Ֆիլմ ժամանակի ու մարդկանց մասին

 

Դմիտրի Կեսայանցի ֆիլմերը պատմում են մարդու, անհատի և ժամանակի հանդիպման մասին: Մարդիկ, որոնք ճակատագրի բերումով հայտնվել են այս կամ այն իրավիճակում: Նրանցհամար գոյություն ունի միայն մեկ պայքար. հենց այս ընդվզումի զգացումն է միավորում Կեսայանցի ֆիլմի հերոսներին: Պայքար օրենքի կամ ավելի ճիշտ անօրինությունների դեմ. դոնկիխոտյան միամտությամբ և հողմաղացների դեմ կռիվները այս կերպարներին չեն բնորոշում, քանի որ այս կերպարները կրում են իրենց ապրած ժամանակի կնիքը, գուցե նաև առաջ են անցնում իրենց ժամանակից:

Այստեղ ի հայտ են գալիս բոլոր մարդկային արատները, որոնք թաքնված են, բայց տվյալ իրավիճակը ստիպում է, որպեսզի այդ արատները մխրճվեն ներկա: Կեսայանցի ֆիլմերը անլուրջ իրադրությունների լրջության սահմանումն ենվերծանում, որտեղ հումորը, գրոտեսկը և ռեալ կյանքը հանդիպում են, իսկ այս հանդիպումը դառնում է կանխորոշված: Ռեժիսորի առաջին իսկ ֆիլմը՝ «Տերն ու ծառան» և հաջորդող «Ավդոյի ավտոմեքենան» ներկայացնում են մարդկանց, որոնք կարծես գտնվում են կոմիկականի և տրագիզմի սահմանագծին և դժար է հստակ գտնել, թե որտեղ է գտնվում այդ սահմանագիծը: Կերպարները կարծես ավելի շատ անհաշտ են իրենց իսկ ապրած ժամանակի և գործող օրենքների հետ, քան իրենց շրջապատող մարդկանց: Տվյալ ժամանակաշրջանի նկարագրությունը կարող է տաբեր ձևով դրսևորվել,օրինակ`այդ շրջանում հանրահայտ երգի մեջբերմամբ կամ քաղաքական այս կամ այն իրավիճակի գնահատմամբ: Այս մանրամասնումները իհարկե ֆիլմերում որոշիչ դեր են խաղում:  

Իրականությունը գնահատելու զարմանալի վերաբերմունքը ռեժիսորին թույլ է տալիս ստեղծել տվյալ ժամանակահատվածիպատկերը՝ իր դրական և բացասական կողմերով: «Զինվորը և փիղը» ֆիլմի գլխավոր հերոսը (Մ. Մկրտչյան) ամենայն լրջությամբ խոսում է իր հետ ճամփորդող փղի՝ Գաբուշի հետ, կռվում և հաշտվում, բայցև իր անձնական պատերազմը դառնում է հենց այս փղի կյանքի և մահվան հարցը: Սակայն այս փաստը ամենևին էլ երկրորդ պլան չի մղում պատերազմի լրջությունը, քանի որ ամենաթեժ պահին անգամ զինվորը կարող է իր կյանքն էլ զոհաբերել հանուն այս փղի: Առհասարակ ռեժիսորը միշտ ընդգծում է հերոսների երկակի խաղը, որտեղ այս հերոսները միանշանակ բարի կամ չար չեն կարող լինել: Նրանք մարդիկ են, որոնք այս կամ այն իրավիճակում դրսևորում են իրենց տեսակը, բնավորությունը: Նրանք հաղթող կամ պարտվող դուրս չեն գալիս… Կերպարները ի սկզբանե դատապարտված են որոշումներ կայացնելու: Կեսայանցի բոլոր կերպարները կարծես կանգնած են ընտրության առջև, իսկ այդ ընտրությունը ճակատարգրական է ոչ միայն իրենց համար… Եթե զինվորը ընտրում է փղին Երևան տանելու ճանապարհը, ապա մյուս կերպարները նույնպես ընտրում են իրենց ուղին, որը նույնքան կարևորվում է:

Առհասարակ թվում է, թե ռեժիսորը ընտրության հնարավորություն է տալիս կերպարներին, որոնք դատապարտված են որոշումներ կայացնելուն: «Ձիավոր, որին սպասում են» ֆիլմում Գոռի կերպարը ևս այսպիսի ընտրության առջև է`փախչել, թե մինչև վերջ պայքարել հանուն իր անձնական պայքարի, գաղափարիույնպիսի ընտրության ճանապարհ են անցնում թե «Անիծվածները» ֆիլմի հերոսները, թե «Աղետ» ֆիլմի :

Իհարկե Գոռը (գլխ դեր. Վլադիմիր Քոչարյան) ոչ միայն ներկայանում է որպես հայկական Ռոբին Հուդի կերպար, որը հարուստներին թալանում է և աղքատներին բաժանում, այլ այստեղ ազգի նկարագիրն է առաջ գալիս: Այս երիտասարդ տղան, որը ինչպես ֆիլմում է նշվում, ուսում է ստացել Պետերբուրգում, այժմ վերադարձել է հայրենիք և հանկարծ դարձել է «ավազակ»: Այստեղ արդեն առաջանում է անհամապատասխանություն արդարության համար պայքարող մարդու և մի երիտասարդի, որը պաշտպանում է սովորական գյուղացուն, որպեսզի իրենց չթալանեն: Կեսայանցը այս պատմությունը ներկայացնում է ևս ժամանակի պրիզմայի միջով, սակայն տարիներ անց այս նույն կերպարը ևս արդիականություն է վայելում: Պատահական չէ, որ ֆիլմի վերնագիրը նկարահանումների ընթացքում մի քանի անգամ փոփոխման է ենթարկվել: Ի վերջո այս կերպարը հենց այն միշտ սպասված հերոսի հայտնութունն է: Կերպար, որը ինչ-որ տեղ միֆական է դառնում և կարող է հայտնվել ամեն րոպե: Կարծում եմ, որ այս կերպարը իսկապես, ինչպես ֆիլմի վերնագրում է նշվում, միշտ սպասված է: Ֆիլմի ավարտը ոչ թե հաղթանակ է դառնում այս հերոսի համար, այլ կյանքի շարունակություն: Գոռի կերպարը անհետանում է այնպես, ինչպես, որ հայտնվել էր: Սակայն կա նաև այն վախը կամ սպասումը, որ այս կերպարը դեռ կարող է վերադառնալ: Հենց այս վերադարձի գաղափարն է հերոսին դարձնում ժամանակից դուրս և ներկայի մի մասը կազմող հերոս:  

 Առհասարակ ռեժիսորը էպիկական տեսարաններ է օգտագործում համարյա իր բոլոր ֆիլմերում. այս ամենի հետ միահյուսվում է նաև գրոտեսկը, որը կարող է համոզել հանդիսատեսին իր իսկության մեջ: Նույնիսկ ամենաանսպասելի իրավիճակներում էլ կարող է լուրջ դեմքով ժպիտ առաջացնել այն, որ մուկը դատվում է գաղութում, սակայն բանտարկյալները արդարացնում են և բաց թողնում մկանը: Այս դետալին հաջորդում է մարդկային դաժանությունը իրար հանդեպ, որը անպատժելիության սահմանումն է տալիս: Կեսկատակ-կեսլուրջ այս խաղը կարծես լրջանում է՝ ի վերջո հանգեցնելով սպանության: «Անիծյալները» ֆիլմի հերոսները հենց դանռում են այդ խաղի կանոնները սահմանողները: Իրենք են որոշում այդ «աշխարհի» դատապարտյալ կյանքի օրենքները: Թվում է, թե ֆիլմի տրամադրությունը աստիճանաբար փոխվում է: «Անիծյալները» ֆիլմում կերպարները մռայլ են և աստիճանաբար այս մռայլ տրամադրությունը պատճառաբանվում է: Գունավոր կյանքը կարծես աստիճանաբար վերածվում է սև ուսպիտակի… Կերպարները հայտնվում են մի իրավիճակում, որտեղ ներկան վերածվել է հավերժ ձգվող դաժան երազի:

Ռեժիսորը ներկայի և անցյալի բախումը ընդգծում է կերպարների հիշողությունների նկարագրմամբ, որոնք ներկայացնում են մեկ այլ իրականության պատկեր: Կարծես բախվում են մի քանի աշխարհներ, որոնք միաժամանակ գոյություն ունեն: Ռեժիսորը կարող է մեկ կադրի միջոցով ցույց տալ տվյալ ժամանակահատվածը և բնորոշ գծերը: «Անիծյալները» ֆիլմը չի նկարագրում մեկ մարդու ճակատագրի կործանման պատմություն, այլ մի ամբողջ էպոխայի նկարագրություն է տալիս, որտեղ դատվողները և դատողները հանդես են գալիս միևնույն կերպարի մեջ: Այստեղ գործում են այլ օրենքներ. ամեն խոսք պետք է պատճառաբանված լինի: Կեսայանցը իր կերպարներին ստեղծում է միս ու արյունից. իրենք նույնքան իրական են, որքան իրենց շրջապատող աշխարհը: Այս իրականության մեջ պարզվում է, որ այս կերպարները ունեն իրենց պատկերացումները հենց այդ նույն իրականության հանդեպ, իրենց պայքարը ընկալումների և մտածողությունների պայքար է, որտեղ բախումն անխուսափելի է:   

Անիկա Հարությունյան

 

  • Created on .
  • Hits: 4328

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: