Հեգնանքը Վարդան Սմբատյանի «Կինօ՜պոեզիա» ժողովածուում. Հասմիկ Հակոբյան
2023 թվականի ամռանն ընթերցողի դատին հանձնվեց Վարդան Սմբատյանի «Կինօ՜պոեզիա» խաղարկային վերնագրով բանաստեղծությունների ժողովածուն, որն ընդգրկում է հեղինակի շուրջ տասը տարվա գրողական փորձառության հունձքը։ Ժողովածուն աչքի է ընկնում բանաստեղծական շարքերի համակարգվածությամբ, ոճական ու գաղափարական կենտրոնացվածությամբ, խաղարկայնությամբ (սև հումոր, բառախաղ, հեգնանք), միջտեքստայնությամբ։
Ժողովածուի բովանդակային, գաղափարական և պատկերային որոշ հարցերի անդրադարձել է Մարի Մելիքյանը՝ խոսելով ժողովածուի առանձին շարքերի գաղափարական ուղղվածության մասին և ընդգծելով ստեղծագործությունների աստիճանական ամբողջականության հանգամանքը[1]։ Սույն հոդվածի նպատակը Վ․ Սմբատյանի «Կինօ՜պոեզիա» բանաստեղծությունների ժողովածուում հեգնանքի գործառույթի քննությունն է։
Եթե հաշվի առնենք, որ սույն ժողովածուում ընդգրկված են 2013-2023 թթ․ իրականության հեղինակային ընկալումների և զգացողությունների արձագանքներ հանդիսացող ստեղծագործություններ, ապա կստանանք ժամանակի և իրականության հետաքրքիր պատկերներ, որոնք երբեմն վավերագրություն են դառնում։
«․․․ Փամփուշտը ծակում է դեռատի ոսկրերը,
տպվում է կանաչ փրկագինն աշխարհի,
ծփում է գարշանքը,
ինչպես վարարած տիղմը,
լույսը լքում է կածանը հորիզոնի,
մահացու նիրհի մեջ թմրում է աշխարհը
ոչ ոք ի զորու չէ փոխելու ընթացքը,
մենք բոլորս
անպետք վավերագիրներ ենք[2]»։
Անսալով ժամանակակից կյանքի քաոսայնությանն ու մասնատվածությանը՝ ժամանակակից գրականությունը, այդ թվում նաև պոեզիան, դառնում է քաոսային ու մասնատված՝ մարմնավորելով ժամանակակից հասարակության և իրականության բուն էությունը։ Ըստ այդմ՝ օգնության է գալիս հեգնանքը, որը ստեղծագործությանը բազմիմաստություն և ինտրիգայնություն է հաղորոդում՝ ստեղծագործությունն ավելի մոտեցնելով կյանքին։
Ժողովածուում ընդգրկված բանաստեղծությունների մեծ մասին բնորոշ է հեգնանքը, որը տարբեր դրսևորումներ ունի՝ երբեմն վերաճելով սարկազմի։ Հեգնանքը, նախ և առաջ, պատկերավորության ոճական-արտահայտչական միջոց է։ Այս միջոցը ժամանակին հաջողությամբ կիրառել է փիլիսոփա Սոկրատեսը՝ տապալելով շատերի ամբարտավանությունը։ Հեգնանքի փիլիսոփայական նշանակության հարցն առաջին անգամ տեսական քննարկման է դրել փիլիսոփա, գրաքննադատ Ֆրիդրիխ Շլեգելը՝ գալով այն եզրակացության, որ «հեգնանքը բարդ իրողություն է» և բացասական ռեֆլեքսիայի ձև է։ Ըստ Շլեգելի՝ հեգնանքը վկայում է ժամանակակից մարդու աճող պատմական գիտակցության մասին․ այն մտքի արտահայտություն է, որն արտացոլում է ինքն իր և մարդկային գիտակցության վիճակը[3]: Շլեգելը հեգնանքի տակ հասկանում է լեզվի ընդհանուր հատկությունը, ինչպես նաև լեզվի վերաբերմունքը խոսողի հանդեպ: Նրա համար հեգնանքը ոչ այլ ինչ է, քան հանելուկ։ Շլեգելը 48-րդ քննադատական դրվագում նկատում է, որ «հեգնանքը պարադոքսի ձև է[4]»։ Ստեղծագործության մեջ հեգնանքը հռետորական գործիք է, որն ակտիվանում է, եթե ընթերցողը ճանաչում, նկատում է այն։
Պոեզիայում ընդունված է առանձնացնել հեգնանքի երեք հիմնական տեսակ՝ բանավոր հեգնանք, իրավիճակային հեգնանք և դրամատիկ հեգնանք։ Բանավոր հեգնանքը արտահայտվում է հնչերանգի, տոնայնության միջոցով․ հեղինակն ընտրում է որոշակի՝ շատերին հայտնի տոնայնություն՝ ծաղրելու որևէ երևույթ։ Այս սկզբունքով են ստեղծվում պարոդիաները։ Իրավիճակային հեգնանքն առաջանում է, երբ բանաստեղծն օգտագործում է այնպիսի միջավայր կամ փոխաբերություն, որը անհամապատասխան է բանաստեղծության բովանդակությանը, սակայն թույլ է տալիս ընթերցողին նոր բան տեսնել թեմայի վերաբերյալ: Դրամատիկ հեգնանքի դեպքում հեղինակը կամ ստեղծագործության քնարական հերոսը «անգիտակցաբար», «միամտաբար» խոսում է մի իրողության մասին, որից ընթերցողը ավելին է իմանում, հավելյալ տեղեկություն է ստանում[5]։
Բանավոր հեգնանքի օրինակ է «Վահագնի ծնունդը» բանահյուսական հատվածի ոճով, տոնայնությամբ գրված «Վայրենիք» ստեղծագործությունը։
Հմմտ․
Երկնեց երկինք և երկիր,
Երկնեց և ծով ծիրանի,
Եվ եղեգնիկը կարմիր
Երկնեց ծովում ծիրանի
Վայրենիք
Շինվեց երկինք ու երկիր,
Շինվեց և ծով Սևանիկ
ինչ ունեինք, ծախեցինք՝
հասանք էն նույն բլրին: (էջ 124)
Որդեգրելով բանահյուսական հայտնի նմուշի չափը, ձևն ու ոգին՝ հեղինակը սատիրայի հասնող հեգնանք-պարոդիայի միջոցով քննադատում է հետհեղափոխական շրջանում ստեղծված հայաստանյան «թավշա» իրականությունը՝ արտահայտելով իր սուբյեկտիվ վերաբերմունքն առ այն։
«Կինօ՜պոեզիան» հարուստ է միջտեքստային հղումներով, որոնք դարձյալ հեգնական, պարոդիկ, հակադրությամբ ասելիք ներկայացնելու գործառույթ ունեն․ կարելի է հանդիպել երաժշտական իրողությունների, արվեստի տարբեր ճյուղերի պատկանող ստեղծագործությունների հեգնական, պարոդիկ խաղարկումների։
Հմմտ․
․․․ինձ ոչ ոք չի հիշում
որովհետև չհիշելը ` մոռացված տասնմեկերորդ պատվիրանն է.
որովհետև ես չափազանց հիմար եմ կամ խելացի,
հավակնոտ կամ բողոքական,
ապաշնորհ-գռեհիկ...
որովհետև ես նա եմ`
ում մասին չեն խոսում ժպիտով
ու զարմանքով,
կատարյալ ատելությամբ կամ քամահրանքով:
Ես նա եմ`ում վախենում են սիրել։
Վարդան Սմբատյան
Եվ այս բառերը՝ օտար արևներ,
և մերկ ծառերը, և քո կարոտը
անչափ տխուր են, անչափ հուսահատ,
որովհետև այս նամակը երբեք քեզ չի հասնելու,
որովհետև նորից փնտրելու եմ քեզ ամենուրեք,
որովհետև նորից քեզ հիշելու եմ ամենուրեք,
գլխահակ քայլելու եմ նույն փողոցներով,
որովհետև ես սարսափելի ուշացած սիրահար եմ,
որովհետև ես ոչինչ չունեմ քեզ նվիրելու,
որովհետև ամեն ինչ բաժանված է ու նվիրված:
Հովհաննես Գրիգորյան
Այս ոճով է գրված նաև Հովհ․ Գրիգորյանի «Հայրենի հող» բանաստեղծությունը։ Հայտնի ոճով գրված ինքնահեգնական բանաստեղծության միջոցով Վ․ Սմբատյանի ստեղծագործության քնարական հերոսը փորձում է ընթերցողին հաղորդակից դարձնել իր հոգու գաղտնարանում անթեղված հույզերին, որոնք այլ պարագայում ու այլ եղանակով արտահայտելու նպատակահարմարություն գուցե չլիներ։
Բանավոր հեգնանքի դրսևորում կա նաև «Կարևորը մեռնելն է» բանաստեղծությունում, որտեղ հեղինակը դիմել է հակադրության՝ ներկայացնելով երկու բևեռների՝ գաղափարական ու գաղափարազուրկ մոտեցումների ծայրահեղությունները։ Հեգնելով հայտնի ժողովրդական մտածողության մի ձևակերպումը՝ հեղինակը ցույց է տալիս, թե ինչ պատկեր է իրականում թաքնված առկա պաթոսային մտածողության հետևում․
«Կարևորը պատվով մեռնելն է,
գրել են լակոտները պատին,
հերոսի անունից կերել են՝
բուտերբրոդ, շաուրմա, պեռաշկի,
շարվել են ավագ բեսերը
լակում են` թքում մի հանքի,
կախվել են սգո լենտերը՝
եռաֆազ հոսանքից»։
Նույն բանաստեղծության հաջորդ տողերը իրականության մյուս՝ գաղափարազուրկ բևեռի հեգնում է․
«Խաղաղ երեկոն գլորում է,
հաստափոր, լոզոտ մի մարմին,
նայում վեր՝
իրոնիկ բարբառում է.
-Հա դե լավ, այ ախպեր, ի՞նչ կռիվ,
Ու՞մ համար գնայի մեռնեի»։ (էջ 24)
«Նորմալ ողբերգությունում» հեղինակը «նորմալ է», «ամոթ է» բառերի հեգնական կիրառմամբ անդրադառնում է կյանքի տարբեր իրավիճակներին, արձագանքում է մարդու անձնական տվայտանքի, նույնիսկ ողբերգության առիթ դարձող արտահայտություններին՝ ցույց տալով դրանց վերաբերյալ իր դիրքորոշումն ու վերաբերմունքը։
«Ինչ – որ մեկը շիշ կշպրտի
ՀԱՍՏԱՈՌ ճառողի վրա,
ամեն ինչ live կլինի…
բոլորը կուտեն իրար live,
կսիրեն,
կք***ն իրար live․․․
․․․Իսկ մահը կուշանա՝ ինչպես անհույս փրկիչը
անհոգեդարձ,
եւ էսպես
Կյանքը կշարունակի շինել քեզ ընկերս,
պարզապես շնչելու համար»։ (էջ 44)
Ինքը՝ հեղինակը, այս գործը հակաբանաստեղծություն է անվանել։ Այստեղ և առհասարակ Վ․ Սմբատյանի գործերում հաճախ կարելի է հանդիպել քնարական հերոսի ինքնահեգնանքի դրսևորումների։ Այդ իրողությունը որոշակիորեն ընթերցողի ուշադրությունը հեղինակի կամ հերոսի անձի վրա հրավիրելու, ընթերցողին նրա անձնական ապրումներին հաղորդակից դարձնելու միտում է հետապնդում։ Հերոսը, առերեսվելով որոշակի փորձառությունների հետ, որոնք վերաբերում անձնական, հասարակական կամ քաղաքական հարթությանը, իր ներքին հույզերն ու ապրումները ներկայացնելու ավելի արդյունավետ եղանակ չի գտնում, քան ինքնահեգնանքն է։
«Այսպես գրվել է արաաաաաաա,- գոռում են
բառերը սպառված,-
զզվացրիր, յա՛ն տուր մեզանից,
բառակեր, հոգնած ՍՏԻԽԱՊԱՏ»։ (էջ 46)
Հեգնանքի դրսևորումներ են նաև հեղինակային բառաբարդումներն ու բառակապակցային ձևակերպումները, ինչպես՝ «պլագիատ տեր», «ստիխապատիա», «մահ-մտոցի», «լռության պանդեմիա», «բանաստեղծական վենդետա», «վայրենիք» և այլն։
Կենսափիլիսոփայության գաղափարը սատիրայի հասնող երգիծանքով ներկայացվող հետևյալ բանաստեղծությունը իրավիճակային հեգնանքի օրինակ է․
«Չի հագենում քաղցդ երբեք.
կարմիր կաթ ես խմում
ամեն օր...
Չգիտեմ՝
Աստվա՞ծ ես,
սատանա՞,
թե՞ սպանության մեքենա...
Հերի՛ք է,
կա՛նգ առ,
կա՛նգ առ,
homofucker!» (էջ 15)
Մետաֆորային այս պատկերը ամենակուլ պատերազմի, աշխարհի հարատև պատերազմական իրավիճակի հեղինակային արձագանք է։ Աստված-սատանա հակադրությունները լրացուցիչ իմաստային շերտ են հաղորդում ասելիքին։
Իրավիճակային հեգնանքի մեկ այլ օրինակ է «Ոչինչ չի մոռացել» բանաստեղծությունը․
«Ոչինչ չի մոռացել,
դեռ պատմում է հողին
հարյուրամյա իր ցավը,
շոյում է հողի ակոսները
կնճիռներով իր արմատի:
Ծառերը ծերանում են,
բայց արեւն ամեն օր
ծաղկեցնում է
նրանց հիշողությունը»։ (էջ 27)
Բնական երևույթի փոխաբերական ներկայացմամբ հեղինակը ներկայացնում է նաև կյանքի հարատև հակասությունը, մարդու ապրումների և մխիթարության բանաձևը՝ այդ իրողությունը նուրբ հեգնանքով համեմատելով ծերացող ծառերի ծաղկելու հետ։
«Մեռելոց կիրակի» ստեղծագործությունը փոխաբերական պատկերով ներկայացնում է կյանքի միապաղաղ ու անկյանք ընթացքը․
«Սեպտեմբեր - աշուն - առավոտ,
Պատարագ՝ մեկշաբթի։
Մեռելները գնում են թողության,
ապրողները հևում են անկողնում
հանց լոթի»։ (էջ 34)
Քնարական հերոս հեղինակի խնդիրը մարդկային մտածողության մեջ է․ «չես ապրի դու էստեղ ոչ մի օր․ զի հավերժ է մեռելոց կիրակին»։ Այդ է պատճառը, որ նա խուսափում է ցերեկներն ապրող մեռելներից․
«Ցերեկը մեռելներն են ապրում,
գիշերը դրախտն է իրական.
ոչ ոք չգիտի
ու թող չիմանա:
․․․Թո՛ղ ամեն բան,
գիշերո՛ւմ մնա,
լույսը սպիտակ աբսուրդ է,
սեւ դրախտ ես ընկել, ա՛յ տղա»։ (էջ 36)
Իրենից մահացու մաթեմատիկա ներկայացնող կյանքի մասին հետևյալ բանաստեղծությունը դրամատիկ հեգնանքի տարրեր ունի․
«Հաշվիր մինչև հազարը,
Եվ ամեն ինչ կավարտվի…»
Հեգնում է հեղինակը, ապա հավելում․
«Հա լուրջ եմ ասում
դե սկսի՛ր»:
Մեկը մյուսին հաջորդում են պարադոքսներով ու հակադրություններով ստեղծված հեգնանքների շարքերը՝ պատկերելով կյանքի ողբերգականությունը։ Ընթերցողը տողերի տակ ճանաչում է իր շրջապատի մարդկանց՝ թալանողներին և թալանվողներին, մեռնողներին ու տառապողներին, հոգով ու ֆիզիկապես սովյալներին, մարտի դաշտում ընկնողներին ու ցեղասպանվողներին։
«․․․հաշվիր կյանքի գնաճն ու
մարդկանց հավերժական գնանկումը»: (էջ 17)
Սևակյան տրամաբանությամբ, բայց ոճական այլ մոտեցմամբ հեղինակն իր հեգնական տեսակետն է արտահայտում ժամանակակից կյանքում մեծ տարածում ստացած շատ իրողությունների նկատմամբ, որոնք հառնում են տողերից։
Այսպիսով՝ Վ․ Սմբատյանի «Կինօ՜պոեզիա» ժողովածուում հեգնանքը տարբեր դրսևորումներ և արտահայտություններ ունի՝ շեշտելով որևէ թեմա և խորացնելով ասելիքը։ Այն շարժում է ընթերցողի հետաքրքրությունը և ակտիվացնում քննադատական մտածողությունը, ստեղծում է հումոր, որը երբեմն վերածվում է սատիրայի։ Հանդիպում ենք հեգնանքի բանավոր, իրավիճակային և դրամատիկ տեսակների, որոնց թեմատիկ շրջանակը կենսափիլիսոփայությունն է, ժամանակակից կյանքն ու առօրյան։ Հեգնանքը հիմնականում արտահայտվում է հակադրությունների, պարոդիայի, միջտեքստայնության միջոցով: Հեգնանքի հայտնաբերումը պահանջում է տոնի և համատեքստի մեկնաբանում, բառի ընտրության և փոխաբերական լեզվի վերլուծություն։
[1] https://www.hanguyts.com/post/vardan-smbatyan-poetry?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR0LPIQd0EkPk1E5_QSvVIjPp8IG-ubrQK8gpRPW7owxRfnSFSiATx3hvAE_aem_Ac0WU0-vJoHGubn59lwXl_pYm89R7ofl734FF_2uCNWAzazJ0P0JTWBvjlWNA3Fll9tDF6mJKOSPTgcvqMZgAMKt
[2] Սմբատյան Վ․, «Կինօ՜պոեզիա», Երևան, 2023, էջ 16։ Այս ժողովածուից մյուս հղումները կնշվեն տեղում՝ փակագծի մեջ։
[3] Տե՛ս Philosophical fragments, Friedrich Schlegel, translated by Peter Firchow, University of Minnesota Press, 1991․
[4] Schlegel 1958-1995, Bd. 2., S. 153.
[5] Տե՛ս Turdimatova Madinakhan Ravshanovna. (2022). DIFFERENT TYPES OF IRONY IN LITERATURE. Web of Scientist: International Scientific Research Journal, 3(4), 331–337. https://doi.org/10.17605/OSF.IO/2MWA6
- Created on .
- Hits: 1281