմանը, ստեղծել տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների միջև նոր ստեղծագործական և բարեկամական կապեր, մերձեցնել այլազգի արվեստագետներին հայ մշակույթին, միևնույն ժամանակ հնարավորություն ընձեռել իրենց վարպետությունն ու ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու համար:
    88-ի աղետալի երկրաշարժից հետո Հայաստանի հյուսիսը հաղթահարեց բազմաթիվ դժվարություններ: Մեզ օգնության ձեռք մեկնեցին բազմաթիվ երկրներ, մենք էլ որոշեցինք մարդկային համերաշխությունը արտացոլել մշակութային կյանքում: Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, արվեստագիտության դոկտոր,պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարինե Ավդալյանի մտահղացմամբ և այս գաղափարի համախոհների աջակցությամբ կազմակերպվեց փառատոնը: Բնականաբար այս մեծամասշտաբ միջազգային փառատոնը պետք է կրեր «Վերածնունդ» անվանումը և անցկացվեր Գյումրիում:
    Ամեն տարի փառատոնը նվիրվում է տվյալ տարում մեր երկրի համար կարևորագույն իրադարձությունների, այս տարի այն նվիրվելու է Արմեն Տիգրանյանի 135-ամյակին և Արցախյան գոյամարտում հաստատված հրադադարի 20-ամյակին: Այս կերպ մենք աշխարհի ուշադրությունն ենք հրավիրում մեր մեծերի և քաղաքական դիրքորոշման վրա՝ փաստելով, որ մենք ոչ թե ագրեսոր, այլ մշակութասեր ազգ ենք:
      Փառատոնի շրջանակներում նախատեսվում են վարպետության դասերի և համերգների անցկացում ոչ միայն մայրաքաղաքում, այլև ՀՀ մարզերում, համայնքներում և Արցախում: Սա հնարավորություն է տալիս աշխարհահռչակ երաժիշտներին տեղում ծանոթանալ մեր մշակութային վայրերին, սովորույթներին, նաև կենցաղին՝ ամբողջական պատկերացում կազմելով մեր հարուստ մշակույթի մասին:
    Փառատոնի լայնածավալ շրջանակներում կանցկացվի արդեն 8-րդ միջազգային գիտաժողովը՝ մշակութային երկխոսություն խորագրով, որի ընթացքում աշխարհահռչակ մտավորական-երաժիշտները ներկայացնում են իրենց գիտական հոդվածներն ու ուսումնասիրությունները, վեր են հանում իրենց ազգերին ու ժողովուրդներին հուզող մշակութային խնդիրները: Վերջում գիտական բոլոր զեկույցները հրատարակվում են առանձին ժողովածուներում:   
  • Created on .
  • Hits: 6426

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: