Մի երազանքի 50-ամյակը

1963թ.: Օգոստոսի 28: ԱՄՆ, Վաշինգտոն: Լինքոլնի հուշահամալիրի մոտ հավաքված բազմությունը լսեց համաշխարհային պատմության լավագույն ճառերից մեկը, որը փոխեց սպիտակամորթների վերաբերմունքը սևամորթների նկատմամբ: Քաղաքացիական իրավահավասարության համար1955-1968թթ. պայքարած ամերիկյան հասարակության կյանքում շրջադարձային ճառ էր Մարթին Լյութեր Քինգի ելույթը: 50 տարի է անցել Քինգի հանրահայտ ճառից: Հիմա էլ այդ ճառը սթափեցնում է նույն ուժգնությամբ ու հիշեցնում խնդիրների մասին, որոնք արդիական են առ այսօր աշխարհի տարբեր վայրերում և կապված են ոչ միայն ռասայական, այլև սոցիալական, սեռային ու մարդկանց տարաբնույթ պիտակավորումներին առնչվող խտրականությունների հետ: «Ես մի երազանք ունեմ» ճառը մեզ ցույց է տալիս, թե ինչպես կարող է մեկ մարդու երազանքը ոգեշնչել ու միավորել ռասաներ, կարծիքներ, սրտեր:
«…Չնայած մենք դեմ առ դեմ կանգնած ենք այսօրվա ու վաղվա դժվարությունների առջև, ես դեռ երազանք ունեմ: Եվ իմ երազանքի արմատները գնում են դեպի ամերիկյան երազանքը:
Ես մի երազանք ունեմ, որ մի գեղեցիկ օր մեր ազգը կհառնի և կշարունակի ապրել` գիտակցելով իր նշանաբանի իրական էությունը` «Մենք պաշտպանում ենք «Բոլոր մարդիկ հավասար են ստեղծված» սկզբունքը, որը կարիք չունի ապացուցման»:
Ես մի երազանք ունեմ, որ Ջորջիա նահանգի կարմիր բլուրներին կբացվի մի օր, երբ նախկինստրուկների ու ստրկատերերի որդիները կնստեն միասին եղբայրության սեղանի շուրջ:
Ես մի երազանք ունեմ, որ ամայացած ու անարդարությունների բեռան տակ կքած Միսիսիպի նահանգը մի լուսավոր օր կվերածվի ազատության և արդարության օազիսի:
Ես մի երազանք ունեմ, որ գա այն օրը, երբ չորս զավակներս կապրեն այնպիսի երկրում, որտեղ իրենց մասին կդատեն ոչ թե մաշկի գույնի, այլ իրենց արժանիքների համապատասխան:
Այսօր ես երազանք ունեմ:
Ես մի երազանք ունեմ, որ մի գեղեցիկ օր, երբ բոլոր դաշտերը բարձրանան, իսկ բոլոր լեռներն ու սարերը իջնեն, անհարթ տարածությունները հարթավայրեր դառնան, Աստծո մեծությունը կհառնի մեր առջև, և բոլոր մահկանացուները կհամոզվեն դրանում:
Սա է մեր հույսը, և սա է այն հավատը, որով ես վերադառնում եմ Հարավ:
Այս հավատով մենք հուսահատության ժայռից հույսի քար կկերտենք: Այս հավատով կկարողանանք մեր ժողովրդի աններդաշնակ ձայները վերածել եղբայրության սքանչելի սիմֆոնիայի: Այս հավատով ի վիճակի կլինենք աշխատել, աղոթել, պայքարել, բանտերից դուրս գալ, պաշտպանել ազատությունը` իմանալով, որ օրերից մի օր կլինենք ազատ:
Դա կլինի այն օրը, երբ բոլորս կերգենք` մեր երգին նոր իմաստ հաղորդելով. «Երկիր իմ, ազատության քաղցր երկիր իմ, ես եմ քեզ գովերգում: Երկիր, որտեղ թաղված են նախնիներս, ուխտագնացների հպարտության երկիր, թող ազատության ճիչը հնչի բոլոր լեռնացքներից»:
Եվ եթե Ամերիկան պիտի դառնա հզոր երկիր, ուրեմն կդառնա:
Թող ուրեմն ազատությունը զրնգա Նյու Հեմփշիրի չքնաղ բլուրներից:
Թող ազատությունը ձայն տա Նյու Յորքի հզոր լեռներից:
Թող ազատությունը զրնգա Փենսիլվանիայի բարձր սարերից:
Թող ազատությունըգոչի Կոլորադոյի զառիվայր լեռներից:
Թող ազատությունը երգի Կալիֆորնիայի լեռնային թեքություններից:
Բայց սա դեռ ամենը չէ:
Թող ազատությունը արձագանքի Ջորջիայի Սթոուն սարից:
Թող ազատությունը թնդա Թեննեսսիում Լուքաութ սարից:
Թող ազատությունը երգի Միսսիսիպիի բոլոր բլուրներից:
Յուրաքանչյուր լեռնանցքից թող ազատության ձայն գա:
Եվ երբ սա կատարվի, երբ թույլ տանք ազատությանը զրնգալ, երբ թույլ տանք նրան ձայնել յուրաքանչյուր նահանգից, քաղաքից, այդժամ կկարողանաք արագ մոտեցնել օրը, երբ Աստծո բոլորզավակները` սևերն ու սպիտակները, հրեաներն ու հեթանոսները, բողոքականներն ու կաթոլիկները, ձեռք ձեռքի տված կերգեն հին նեգրո հոգևոր երաժշտության բառերը. «Վերջապե՜ս ազատ ենք,վերջապե՜ս ազատ ենք: Շնորհակալ ենք ամենակարող Աստծուն, քանի որ ազատ ենք վերջապե՜ս»»:
Անգլերենից թարգմանեց Աննա Նաղաշյանը
- Created on .
- Hits: 3144