Աշոտ Զոհրաբյան. «Մանսուրյանն առաջինն էր, ով հասկացավ Կոմիտասին»
Ծաղկաձորի Գրողների տանը շարունակվում է «Ջրբաժան.60-70-ականների արվեստագետների սերունդ» խորագրով գիտաժողովը: Այսօր միջազգային գիտաժողովի հյուրն էր կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը :
«60-70-ականների կոմպոզիտորները ոչ միայն փոխեցին հայ երաժշտության ընթացքը, այլեւ կոմպոզիտորի կերպարի մասին պատկերացումները»,- նիստի բացման ժամանակ նշեց կոմպոզիտոր, նիստի վարող Արթուր Ավանեսովը:
Օրվա հյուր Աշոտ Զոհրաբյանը նախ պատմեց իր երաժշտական կարողությունների բացահայտման մասին. «Առաջինը, ով նկատեց, որ ես կարող եմ երաժշտություն գրել, Տիգրան Մանսուրյանն էր: Մի անգամ նա նկատեց, որ Շոպենի ոճով եմ ստեղծագործում, և ասաց, թե դա բոլորն էլ կարող են անել, սկսեց նվագել Շոպենի իր իմպրովիզացիան: Գնալիս էլ խորհուրդ տվեց, թե՝ գնա, քոնը գրիր»:
Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ մեր երաժշտության մեծերին: Խոսելով հայ երաժշտության ակունքներում կանգնած Կոմիտասի մասին նա հատկապես առանձնացրեց նրա վոկալ-դաշնամուրային գործերը. «Ես պոեզիայի մեջ այնքան պոեզիա չեմ տեսնում, որքան կա Կոմիտասի գործերում: Կարծում եմ, Մանսուրյանը առաջինն էր, ով իսկապես տեսավ և հասկացավ Կոմիտասին: Եթե Կոմիտասը ողջ լիներ եւ լսեր Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը, անպայման կասեր՝ սա էի ուզում»:
Խոսելով Տիգրան Մանսուրյանի մասին՝ Զոհրաբյանը ասաց, որ Մանսուրյանը ոչ միայն հայ երաժշտություն բերեց եվրոպական արժեքներ, այլեւ դրա հետ մեկտեղ կարողացավ հավատարիմ մնալ մեր ակունքներին. «Երաժշտություն ստեղծելու համար պետք է ոչ թե շարունակել կամ կրկնել նախորդին, այլ սկսել ամենասկզբից: Մանսուրյանը գնաց ոչ թե Խաչատրյանին շարունակելու ճանապարհով, ինչպես շատերն էին անում, այլ փորձեց Կոմիտասից շարունակել: Խաչատրյանին շարունակելը ապարդյուն գործ կլիներ, քանի որ նա իր տեսակով եզակի երևույթ էր, կարելի է ասել պայթյուն երաժշտության ասպարեզում»:
Անդրադառնալով երաժշտության ստեղծմանը կոմպոզիտորը նշեց. «Երաժշտությունը սկսվում է հնչյունից և ռիթմից, իսկ հետո դառնում ես ձևի «ստրուկը», անընդհատ քեզ հետապնդում է գործը ճիշտ ձևի մեջ դնելու հարցը: Եթե չկա ձև, չկա նաև ստեղծագործություն»:
Երաժշտական ստեղծագործության կյանքը Զոհրաբյանի բնորոշմամբ կախված է նրա հնչելուց. «Ստեղծագործությունը, որը հնչում է, ապրում է: Եթե ստեղծվելուց հետո 1-2 տարի չհնչի, կմոռացվի և կդադարի ապրել»:
Նյութը և լուսանկարները` Աննա Կարապետյանի


